Այս օրերին ադրբեջանական խավիրային դիվանագիտության և դրա արդյունքների մասին բավական շատ խոսվեց ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում: Մի շարք հարթակներից հայտարարություններ հնչեցին այն մասին, որ այս կերպ Եվրոպան ավելի է ազատում Ալիևի ռեժիմի ձեռքերը, որ դա ԵԽԽՎ-ին հարիր չէ և այլն: Բնականաբար, այդ ամենը եվրոպական կառույցներին հարիր չէ, բայց եկեք չմոռանանք մի պարզ հանգամանք: Այդ կառույցները` հենց եվրոչինովնիկներն են, իսկ դրանց շարքերում որպես կանոն սրբեր չկան, սովորական պաշտոնյաներն են, ովքեր պաշտոնյա լինելով հանդերձ ձգտում են այստեղից ու այնտեղից փող կպցնել:
Բայց քանի որ իրենք եվրոպացի պաշտոնյաներ են, «որոնք կաշառակերությամբ և բիզնեսով չեն զբաղվում» հետևաբար այդ մարդիկ գտել են Ալիևի նման մեկին, ում միշտ կարելի է «քամել»` ստանալով փող, հանգստի ուղեգրեր և այլ նվերներ, իսկ ինչքան շատ, այնքան ավելի լավ:Մյուս կողմից էլ, նրանք Ալիևից փող են վերցնում ոչ միայն հակահայկական զեկույցներ գրելու համար, այլ նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները ու բռնաճնշումները «ալիևյան դեմոկրատիա» անվանելու համար: Մեծ հաշվով մենք միշտ էլ գտել ենք նման զեկույցներին հակազդելու տարբեր ձևեր ու երբեք էլ դա մեզ համար ճակատագրական չի եղել, բայց ահա հասարակ ադրբեջանցիների համար եվրոպացի չինովնիկների ծախվածությունը ոչ ավել ոչ պակաս կործանարար է, ու այդ միտումը գնալով ավելի է խորանում: Ստացվում է` խավիարները ու նավթը Ալիևի կողմից ծառայեցվում է առաջին հերթին հենց ադրբեջանցիների դեմ: Իսկ Ալիևի հարցը կլուծվի այն ժամանակ, երբ եվրոչինովնիկների համար «բիզնեսի ու կաշառակերության» այլ տարբերակներ ի հայտ կգան: Ի վերջո` պատմության մեջ օգտագործված ու դեն շպրտված բազում հարուստ բռնապետեր կան: