Այսօր, ոչ միայն մեզանում, այլ ողջ աշխարհում քաղաքական գործիչների, առաջնորդների համատարած ճգնաժամ է: Այս ճգնաժամն է՛լ ավելի է խորանալու, քանզի այսօրվա գործիչները մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրների լուծումները փորձում են գտնել, եթե փորձում են, իհարկե, իրենց ծանոթ ՛՛դասագրքերում՛՛, որտեղ, ցավոք, այդ լուծումները գոյություն չունեն: Նրանց թվում է, թեարդի համակարգի մոդեռնիզացման, նրա առանձին պարամետրերի փոփոխման կամ օպտիմալացման միջոցով հնարավոր է դուրս գալ այս գահավիժումից: Իրեն վաղուց սպառած այս աշխարհաքաղաքական մոդելի սահմաններում, քաղաքական գործիչների, իրենց առաջնորդ հռչակածների ցանկացած գործողություն, աներկբայորեն ավելացնում է համակարգի ճապաղվածության աստիճանը, էլ ավելի է խորացնում քաոսն ու թանձրացնում խավարը: Սրանք, հավանաբար, իրենք էլ են զգում առկա խոշորամասշտաբ պրոբլեմների և իրենց գոյության անհամատեղելիությունն ու իրենց գոյության անիմաստությունը:
Գալիս են նոր ժամանակներ… Ժամանակներ, երբ ամեն ինչ կախված է լինելու առանձին անհատներից, յուրաքանչյուրիցս, ով կփորձի բացահայտել մե՛զ, համայն մարդկությանը պատուհասած այս աղետի բուն, խորքային պատճառները և փորձ կանի ազատվել մարդկության վզին փաթաթված, մարդուն առ դժողք ուղղորդող, նրան միայն սպառման մասին մտածել տվող ու աննկատ մի ցանկասեր անասունի վերածող աշխարհաքաղաքական ինքնասպառված այս մոդելից:
Մարդկության հետագա ընթացքն առանձին անհատների միջոցով պիտի նախանշվի… Անհատների, ովքեր ձեռք բերելով ճանաչողության նոր գործիքներ, կընդլայնեն աշխարհաճանաչողության իրենց ունեցած սահմանները, անհատներ, ովքեր նոր մտածողություն կսահմանեն մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտներում, անհատներ, ովքեր մարդկության ապագայի որոնման գործում հասած կլինեն բոլորովին նոր աստիճանների, անհատներ, ովքեր կդադարեն գործել այսօրվա քաղաքական գործիչների կամ իրենց առաջնորդներ հռչակած մարդկանց հրահանգներով ու ցուցումներով, այլ գործողությունների նոր, եղածներից էապես տարբերվող ուղիներ կհարթեն, անհատներ, ում մոտ մարդու եսակենտրոն ու նյութապաշտ, մեկ չափողականություն ունեցող մտածողությանը փոխարինելու եկած կլինի այլ, նյութականից չկառչած բազմաչափ մտածողությունը, մարդիկ, ովքեր դադարած կլինեն փարիսեցիաբար խոսել հոգևոր արժեքների ու ոգեղենության կարևորությունից, այլ դրանց փաստացի կրողները կլինեն, մարդիկ, ում համար պրագմատիկ մտածողության հետ զուգահեռաբար կգործի նաև սրտի ու ոգու մտածողությունը…
Տիեզերքն այնպես է կառուցված, որ նրա զարգացման ամենահանգուցային կետերում տեղի են ունենում ամենաանհավանական իրողությունները…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=595959263862847&set=np.34905705.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել