ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելեց «Հրազդան» մարզադաշտ’ ծանոթանալու այնտեղ ընթացող աշխատանքներին: Ֆեդերացիայի ղեկավարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Armsport.am-ի թղթակիցը ևս հարցեր է ուղղել Ռուբեն Հայրապետյանին:
- Հակիրճ կներկայացնե՞նք մարզադաշտում կատարված փոփոխությունները:
- Բոլորս էլ տեսնում ենք, որ բավական փոփոխություններ կան` սկսած խաղադաշտից, որն ամենակարևորն է ֆուտբոլ խաղալու համար: Լուսավորությունը, լուսատախտակները, վազքուղիները, հանդերձարանները, հանրային զուգարանները վերանորոգվել են, բերվել են բարձր մակարդակի: Դեռ շատ անելիքներ ունենք, դեռ շատ աշխատանքներ կան: Վերջերս նախագահն այցելել է մարզադաշտ ու հանձանարարեց, որ անպայման ծածկենք մարզադաշտը: Արդեն հայտարարել ենք մրցույթ, որ ծածկենք մարզադաշտը’ պահպանելով իր ճարտարապետական տեսքը: Բերել ենք այն տեսքին, որ պատրաստ ենք Իտալիայի հետ խաղին: Ամեն ինչ համապատասխանում է ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի պահանջներին: Բացառություն են կազմում 1-2 կետեր, որոնք կուղղենք: Խոսքը լրագրողների համար նախատեսված տեղերի ու բուժկետերի մասին է, որն արագ կանենք ու Իտալիայի խաղին պատրաստ կլինի:
- Ինչպե՞ս են իրականացվում աշխատանքները ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ:
- Նրանք ուղարկում են մասնագետների, ովքեր տեսնում ենք, ցույց են տալիս թերությունները, իսկ մենք ուղղում ենք: Ամեն տարի նոր բան է ավելանում: Օրինակ, ներկայումս պետք է բոլոր սեկցիաներն ունենան բուժկետ, իսկ նախկինում նման բան չկար…
- Ի՞նչ չափի ներդրումներ են կատարվում:
- Արդեն 1.8մլն դոլարի ներդրում արել ենք, բայց 4-5 տարվա ընթացքում կհասնի 20մլն-ի:
- Մարզադաշտը ե՞րբ պատրաստ կլինի 100 տոկոսով:
- Այս պահին էլ պատրաստ է 100 տոկոսով: Իսկ կատարյալ մարզադաշտ ունենալու համար պետք է մոտ 5 տարի, ինչն իր մեջ ներառում է ծածկը, մարզադաշտի հարակից հարմարավետ ճանապարհները, հարևանությամբ առկա առևտրի կենտրոնի փոխարեն այլ կառույցի տեղակայումը: Մենք արագ տեմպերով ենք գնում առաջ:
- Հավաքակա՞նն էլ է 100 տոկոսով պատրաստ:
- Այո, չի կարող այլ կերպ լինել: Հավաքականը պետք է անպայման պատրաստ լինի: Չեմ կարծում, որ մեր հավաքականի ղեկավար մարմնում կան մարդիկ, որ կարող են մատների արանքով նայել, ու հավաքականը պատրաստ չլինի: Նախապատրաստությունը սկսվել է 3 ամիս առաջ. եղել են ընկերական խաղեր, վերլուծություններ մեր թերությունների վերաբերյալ: Թիմը ներկայումս էլ մարզումների մեջ է, թարմ ու մարտական տրամադրությամբ է, ինչպես միշտ համերշախ է: Նման տրամադրվածությամբ մենք ունենալու ենք հաջողություններ:
- Լուսատախտակի վրա այսօր 0:0 հաշվին էր պատկերված: Ի՞նչ եք կարծում, Հայաստան-Իտալիա խաղից առաջ ինչ հաշիվ կլինի:
- Այ գուշակություններ անել չեմ կարող: Ցանկալի կլիներ 3:0 կամ 4:0 լինի: Ցանկալի է իմ համար’ որպես ֆեդերացիայի ղեկավարի, ու ցանկացած հայ երկրպագուի համար: Հաստատ գիտեմ, որ Իտալիայի հետ շատ լավ խաղ ենք խաղալու: Նաև մեր երկրպագուների աջակցությամբ: Ես միշտ էլ երկրպագուներին համարել եմ 12-րդ խաղացող, քանի որ դա իրականում այդպես է: Նրանք մեծ օգուտ կարող են տալ: Ցանկալի կլինի, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի: Եթե «Հանրապետականը» 14 հազար է ու 8 հազարի դեպքում լեփ-լեցուն է թվում, ապա այստեղ նույնիսկ 30 հազարի դեպքում դատարկ է թվալու:
-Պարոն Հայրապետյան, նշեցիք, որ ՈՒԵՖԱ-ից պարբերաբար մասնագետներ են ժամանում: Կարելի՞ է ենթադրել, որ «Հրազդանում» ապագայում հնարավոր է անցկացնել Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, ինչի մասին նախկինում արդեն խոսվել է:
- Իտալիայի հետ խաղից առաջ գալու են մասնագետներ, որ ստուգեն, թե որքանով է կատարվել այն ցուցումները, որոնք տրվել են: Իհարկե, իմ նպատակը հենց այն է, որ մարզադաշտը բերենք այնպիսի տեսքի, որ կարողանանք այստեղ անցկացնել Եվրոպայի սուպերգավաթը: Կարծում եմ’ 2016թ. մենք պատրաստ կլինենք դրան:
-2011թ. մարտին կայացած Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ նշեցիք, որ մեծ թվով կազմակերպություններ տոմսերի մեծ հայտեր են ներկայացնում: Իտալիայի հետ խաղից առաջ արդեն կա՞ նման աժիոտաժ:
- Արդեն սկսվում է, բայց ոչ Ռուսաստանի նման: Սփյուռքից կան շատ զանգեր: Հավանաբար շատերը սպասում են առաջիկա 2 խաղերի արդյունքին, բայց մեր երկրպագուները պետք է իմանան, որ մեր հավաքականին պետք է լուրջ վերաբերվել ու չսպասել կոնկրետ խաղի: Հավաքականը մեր ժողովրդինն է:
- Ի՞նչ կասեք մարզադաշտի նոր խոտածածկի վերաբերյալ:
- Այն ամբողջությամբ փոխվել է’ սկսած դրենաժային համակարգից: Ինչ վերաբերվում է խոտին, ապա այն նախապես պատրաստել էինք Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղից բերել ենք այստեղ: Մեզ մի փոքր խանգարեց շոգը, բայց «Հանրապետական» մարզադաշտի մասնագետները պատվով դուրս եկան փորձությունից: Նրանք 1.5 ամիս օր ու գիշեր եղել են այստեղ:
Նման հարթություն նույնիսկ «Հանրապետական» մարզադաշտը չունի: Իրոք շատ բարձր մակարդակի է: