Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
 
Խաչվեցիր - Մարդկանց փրկությունը Հիսուս հնարավոր դարձրեց ոչ միայն Իր ուսմունքով ճշմարտության ճանապարհը ցույց տալով, այլ նաև, և մասնավորապես, մի շարք խորհրդավոր գործերով, որոնք, ինչպես արդեն վերևում նշեցինք, կոչում ենք տնօրինություններ։ Իսկ խորհրդավոր ասելով՝ հասկանում ենք տեսանելի և զգալի մի արարք, որի արգասիքը կամ բարոյական արդյունքը թեև իրական, բայց մեզ համար անտեսանելի և հաճախ էլ անըմբռնելի է։ Այս արարքներից առաջինը, ինչպես արդեն վերևում ասվեց, նույնինքը Բան Աստծո մարդանալն է, ապա չարչարանքները, որոնք սկսվում են Գեթսեմանիի տագնապով և ավարտվում են Գողգոթայի խաչելությամբ, որը չարչարանքների ընդհանուր տնօրինության մեջ գերագույն փրկարար արարքն է։

Թաղվեցիր - Քրիստոսի չարչարանքները հանգեցրին Նրա մահվանն ու թաղմանը։ Քրիստոս, երբ մարմին առավ մարդկանց փրկության համար, այդ կերպով նաև  հանձն առավ կրել մարկային մեղքի բոլոր հետևանքները. մեղքի գլխավոր հետևանքը մահն է՝ «մեղքի վարձը մահն է» (Հռոմ. 6:23)։ Հիսուս մահացավ, որպեսզի հարությամբ նախ խորտակի մահվան զորությունը։ Քրիստոսի մահը ճշմարիտ զոհը եղավ մարդկանց մեղքերի քավության և Աստծո հետ հաշտեցման համար։ Երբ մարդն անկեղծորեն կարողանա անդրադառնալ, թե ինչ պայմաններում եղավ Քրիստոսի մահը և թե ինչ շարժառիթներով Հիսուս Ինքն Իրեն ենթարկեց խաչի մահվան, խորապես պիտի տպավորվի դրանից։ Եթե մարդու խղճմտանքը իսպառ չի խավարել, ապա Քրիստոսի մահվանն անդրադառնալը իր մեջ կբերի ապաշխարելու տրամադրություն, եթե վերջինս շեղվել է ճշմարտության ճանապարհից, կամ կծնի ինքն իրեն առավել վերափոխելու ցանկություն՝ հավատարմորեն և հարատև հետևելով ավետարանական պատվերներին։ Քրիստոս չարչարվեց և մահացավ մե´զ համար, որովհետև Նա արժանի չէր այդ պատիժներին՝ լինելով կատարելապես արդար մեկը։ Այդ պատիժներին արժանի էր մեղավոր մարդը, ինչպես հաստատում է Պետրոս Առաքյալը. «Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. նա, որ նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. նա, որի վերքերով բժշկվեցիք դուք»  (Ա Պետր. 2:21-24): Իսկ մեկ այլ տեղ նույն Առաքյալն ասում է. «Մեկ անգամ մեռավ և ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն» (Ա Պետ. 3:18)։

Հիսուսի թաղման հետ կապ ունի մեկ այլ հավատալիք ևս, որին հպանցիկ կանդրադառնանք։ Պետրոս Առաքյալը, շարունակելով վերը նշված խոսքը, ավելացնում է. «Թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած հոգիներին» (Ա Պետ. 3:19): Այլ կերպ ասած՝ Հիսուս մահվանից հետո՝ նախքան հարություն առնելը, իջավ մեռյալների աշխարհը՝ երկրի վրա քարոզած Բարի լուրը նրանց ևս հասցնելու, Հին Ուխտի արդարներին ավետիս տալու, որ ազատված են ադամական անեծքից և ապստամբ հոգիներին պատեհություն տալու համար, որ նրանք էլ հավատան Իրեն և արժանանան Իր բերած փրկությանը։ Սա նշանակում է, որ այս աշխարհի վրա կամ անդրաշխարհում ոչ ոք առիթից պիտի չզրկվի՝ հավատալու կամ չհավատալու Քրիստոսի փրկարար ավետարանին և փրկագործ տնօրինություններին։

Հարություն առար մեռելներից - Քրիստոսի ամենափառահեղ տնօրինությունն է այս։ Քրիստոս գերեզմանում դրվելու «երրորդ օրը» հարություն է առնում. սա իհարկե չի նշանակում, որ նա երեք գիշեր ու ցերեկ մնաց գերեզմանում։ Ուրբաթ երեկոյից հաշվելով, երբ Քրիստոս գերեզմանում դրվեց, մինչև կիրակի առավոտ, երբ գերեզմանը դատարկ գտան, լինում է երեք օր։ Հիսուսի հարությունը Ղազարոսի հարությունից տարբերվում է նրանով, որ Ղազարոսն իր բնական և նյութական մարմնով վերստին կյանքի կոչվեց, հետո երկրորդ անգամ մահացավ և մյուս բոլոր մահացածների հետ սպասում է մեռելների հարությանը՝ վերստին կենդանանալու համար։ Հիսուս հարություն առավ «փառավորյալ» մարմնով և մեկընդմիշտ։ Հիսուսի հարուցյալ մարմինը «փառավորյալ» ենք կոչում, որը նշանակում է ազատ լինել նյութի կաշկանդիչ օրենքներից ու ապականությունից և հասած լինել այն վերջնական կատարելությանը, որը սահմանված է մարդկային մարմնի համար Աստծո հավիտենական ծրագրում։
Հիսուսի կուսական ծնունդի պես հարությունը ևս իր անըմբռնելի և եզակի լինելու հանգամանքով, ոմանց կողմից բացարձակապես մերժվեց, իսկ ոմանք էլ փորձեցին «բնական ու բանական» բացատրություններ տալ, որոնց հավատալը երբեմն ավելի դժվար է, քան հենց Ավետարանում հստակորեն ներկայացված հրաշալի եղելությանը։ Քրիստոս Իր հարությունից հետո բազմիցս երևաց առաքյալներին և մեկ անգամ էլ, ըստ Պողոս Առաքյալի վկայության, «ավելի քան հինգ հարյուր եղբայրների միանգամից». այս եղբայրներից «շատերը» դեռևս ողջ էին Պողոս Առաքյալի այս տողերը գրելու ժամանակ, իսկ «ոմանք» արդեն ննջել էին։
Հարություն առնելը (մահից հետո) մարմնի և հոգու միջև կյանքի հաղորդակցության վերահաստատումն է։ Հարուցյալ կյանքի մեջ տիրողը հոգին է, մինչդեռ աշխարհի վրա իր ապրած ժամանակահատվածում մարմինն էր տիրապետողը, որի օրենքներով կամ հատկություններով մարդն ինքն իրեն կաշկանդված է զգում։ Հարությամբ մարմինը «փառավորվում է», այսինքն՝ օժտվում է մի շարք գերբնական հատկություններով և կարողություններով, որոնց շնորհիվ մեր նախկին նյութական և թանձրացյալ մարմինը մարդկային հոգու ձեռքին  դառնում է համակերպող գործիք։ Հարությունը Քրիստոսի ենթարկված մեծ խորհուրդներից երրորդն է. առաջինը մարդեղությունն էր, իսկ երկրորդը՝ չարչարանքները։ Եթե առաջին երկուսով աստվածային բնույթը, հանձինս Քրիստոսի, «խոնարհեցավ» և «ունայնացավ», ապա հարությամբ մարդկային բնությունը, դարձյալ հանձինս Քրիստոսի, բարձրացավ և փառավորվեց։ Եթե Քրիստոս մահացավ մեր մեղքերի քավության համար, ապա հարություն առավ մեր արդարացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել