Haytni.com-ը գրում է․

Հայկական արտադրության կինոնկարների սիրահարներն այս աշնանը տխրելու առիթներ չեն ունենա: Աշնան ընթացքում կինոթատրոնների էկրաններին միանգամից երեք կատակերգություն է ցուցադրվելու: Հոկտեմբերի 8-ից հայկական կինոթատրոններում կհայտնվի նոր ֆիլմ, որը կոչվում է «Սուպեր մամա»: Կատակերգությունը ստեղծել է «Ալաբալանիցա» ֆիլմի ստեղծագործական կազմը: Ֆիլմի ռեժիսորներ են Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Հայկ Մարությանը, իսկ ադմինիստրատիվ պրոդյուսերն է Ալեն Սիմոնյանը: Ֆիլմի հերոսներին մարմնավորում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Լևոն Հարությունյանը, Անդոն, Ռաֆոն, Արմինե Պողոսյանը և այլք:

«Ֆիլմի գլխավոր հերոսը տարբեր ուղիներով գումար է աշխատում՝ ոչ ճիշտ ճանապարհով, և գալիս է մի պահ, երբ այդ ճանապարհները սպառվում են, և նա մնում է փողոցում: Ո՛չ տուն է ունենում, ո՛չ մեքենա: Մի օր նա պատահական թերթում կարդում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ մի բարեգործական կազմակերպություն միայնակ ու լքված մայրերին տուն է տալիս և գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Իսկ ֆիլմի վերջում happy end է լինում: Հերոսը սիրահարվում է բարեգործական կազմակերպությունում աշխատող մի աղջկա»,- մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի գլխավոր դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն: Նա ֆիլմում միանգամից երկու դեր է մարմնավորում:

Բացի այդ, նոյեմբերի 27-ից կինոէկրաններին կհայտնվի «Իմ փոքրիկ փեսացուն» ընտանեկան կատակերգությունը, որը չի ունենա տարիքային սահմանափակում: «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի սցենարի հեղինակն է Անուշիկ Պետրոսյանը, պրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորը՝ Սարգիս Սեպուհյանը, ռեժիսորը Տիգրան Ավետիսյանը: Ֆիլմի տեսարանները նկարահանվել են Դիլիջանում և Երևանում: Կինոնկարի տևողությունը1 ժամ 30 րոպե է: Ֆիլմում նկարահանվել են երգչուհի Լիդուշիկը, Արեգ Գալոյանը, Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստր Լիլիթ Թոխատյանը, Արփինե Իսրայելյանը, Բեն Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Լիա Զախարյանը և այլք:

Աշնան վերջին մեծ Էկրաններին կհայտնվի նաև Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն» վերնագիրն ունեցող ֆիլմը: Կինոնկարի հիմքում բժշկի մասին պատմություն է. մի պլաստիկ վիրաբույժ Ամերիկայից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու համար, և ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ: Կինոնկարն էքշըն կատակերգություն է:

Դերերում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը: Բեմադրող ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: Ռեժիսորներն են Եվգենի Չետվերիկովը և Աննա Օզարը: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը և Սարգիս Մնոյանը: Զգեստները ձևավորել է հայտնի դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել