Cosmo.am-ը գրում է․
Առաջին հանդիպման ընթացքում երիտասարդները, որպես կանոն, փորձում են թվալ ուրախ ու անվրդով: Բայց ամենայն հավանականությամբ նրանք էլ քեզ պես հուզվում ու նյարդայնանում են: Մեր մասնագետները փորձել են բացահայտել այն փոքրիկ մտավախությունները, որ իրականում անհանգստացնում են տղաներին:
Դու չես արդարացնի նրա սպասումները
Բոլորս էլ անցել ենք դրա միջով`դու վստահ ես, որ երեկոն ուղղակի հիասքանչ էր, իսկ նա շատ ուրախ էր թվում: Հետո դու անհամբեր սպասում ես նրա զանգին, իսկ արդյունքում... լռություն: Անսպասելի հիասթափության պատճառը կարող է լինել այն, որ դու, ինչպես պարզվեց, հեռու ես երիտասարդի սպասումներից: Ասենք, օրինակ, խմեցիր չափից դուրս շատ կոկտեյլներ, մինչդեռ նրան ասել էիր, որ չես չարաշահում ալկոհոլը: Հիմա նա մտածում է, որ դու ամենևին էլ իր պատկերացրած մարդը չես: Իսկ սեփական կարծիքների վրա կասկածելը, հավատա, հաճելի չէ և ոչ մի տղայի:
Ի՞նչ անել
«Ժամադրությունը գնումներ կատարելու պես մի բան է,-ասում է միջանձնային հարաբերությունների մասնագետ և «Տղամարդիկ նման են ձկների» գրքի հեղինակ Սթիվ Նակամոտոն, -դու քո մասին գովազդել ես ինչ-որ ձևով և հիմա չպետք է տարբերվես այդ կերպարից: Անգամ եթե առաջին հանդիպման ժամանակ չարաշահում էիր ալկոհոլը զուտ նյարդային լարվածության պատճառով, դա սթրեսը հաղթահարելու լավագույն տարբերակը չէ: Դրա փոխարեն զրուցիր նրա հետ, կիսիր կյանքիդ պատմությունները՝ հնարավորություն տալով տղային հասկանալ, որ դու հենց նույն, առաջին հանդիպման ժամանակ համակրած աղջիկն ես,- ասում է Նակամոտոն,- դա թույլ կտա նրան ճանաչել քեզ ավելի մոտիկից»։
Նա քեզ հետաքրքրող միակ երիտասարդը չէ
Առաջին հանդիպման ժամանակ տղան ամեն կերպ փորձում է հետաքրքրել ու հիացնել աղջկան և, կամա թե ակամա, մրցակից է տեսնում շրջապատի բոլոր երիտասարդների մեջ:
«Նա չի կարող համոզված լինել, թե ինչպես ես դու վերաբերվում ձեր ժամադրությանը` ակնկալո՞ւմ ես շարունակություն, թե՞ պարզապես լավ ժամանակ ես անցկացնում: Ուստի նա սպասելու է նշանների: Օրինակ՝ արդյոք դու նայում ես իրե՞ն, թե՞ հայացքդ թափառում է ողջ երեկոյի ընթացքում: Եթե անգամ դրա պատճառն ամենևին էլ անհետաքրքիր զրուցակիցը չէ, երիտասարդը, միևնույն է, վախենում է վատ տպավորություն թողնելուց»,- ասում է Նակամոտոն:
Ի՞նչ անել
«Եթե դուք աղմկոտ ու մարդաշատ վայրում եք, քո հայացքը, այսպես թե այնպես, չի կարող գամված մնալ նրան ողջ երեկոյի ընթացքում: Դրա փոխարեն վերաբերմունքդ արտահայտիր փոխադարձ զրույցի միջոցով` հարցեր տուր, արտահայտիր հիացմունքդ նրա պատմածի վերաբերյալ: Դա ցույց կտա, որ դու իրոք հետաքրքրված ես երիտասարդով, և նա դրական տպավորություն է թողել քեզ վրա»,- ասում է Սթիվ Նակամոտոն:
Չանցնել թույլատրված սահմանները ժամանակից շուտ
«Ցանկացած ֆիզիկական մտերմություն առաջին հանդիպման ընթացքում սթրեսային է տղայի համար,- ասում է «Սիրահարության թաքնված հոգեբանությունը» գրքի հեղինակ դոկտոր Փոլ Դոբրանսկին:-Երիտասարդը գիտակցում է, որ գոյություն ունի դեպքերի զարգացման բնական ընթացք, և պետք է հետևել այդ խաղի կանոններին: Սկսվում է ներքին պայքար. նա ուզում է, որ դու իմանաս իր զգացմունքների ու ցանկությունների մասին, բայց միևնույն ժամանակ չի ուզում չափից դուրս արագ զարգացնել հարաբերություններն ու հիասթափեցնել քեզ: Նա սպասում է անհրաժեշտ ազդակների»։
Ի՞նչ անել
Ամեն ինչ շատ պարզ է: Հարվածիր ուղիղ նշանակետին:
«Եթե զգում ես, որ ընկերդ վարանում է ավելի մտերիմ շփման անցնել, քո քայլերով ցույց տուր, որ դու դեմ չես,-ասում է Դոբրանսկին, -եթե նստած եք դեմ դիմաց, ոտքովդ շոյիր նրա ոտքը, իսկ եթե նստած եք իրար կողքի, խոսակցության ընթացքում աննկատ դիպչիր նրա արմունկին: Այսպիսով, նա կստանա քեզանից անհրաժեշտ ազդակները հարաբերություններին հետագա ընթացք տալու համար»։
Դու կմերժես երկրորդ ժամադրության առաջարկը
Այո, այո: Մինչ դու ձեր առաջին հանդիպման ժամանակ ընտրում ես նախուտեստը, նա արդեն մտքում պլանավորում է երկրորդ ժամադրությունը: Ինչո՞ւ: Դոբրանսկին ասում է. «Երիտասարդները վերաբերվում են ժամադրությանը որպես յուրօրինակ մի աշխատանքի, որը պետք է հաջողությամբ կատարեն: Առաջին հանդիպման ժամանակ նա պետք է քեզ վրա դրական տպավորություն թողնի: Եթե ամեն ինչ անի ինչպես հարկն է, նա կհասնի իր գլխավոր նպատակին` դու կհամաձայնես հանդիպել երկրորդ անգամ, հետո երրորդ, չորրորդ և այդպես շարունակ: Ուստի, առաջին ժամադրության ընթացքում նա արդեն մտովի գնահատում է հաջորդ հանդիպման հավանականությունը, և եթե զգա, որ դու տրամադրված չես հարաբերություններին ընթացք տալուն, կդիտարկի դա որպես իսկական պարտություն:
Ի՞նչ անել
Եթե դու հրապուրված չես երիտասարդով, նրա ինքնասիրությունը շոյելն արդեն քո խնդիրը չէ: Բայց եթե նա իրոք հետաքրքրում է քեզ, զրույցի ժամանակ ինքդ ակնարկիր, որ դեմ չէիր լինի երկրորդ անգամ հանդիպել:
«Խոսակցություն սկսիր նոր բացված ռեստորանի մասին, ուր պատրաստվում ես այցելել մոտակա օրերը, և նշիր, որ իրեն էլ այնտեղ շատ դուր կգա, կամ առաջարկիր միասին դիտել այնքան գովազդված գեղարվեստական կինոնկարը ,- ասում Է Սթիվ Նակամոտոն»։
Այդպիսով, դու ցույց կտաս, որ դեմ չես հետագա շփմանը, իսկ նրան կմնա արդեն կոնկրետ քայլերի անցնել. «Եթե այդ ամենն անես հանդիպման առաջին կեսում, հաջորդ կեսը կանցնի շատ ավելի մտերմիկ մթնոլորտում,- նշում Է Նակամոտոն,- երիտասարդը կլիցքաթափվի, ու առաջին ժամադրությանը բնորոշ նյարդային փոխադարձ լարվածությունը գրեթե անմիջապես կանցնի»։