Ինչո՞ւ են Հայաստանում խնդիրները լինում համակարգային մակարդակի: Ցանկացած համակարգի հաջողությունը դրա բոլոր տարրերի գործունեության միասնության մեջ է: Մեզ մոտ այդպիսի պատկեր դեռևս չկա: Դիցուք, արդարադատության համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ինստիտուցիոնալից մինչև մշակութային, որը հիմնականում <վերևների> (իշխանություն), <ներքևների> (հասարակություն) անհամաձայնեցված կամ միմյանցից կտրված լինելու արդյունք է: Շատ խնդիրներ լուծվել են, շատերն ունեն լուծման անհրաժեշտություն, սակայն, հայտնի ճշմարտություն է՝ այդ լուծումները լինում են արդյունավետ, եթե պահպանվում են վերը նշված համակարգային կանոնները:
Այս երկակի խաչաձևումը խնդիրներ է առաջացնում արդարադատության իրական պատկերացման, ընկալման ու, այնուհետև, կիրառման համար: Ինչու՞. բանն այն է, որ <վերևների> կողմից եկող գաղափարը իշխանության կամքով է, որը հաճախ կարող է վերաճել թելադրման կամ ճնշման, իսկ <ներքևից> եկողը՝ հանրային պահանջմունքի, շահի և այլն, որն էլ կարող է դուրս գալ ռացիանալիզմից և վերաճել քաոսի, անկայունության և այլն: Հետևաբար, այս երկու սոցիալական <դերերի> քայլերը պետք է միմյանց հակակշռելով միացնել, հեգելյան տերմինաբանությամբ՝ <հակասությունների միասնության օրենքով> կարգավորել ոլորտը: Հենց այստեղ էլ առաջանում է խնդիրների ճիշտ դասակարգման անհրաժեշտությունը.
-հորիզոնական. արդարադատությունն իրականում բացի սոցիալ-գիտակցականից ունի նաև ֆունկցիոնալ-կիրառական կողմ: Հենց այս բազմաշերտությունն էլ բարդացնում է դրա սոցիալական արժեքի ընկալումն ու քաղաքականության մշակումը,
-ուղղահայաց. հասարակության և իշխանության (վերևների ու ներքևների) պատկերացումներ, մոտեցումներ, որոնք, դուրս լինելով դրա դեմոկրատական ընկալումներից, առաջացնում են խնդիրներ:
Եթե <վերևինները> պետք է կիրառեն արդարադատության ֆունկցիոնալ կողմը, ապա ներքևինները՝ դրա սոցիալ-մշակութայինը: Այս առումով, <ներքևինները> պետք է մուտք գործեն այդ դաշտ՝ բացառելով սովետական բարքերի գոյությունը, դրսևորելով քաղաքացիական գիտակցություն, որը դուրս է զարտուղի ճանապարհներ որոնելու տրամաբանությունից: Իր հերթին, իշխանությունը հաշվի պետք է առնի հասարակության շահը, որը, եթե նույնիսկ հասարակության կողմից չի էլ բացահայտվել կամ ներկայացվել, ապա պետք է ինքը այն սահմանի պրոֆեսիոնալ ձեևով և գտնի դրա իրացման ճիշտ ճանապարհը:
Այս <համընդգրկուն սոցիալական համագործակցությունը> արդարադատության (որպես նաև հասարակական ենթամշակույթի) իրականացման լավագույն ձևն է:
Վերջին շրջանում նման գործընթացը նկատվում է, երբ քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր ներգրավվում են արդարադատության ոլորտում որոշումների մշակման և կայացման գործընթացում՝ թե հանրային խորհրդի, թե դիտորդական խմբերի տեսքով, որը կարող է լավ մեկնարկ լինել հիշյալ <համընդգրկուն սոցիալական համագործակցության> համար: Որպես ինստիտուցիոնալ խթան կարող է հանդիսանալ նաև <Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը>:
Մյուս կարևոր գործոնը տեղեկատվականն է. ճիշտ լուսաբանումն ու տեղեկատվության մատուցումը՝ առանց թիրախային մոտեցումների, այլ համընդգրկուն եղանակով, բոլոր շահագրգիռների կողմից, կնպաստի նախ՝ արդարադատության ենթամշակույթի ձևավորմանը, ապա՝ այդ մշակույթի գործառնականացմանը: Քանի որ ոլորտը զգայուն է՝ հետևաբար սխալ կամ ոչ ճիշտ կազմակերպված տեղեկատվությունը՝ որպես հասարակության քաղաքական համակարգի մեկ այլ ենթահամակարգ (իսկ ենթահամակարգին, ինչպե և՝ համակարգին, ներհատուկ է կլանման հատկանիշը) կարող է կուլ տալ նոր ձևավորվող ենթամշակույթը: