Որոշ ժամանակ առաջ մամուլից տեղեկացանք, որ Սյունիքի դեռեւս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վաճառեց իր պատական աշխատավարձով ու հալալ քրտինքով վաստակած ու սեփականաշնորհված հանքերից մեկը 47 միլիոն դոլարով: Հաշված ամիսներ անց նա վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Ոչ պաշտոնական բայց հավաստի տվյալներով այդ դարակազմիկ գործարքը արժեցավ նրան մոտավորոպես հենց նույն գումարը` 47 միլիոն դոլար: Այսինքն, 47 միլիոն դոլարով այսօր կարելի է առնել Սյունիքը: Ասում են, դա որոշակիորեն ուռճեցված գին էր, որի մեջ մտան նաեւ համբավային ռիսկեր ու տհաճ հանգամանքներ, կապված քաղաքացի Ս.Խաչատրյանի հանդեպ անբարենպաստ հասարակական կարծիքի հետ: Սակայն սույն քաղաքացին դրսեւորեց համառություն ու սակարկություն չարեց, վճարելով նշված գումարը:
ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի, գումարած մայրաքաղաք Երեւանը: Որոշ մարզերի "շուկայական գինը" հաստատ 47 միլիոն դոլարից ցածր է: Բայց եթե նկատի առնենք նաեւ համեմատաբար "թանկ" Երեւանն ու հաշվարկենք միջին մի գին, ապա ստացվելու է ընթամենը 470-500 միլիոն դոլար: Ավելացնենք դրան նաեւ ՀՀ-ում մնացած շուրջ մեկուկես միլիոն քաղաքացիների արժեքը, որը ՀՀԿ-ն գնահատում է հինգ հազար դրամ մեկ գլխին, եւ կստանանք էլ ավելի համեստ մի հավելյալ գումար` շուրջ քսան միլիոն դոլար: Այսպիսով, եթե ՀՀ քաղաքական "էլիտայի" բառապաշարով ու լեզվամտածողությամբ առաջնորդվենք, Հայաստանի Հանրապետության ներքին շուկայական գինը "բիրիքով" կազմում է սաղ-սաղ մի կեսմիլիարդ դոլար: Սա ավելի քիչ է, քան որոշ իսպանական, իտալական կամ անգլիական ֆուտբոլային ակումբների տարեկան եկամուտը: Սա տասնյակ անգամ քիչ է, քան որեւե լուրջ կորեական կամ մալայզիական համակարգչային ընկերության ինքնարժեքը: Սա այն գումարն է, որքանով է գնահատում մեր Հայրենիքը, "ազատ ու անկախ", այն զավթած վարչախունտան:
Աճուրդը շարունակվում է, արեք ձեր խաղադրույքները, պարոնայք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/833841709982718
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել