Panorama.am-ը գրում է․
Ռուս-ուկրաինական երկարատև գազային պատերազմը կարող է շուտով հանգուցալուծվել: Ուկրաինան, Եվրամիությունը և Ռուսաստանը Բեռլինում նախօրեին էներգետիկայի նախարարների մակարդակով եռակողմ բանակցություններից հետո համաձայնության ենեկել ռուսական գազի մատակարարումների վերսկսման շուրջ:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսից Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինա բնական գազի մատակարարումները՝ կուտակած հսկայական պարտքի և վճարումներ չկատարելու պատճառով: «Գազպրոմը» սահմանել է կանխավճարային համակարգ, ըստ որի՝ Ուկրաինան կստանա այնքան գազ, ինչի դիմաց նախօրոք կվճարի: 2014թ.-ի ապրիլի 1-ից Ուկրաինա մատակարարվող գազի սակագինը 268,5 ԱՄՆ դոլարից բարձրացել է 485 դոլար 1000խմ դիմաց: Սակագնի շուրջ հակասությունները հարթելու համար կողմերը միմյանց դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:
ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը, ով մասնակցել է բանակցություններին ԵՄ միջնորդի կարգավիճակով, հայտարարել է, որ Ուկրաինային առաջարկվել է մինչև հոկտեմբերի վերջ մարել ռուսական գազի համար կուտակած ընդհանուր 5,3 միլիարդ դոլար պարտքի մի մասը՝ 2 միլիարդը, իսկ մինչև տարեվերջ ևս 1,1 միլիարդ դոլար պարտքը, ինչի դիմաց «Գազպրոմը» պատրաստ է վերսկսել մատակարարումները:
Եվրահանձնակատարի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է մարել 3,1 միլիարդ դոլար պարտքը, իսկ մնացած 2,2 միլիարդի ճակատագիրը կորոշի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը: Կիևը համարում է, որ 485 դոլարը անարդարացի գին է, և մտադիր չէ այդ գնով հաշվարկված պարտքը մարել: Ուկրաինան կուտակած պարտքերը կմարի Միջազգային արժութային հիմնադրամի կողմից հատկացված 3,1 միլիարդ դոլար վարկի միջոցով, ինչը Կիևը ստացել է ԵՄ-ի ու Համաշխարհային բանկի երաշխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ