Հոկտեմբերի 3-ին հայկական հեռուստաեթերում իր նորամուտի մասին հայտարարեց Հ3 հեռուստաընկերությունը. ասել է թե` հայկական մեդիադաշտում նոր ծնունդ գրանցվեց: 
Սովորաբար ծննդյան տոներին հոբելյարների հասցեին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հնչում, ինչը տեղի ունեցավ նաև Հ3-ի պարագայում: Հեռուստաընկերությանը բարի ու անխափան եթեր մաղթեցին նաև արտերկրից, օվկիանոսից այն կողմ, մի խոսքով` շնորհավորանքների պակաս չզգացվեց: 
Բայց արի ու տես, «հայի խասյաթի համաձայն», ինչպես և սպասվում էր, գտնվեցին նաև թուլակամներ, ովքեր հավատարիմ մնալով իրենց կոչմանն ու ծառայելու հոգեբանությանը, փորձեցին պիտակավորել Հ3 հեռուստաընկերությանը: 
Ինչու եմ գրում փորձեցին, քանի որ իրականում նրանց քայլն ընդամենը միամիտ ու անհաջող փորձ էր: Միամիտ` քանզի պիտակավորման թիրախ էին ընտրել մինչ հեռուստաընկերության հիմնական հեռարձակումն ընտրված ժամանակավոր տարբերանշանը, այլ ոչ թե, ենթադրենք, հաղորդաշարերի անոնսներից որևէ մեկը: 
Դե դա հասկանալի է. անոնսներն արդեն իսկ հուշում են, որ հեռուստաընկերության կողմից առաջիկայում ներկայացվող հաղորդաշարերը լինելու են մրցունակ, իսկ լսարանի համար` սպասված: Ուստի` դրանց կպնելը պարզապես հիմարություն կլիներ: Բայց դե, քանի որ պարապ չէին նստելու և պատվերն ի կատար պետք է ածվեր, չանչները գցեցին տարբերանծանին: 
Հոգ չէ, զազրախոսներ ու կամակատարներ գտնվել են միշտ և ամենուր, սակայն նրանց գործունությունն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրել:
Ձեզ հասկանում ենք, օրվա հացի խնդիր ունեք լուծելու: Դուք ձեր սև գործն արեցիք երեկ, միգուցե կանեք նաև վաղը, առավելագունը` մյուս օրը, ու … կսպառվեք: 
Իսկ մեր հեռուստաընկերությունն ընդամենը նորածին է, այն օրեցօր կմեծանա, կզարգանա, կքայլի խրոխտ ու հաղթանակած կեցվածքով առաջ կգնա:
Եվ այս ամենն այն պարզ պատճառով, որ մեզ մոտ թիմ է ձևավորվել: Թիմ, որտեղ նվիրյալներ ու արհեստավարժներ են հավաքվել: Թիմ, որտեղ աշխատում են հանուն ընդհանուր գաղափարի և համընդհանուր արժեքների:
Անկախ ամեն ինչից մեր նորաստեղծ թիմն աշխատում է, աշխատում է ոչ ի հեճուկս ձեզ նմանների, այլ հանուն բոլորի: 
Հայկական Երրորդ Հեռուստաընկերություն.
Նոր խոսք, նոր շունչ, նոր մոտեցում …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել