1in.am-ը գրում է․
Իրանի իշխանությունները մերժել են փորձագետի մուտքը երկիր, որն ընդգրկված է եղել ԱԷՄԳ պատվիրակության կազմում՝ այդ երկրում միջուկային օբյեկտների տեսչության նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Վիեննայի կենտրոնակայանից ԱԷՄԳ ներկայացուցչին:
«ԱԷՄԳ ներկայացուցչին մերժել են այցագիր տրամադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խոսքը փորձագետի մասին է, որը պատվիրակության կազմում օգոստոսի 31-ին արդեն եղել է Թեհրանում: Սա կազմակերպության աշխատակցին մերժելու արդեն երրորդ նման դեպքն է՝ հիշեցրել է ԱԷՄԳ ներկայացուցիչը:
Իր հերթին, դիվանագիտական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ պարզվել է՝ «պերսոնա նոն գրատան» ԱՄՆ քաղաքացի է: ԱԷՄԳ ներկայացուցիչը պաշտոնական մեկնաբանություն չի տվել ազգության և մուտքի արտոնագրի հարցում մերժման պատճառի մասին՝ նշում է Reuters-ը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կարող են սեփական հայեցողությամբ որոշել՝ ում թողնել իրենց երկիր: