Hayzinvor.am-ը գրում է.

Առհասարակ ցանկացած երկրի դրոշ բարձրացվում, և երկրի հիմնը հնչեցվում է երկու դեպքում` մեկ երկրի ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, և մեկ էլ, երբ տվյալ երկրի մարզիկը այս կամ այն սպորտաձևից դառնում է հաղթող: Հայոց եռագույնը բարձրացնելու և մեր պետության հիմնը հնչեցնելու հերթական պատմական ու բաղձալի պահը օրերս մեզ պարգևեցին հունահռոմեական ոճի մեր երկու տաղանդավոր ըմբիշներ` Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Ես համոզված եմ, որ դյուցազունների հաղթանակներից հետո հազարավոր մարդիկ աշխարհում, եթե չասեմ միլիոնավոր, մոտեցել քարտեզին ու մեր երկրի տեղն են փնտրել: Իսկ երբ գտել են, վստահ եմ, մնացել են զարմացած, թե ինչպես կարող է այդ փոքրիկ երկիրը համաշխարհային մարզական նման խոշոր ստուգատեսում խաղարկվող ոսկե մեդալների ութ հավաքածուից տիրանալ երկուսին և թիմային հաշվարկով աշխարհի հզորների մեջ գրավել պատվավոր առաջին տեղը:

 

Տաշքենդում կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր դեռ ավելի վաղ, և այն, ինչին սպասում էինք բոլորս` ազգովի: Երեք տարի այս հաղթանակը ուղղակի «թռչում էր» մեր ըմբիշների, հատկապես առավել փորձառու Արսեն Ջուլֆալակյանի ձեռքից: Սակայն այս անգամ նույնիսկ աշխարհի ուժեղագույններն անզոր գտնվեցին մեր ըմբիշների հետ մենամարտում: Եթե ռուս ըմբիշ Վլասովին սպորտային բախտը ժպտաց, և նա չհանդիպեց իր վաղեմի ախոյանին` Արսեն Ջուլֆալակյանին, ապա իրանցի ըմբիշ, աշխարհի, օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռզայիի բախտն ուղղակի չբերեց. նա կիսաեզրափակիչում հանդիպեց Արթուր Ալեքսանյանին և պարտվեց:

ԱՊԱՌԱԺԵ ԿԱՄՔՈՎ ԸՄԲԻՇԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է-Սիրելի՛ Արսեն, կեցցե՛ս, քո բազկի զորությամբ վերջապես ապացուցեցիր, որ աշխարհում 75 կգ քաշային կարգում ուժեղագույնն ես և հրաշալի նվեր մատուցեցիր մեր երկրի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ մեր ժողովրդին, քո հազարավոր երկրպագուներին:

-Շնորհակալություն, անչափ զգացված եմ սրտաբուխ խոսքերի համար: Սպասված հաղթանակ էր: Հայաստանը երկու ոսկի նվաճեց: Բացառիկ երևույթ համաշխարհային սպորտի պատմության մեջ: Անչափ երախտապարտ եմ իմ ժողովրդին ջերմեռանդ, բացառիկ աջակցության համար: Շնորհակալ եմ այն երջանիկ պահերի, ակնթարթների, այն սրտաբուխ զգացմունքների համար, որ մեզ պարգևեցին մեր հայրենակիցները, հայրենական սպորտի կազմակերպիչները` ԱՕԿ-ը` ի դեմս նրա նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի, ըմբշամարտի ֆեդերացիան` ի դեմս ֆեդերացիայի նախագահ պարոն Սամվել Կարապետյանի և փոխնախագահ Սամվել Գևորգյանի, մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին և անում են մեր հաղթանակների համար, սպորտի և երիտասարդության նախարարությունը` ի դեմս Գաբրիել Ղազարյանի…

-Քո հաղթանակը պատմական է մի քանի առումով. նախ` առաջին անգամ առաջինը հռչակվեցիր մոլորակի վրա, հաղթանակդ եղավ անկախության շեմին և, ինչպես տեղեկացանք անգլիական Բի ԲԻ Սի հեղինակավոր հեռուստաընկերությանը տված քո ուղղակի հրաշալի հարցազրույցից, աշխարհում առաջին և միակ դեպքն է, երբ մի ընտանիքից երկուսը` հայր ու որդի, դառնում են Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Այս բացահայտումն ի լուր աշխարհի արեց անգլիացի լրագրողը…

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է-Այս վերջինը ինձ, մեր ընտանիքի համար էլ էր անակնկալ: Ինքս արխիվները չեմ ուսումնասիրել և ասվածը հաստատել չեմ կարող, բայց և չեմ էլ կարծում, որ նման հեղինակավոր հեռուստաընկերության աշխատակիցը չճշտված տեղեկություն հրապարակի:

-Երանի~ 2016 թվականի օլիմպիական ոսկին էլ նվաճես և այս ռեկորդը դարեդար դարձնես Ջուլֆալակյան, դարձնես հայկական:

-(Ժպտում է): Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց ամեն ինչ կանեմ, որ դա իրականություն դառնա:

-Ես մշտապես հետևում եմ քո մրցելույթներին և այն տպավորությունն եմ ստացել, որ չեմպիոնական ոսկին ինքն իր ոտքով գալիս է քո դուռը, բայց դու կարծես «նրան չես ընդունում», և այն հայտնվում է այլ հասցեում…

-Էլ բաց չեմ թողնի: (Ծիծաղում է):

-Ասում են` մեր ժողովուրդն այսպիսի համաժողովրդական ցնծություն և ուրախություն է ապրել, այսքան համախմբված ու միասնական է եղել Տիգրան Պետրոսյանի, Արարատ-73-ի, Յուրի Վարդանյանի, շախմատի մեր օլիմպիական չեմպիոնների հաղթանակների, Արցախյան զարթոնքի տարիներին…

-Կարծում էի, որ հիմա այն օրերի համեմատ շատ բան է փոխվել, բայց մեր ժողովուրդը ցույց տվեց, որ միշտ հաղթանակի սպասում ունի, հավատում է իր զավակներին, վստահում նրանց ուժին… Համաժողովրդական ցնծությունը ուրախության հենց դրա վկայությունն էր: Անձամբ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նման երջանկություն պարգևել մեր ժողովրդին: Նույնը` Արթուրը:

-Արվեստը, մշակույթը, սպորտը այն բնագավառներն են, որ մեծ ճանաչում են բերում ցանկացած ազգի, պետության:

-Այլ կարծիք չի կարող լինել. արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչները իրենց երկրների դեսպաններն են…

-Առաջիկա ծրագրերիդ մասին մի երկու խոսք կասե՞ս:

-Մի քանի օրից մեկնելու եմ Գերմանիա` մասնակցելու տեղի ակումբային առաջնությանը: Հետո մասնակցելու եմ Ծաղկաձորում անցկացվելիք հավաքներին, հետո կհանգստանամ: Եկող տարի էլ մասնակցելու եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Նորից ասեմ` չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել. ինչպես ասում են` մարդ որոշում է, Աստված` տնօրինում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել