Կարդում եմ.«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն:

Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները: Նույն ժամանակահատվածում մայթերին կայանած մեքենաների մասով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 19 վարչական արձանագրություն:
Համատեղ շրջայցերը շարունակական բնույթ կկրեն:»
 (հղումը)


big_brother_is_watching_you_by_tea_bladezՅաքու… 
«ավտոմեքենաների ապօրինի վաճառքի կանխում կամ դադարեցու՞մ…» Էդ ո՞րն ա… Մեքենան ծախում՝ հարկուտուրքը չենք մուծու՞մ… համարը չենք փոխու՞մ… պայմանագիր չենք կնքու՞մ… թե՞ երկրի պապեքից մեկը իր թուլեքի համար գովազդային հայտարարությունների, ընդհանրապես՝ հայտարարությունների բիզնես կուզի բացել։

 

Դե եկեք մեր «պադյեզդում» առուվաճառքի հայտարարություն փակցնողներին էլ տուգանեք։ Էն «ԿԳՆԵՄ ՀԻՆ ՊԱՌԱՎՈՅ ՈՒ ՄԵՏԱԼԱԼՈՄ» գրողներին, վարձով բնակարան ման եկողներին… Երեխեքին չմոռանաք, որ պատերին MESSI ու SIRUSHY BOZ A են գրում։ Դրանք մեծանան՝ հայտարարություններ էլ կգրեն։ ՄԵԿ ԱԶԳԻՆ ընդհանրապես քարկոծելով սպանել ա, ուրեմն, հասնում։

Ու ընդհանրապես, այուսհետ Հայաստանի քաղաքացին պարտավոր է որևէ առևտրային գործարքի հետ կապված ցանկացած տեղեկատվություն մեկ այլ Հայաստանի քաղաքացու փոխանցելուց սույն տեղեկատվությունը ձևակերպել ՀՀ տեղեկատվության նախարարության սև բլանկի վրա, համապատասխան վավերացում ստանալ նույն նախարարությունից և ՏԻՄ-ից, կարճ հաղորդագրությամբ «ՇԻՆԵՔ ԻՆՁ»արտահայտությունն ուղարկել 1313 կարճ համարին։ Տեղեկատվության ամեն տառի դիմաց կարճ հաղորդագրության միջոցով կգանձվի 150 դրամ պետական տուրք, ներառյալ ԱԱՀ-ը։ Տուրքից ստացված հասույթի 1 տոկոսը մնում է պետությանը և փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարության ամանօրյա խնջույքների ֆինանսավորման արտաբյուջետային ֆոնդ։

Վաճառքի մասին գրառումներ, ասում եք, հա՞…

Ֆեյսբուքում «Առնեմ ծախեմ» խումբ կա։ Սա՝ ի գիտություն։ AUTO.AM-ը պետական ԴԴՈՍ-ի ա պետք ենթարկել։

Ապօրինի առևտուր, հա՞…

Վազող տողերը պիտի արքելվեն բոլորի հեռուստաալիքներում, բացի Հանրայինից։ Ի դեպ, Բլումբերգով լսող ա եղել, թե Հանրային հեռուիստաալիքին կարող ա կլանել «ԶԵԹ տաքսի ծառայություն»անդրազգային կորպորացիան։ Դարի գործարքն ա սպասվում։

Հայ ազգային բանահյուսությունից, պոեզիայից ու արձակից պետք է մինչև սույն թվականի հոկտեմբերի մեկը հեռացնել առևտրային տեղեկություններ պարունակող երկիմաստ արտահայտությունները (օրինակները՝ ստորև).


  • Նանի, նանի, հաց ենք ուզում… (հացաբուլկեղենի գնման ուղակի ակնարկ է պարունակում)

  • Բալը թանկ ա… (բացահայտվում է սննդի ապրանքատեսակի գինը)

  • Որ տուն որ ես հարս երթամ, ոսկին ծալեծալ կուզեմ… (թանկարժեք քարերի ապօրինի առուվաճառք)

  • Քարի տակին պաղ աղբյուր, Արծաթի թաս, ոսկի ջուր, Ես կըվառիմ քո սիրուն, Մի թաս ուզեմ, երկուս տուր… (պարունակում է ուղակի ակնարկներ գունավոր մետաղի հնարավոր անբարեխիղճ գործարքի վերաբերյալ), և այլն…


ՀՀ քաղաքացիների միջանձնային բոլոր երկխոսությւոնները պետք է պատշաճ արձանագրվեն՝ դրանցում ապօրինի առուվաճառքի վերաբերյալ տեղեկությունները կանխարգելելու նպատակով։ ՀՀ Տեղեկատվության նախարարությանը հանձնարարել մշակել կանոնակարգ՝ բոլոր միջանձնային երկխոսություններին համապատասխան մասնագետ-արձանագրողի ներկայությունն ապահովելու, առանց այդ ներկայացուցչի ներկայության բոլոր խոսակցությունները արգելելու կարգը, պատասխանատվություններն ու տուգանքի չափերը հաստատելու նպատակով…

Գրողի ծոցը կորեք բոլորդ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել