Armnewstv.am-ը գրում է․
Արդեն յոթերորդ անգամ Նյու-Յորքում անցկացվեց «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների գլոբալ համաժողովը՝ հայրենական ու արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ: Բացելով համաժողովը` ՀՀ Նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ այն կծառայի իր նպատակին՝ հիմք հանդիսանալով գործարար նոր կապերի համար
- Վերջին հինգ տարիներին ՏՏ ոլորտում նկատվում է նաեւ որակական աճ. հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից վերաճում են հետազոտություններ եւ մշակումներ իրականացնող, բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կառույցների: Հայկական տեղեկատվական ոլորտի ապրանքները, այդ թվում` սկսնակ կազմակերպություններինը, ձեռք են բերվում արտասահմանյան կազմակերպությունների կողմից, ինչը նպաստում է նաեւ Հայաստանի գրավչության բարձրացմանը, - նշեց Սերժ Սարգսյանը:
«ԱրմԹեք»-ը մի քանի խնդիր ունի. նախ հնարավորություն տալ շփման ու նոր ծանոթությունների համար, ստեղծել պայմաններ բիզնես երկխոսության եւ կառավարության հետ մշակել ոլորտն առաջ տանելու նոր մեխանիզմներ: Հենց ձեռքբերումներով չբավարարվելու մասին էր խոսում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
- Հայկական ընկերություններն այսօր աշխատում են արտահանման վրա, սակայն պետք է սպասարկել նաեւ ներքին շուկան, որը նոր հնարավորություններ է: Արդյունաբերական ճյուղերի թվայնացումը հենց այդ ուղղությամբ է գնում՝ բանկային համակարգ, տուրիստական եւ սպասարկման ընկերություններ. հենց նրանք են նոր տեխնոլոգիաների պատվիրողը, - ասում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանի օրենսդրությունն ու ենթակառուցվածքները նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը: Հենց այդ պատճառով բանկը մասնակցում է մի քանի նախաձեռնությունների, որոնցից է Գյումրիի տեխնոպարկն ու «ԱրմԹեք»-ը:
- ԱՄՆ-ում անցկացվող «ԱրմԹեք 2014»-ը օգտակար է նոր ներդրումների ու նախագծերի համար: Սա այն եզակի հնարավորություններից է, երբ Հայաստանով են հետաքրքրվում մարդիկ, որոնք երբեք չեն լսել այդ երկրի մասին, - նկատում է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ Ֆեյի Բորոֆիսը:
Հայկական փորձը Սիլիկոնային հովտում արդեն ուսանելի է: Համաժողովի կազմակերպիչ Թոնի Մորոյանին հրավիրել են հենց նմանատիպ կոնգրես Իտալիայի կառավարության համար կազմակերպելու նպատակով: Նրա խոսքով, «ԱրմԹեք»-ի գլխավոր նպատակն է սկսնակ ընկերությունների կենսունակության ապահովումը:
«ԱրմԹեք»-ում շատ խոսվեց սկսնակ ընկերություններին ֆինանսապես օժանդակելու մասին: Ընդ որում, խոսքը մի քանի ձեւերի մասին է. ներդրումային հիմնադրամից մինչեւ հատուկ նախագահական դրամաշնորհներ: Համաժողովի թերեւս ամենահավակնոտ գաղափարներից էր Ջրվեժում ինժեներական քաղաքի կառուցումը, որտեղ պետք է տեղակայվեն Հայաստանի բոլոր խոշոր ՏՏ ընկերությունները: Գաղափարն այսօր դարձել է կոնկրետ նախագիծ, որի շինարարական արժեքը 3 մլն դոլար է: Բացի ներդրումներից, հայ մասնագետները պետք է շփվեն սպառողների հետ: Նրանք հիմա աշխատում են փակ ցիկլով՝ արտասահմանից գալիս են պատվերները, մենք պատրաստում եւ ուղարկում ենք:«Սինոփսիս» ընկերության նախագահի խոսքով, ժամանակն է սպառողների հետ հանդիպման:
Այս տարի ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սիներջի» ընկերությունը գրասենյակ է բացում նաեւ Արցախում, որտեղ աշխատելու է ավելի քան 20 բարձրակարգ ՏՏ տեղի մասնագետ:
Համաժողովի ընթացքում ստորագրվեց մի քանի պայմանագիր: Հայաստանի կառավարության հետ կնքված նոր պայմանագրով «Մայքրոսոֆթ» ընկերությունը կզբաղվի նորարարության զարգացման եւ մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքի հարցերով:
- Կայուն զարգացման եւ ՏՏ ոլոտի զարգացումը տեղայինից համաշխարհային դարձնելու համար անհրաժեշտ է հարգել եւ հետեւել մտավորության սեփականության իրավունքը: Ընդ որում, դա չի վերաբերում միայն այս ոլորտին, այլ բիզնեսի ցանկացած ճյուղի: Բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է եւ հիմա պատրաստ ենք ներդրումներ անել եւ Հայաստանի կառավարության հետ իրակացնել այն, - ասում է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Մարկ Դեյին:
Համաժողովին ստորագրված երկու հուշագրերով վենչուրային հիմնադրամի մասնակցության մասին հայտարարեցին «Վայքասթըր» եւ «Սոլորիս» ընկերությունները: Դրանք հիմնականում կրթական ոլորտի են: Կրթական նոր նախաձեռնությամբ է հանդես գալու նաեւ «Թվիթեր»ընկերության նախկին փոխնախագահը: Րաֆֆին արդեն հեռացել է «Թվիթեր»-ից եւ այժմ պատրաստվում է ավելի շատ ժամանակ հատկացնել Հայաստանին:
- Իմ նպատակն է ստեղծել կրթական ծրագրեր, որոնք կպատրաստեն մրցունակ եւ այս պահին ու հենց հիմա պահանջվող մասնագետներ` ժամանակակից գիտելիքով, - ասում է «Թվիթեր» ընկերության նախկին փոխնախագահ Րաֆֆի Կրիկորյանը:
«ԱրմԹեք 2014»-ին մասնակցել են ավելի քան 100 մասնագետ եւ ընկերություն: Որքան արդյունավետ կլինի համաժողովը՝ հարցն այլեւս հրատապ չէ, այն միշտ արդյունավետ է, այլ հարց է, թե որքան արագ կերեւա արդյունքը եւ ինչ ծավալով:
Տեսանյութն՝ այստեղ



