1in.am-ը գրում է․
Հայ ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին էլեկտրոնային թևնոց են հագցրել՝ վերահսկելու համար նրա կողմից տնային կալանքի պայմանների կատարումը: Այս մասին շաբաթ օրը Ria Novosti-ին հայտնել է Ռուսաստանի Պատիժների իրականացման դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Բելոուսովան:
«Հայրապետյանին էլեկտրոնային թևնոց են հագցրել, որի միջոցով քրեակատարողական տեսչության աշխատակիցները կվերահսկեն տնային կալանքի պայմանների կատարումը: Բացի դրանից՝ տեսչության աշխատակիցները ձերբակալվածին կայցելեն տանը»,- ասել է Բելոուսովան:
Ուրբաթ օրը դատարանը բավարարել է Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և նրան ենթարկել տնային կալանքի:
Հիշեցնենք. Լևոն Հայրապետյանը մեղադրվում է Ռուսաստանի ՔՕ 130 (ուրիշի գույքի յուրացում կամ վատնում) և 174 (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում) հոդվածներով: Ըստ հետաքննության՝ նա կապ է ունեցել 2009թ. ապրիլին «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի անօրինական վաճառքի հետ:



