Newmag.am-ը գրում է․
«Ով քնից շուտ է արթնանում, հայտարարում է, թե հայտնաբերել է հայկական հնագույն տարազը: Ամեն անգամ սարսռում եմ, երբ հեռուստացույցը միացնելիս աչքիս առաջ են հայտնվում հայկական ժողովրդական պարի խմբերը: Այսօր չկա տարազի մի օրինակ, որ ասեմ մի քիչ մոտ է այն հագուստին, որը կրում էին մեր գավառներում: Զարմանում եմ, որտեղի՞ց են մոգոնում ու հորինում նման գույների շարք, այդքան մեծ-մեծ զարդանախշեր: Ձևած թևերը «տրուբայի» հաստությամբ և չորությամբ կախվում են, խեղճ երեխաները ծղրիդի տեսք են ստանում»,-կիսաձայն ու հոնքերն անհանգիստ շարժելով պատմում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Նորաձևության ցուցադրությունների այլևս չի գնում: Հե՞շտ է ամեն անգամ սրտի կաթված ստանալը, երբ հերթը հասնում է տարազների ցուցադրությանն, ու հայտնվում են ռուս մուժիկի երկարաճիտք կոշիկներով, կարպետի գունանախշերով կարճ «յուբկաներով» և վրացուհու ճակատակալներով զարդարված աղջիկներ:
«Հազարամյակների պատմություն ունեցող տարազն այսօր աղավաղում են»,-արդեն հուսահատ մենախոսության է անցել ազգագրագետ Սվետլանան:

Տարիներ առաջ նա ուսումնական հաստատություններից մեկում ապագա դիզայներների համար դասախոսություն էր կարդում հայկական հնագույն հագուստի մասին: Բայց երբ ուսանողների աչքերում անտարբերություն նկատեց, հրաժարվեց դասավանդել: Հիմա միայն ազգագրություն է դասախոսում:
Աղավաղվա՞ծ, թե՞ բնօրինակին մի քիչ մոտ այսօրվա մեր նորաձևության աշխարհը հայկական տարազից ներմուծել է միայն Վասպուրական գավառի կանանց հանդերձանքը: Բրդե-բամբակե այս հագուստում գերակշռում է կարմիրը, թևքերի շուրջբոլորը ասեղնագործ է, կիսաշրջազգեստն էլ այսօր շատ նորաձև է: Այսօր նույնիսկ երեկոյան կիսաշրջազգեստները, որոնք նեղ ձևվածքով իջնում ու աստիճանաբար լայնանում են, դիզայներները Վասպուրականի հագուստի ոճով են գծագրում:
«Ես հաճախ պատվիրատուների համար հագուստի էսքիզն անելիս օգտագործում եմ հայկական տարազի գույներն ու զարդանախշերը»,-ասում է դիզայներ Գայանե Եղիազարյանը:
Մեկ այլ դիզայներ` Աիդա Մելքոնյանը, ավելացնում է, որ տարազի վերաբերյալ գրականություն թերթում է բազկապատ կարելիս: Հաճախ դիզայները նկարում, իսկ դերձակն էլ ասեղնագործում է հայերի համար մեծ նշանակություն ունեցող կենաց ծառի շտրիխներ. հնում հայերի հագուստների վրա բուսական աշխարհի շատ նախշեր են եղել:

Նորաձևությունն այսօր հասցրել է աղավաղել հայկական տարազի գույները նույնպես, ահազանգում են գիտակ ազգագրագետներն ու բանիմաց դիզայներները: Ծիրանագույնը, որդան կարմիրը, կապույտը, սպիտակը, երբեմն նաև դեղինը. սրանք են եղել այն պարտադիր գույները, որոնք տեղ են գտել հնագույն հանդերձանքի վրա, բայց սևը` երբե’ք: Մինչդեռ սևը մեր օրերի տարազներում շատ դեպքերում չարաշահվում է:
Մեր զրուցակից դիզայներների մտքով չէր էլ անցնում ընդամենը 20 տարի առաջ, որ երիտասարդ աղջիկները 21-րդ դարասկզբին կհիշեն վաղուց մոռացված հինը: Այսօր հայկական տարազի շունչը զգացվում է նույնիսկ բջջայինների աքսեսուարներից և դրամապանակներից: Գուցե գա մի ժամանակ, երբ փորձությունների սիրահար երիտասարդների համարձակ քայլով նորաձև դառնան նույնիսկ վերարկուները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



