Սիգարետի ծուխը ռնգերից դուրս փչելով՝ միացրեց մեքենայի աջ թարթիչն ու թեքվեց դեպի գլխավոր ճանապարհ: Կիրակի էր՝ արևոտ ու շոգ կիրակի: Քաղաքի փողոցները սովորականից դատարկ էին, կարծես բոլորը մեկ մարդու նման որոշել ու անհետացել էին, կամ էլ փակվել էին տներում՝ օդորակիչների զովության գոտում, կամ փախել էին քաղաքից դուրս՝ մի զով գետակում տապից փրկություն գտնելու: Եվ կարծես թե միայն նա էր, որ հանգստյան օրը, այն էլ այդ տապին ստիպված էր աշխատել: Մեքենայի շարժիչի հռնդյունը միախառնվում էր ռադիոընդունիչից հնչող էմոցիոնալ երաժշտությանը, արգենտինական տանգո էր կարծես, իսկ նա ծխում էր ու մտորում կյանքի, աշխատանքի ու շոգի մասին...
- Խաչմերուկն անցնեք, կպահե՛ք ,- լսվեց մեքենայի խցիկից...
Սիգարետը մատների մեջ դողաց, աչքերի բիբերը լայնացան, շուրթերը գունատվեցին ու սրտի շրջանում սուր ծակոց զգաց...
Սև դիատար ավտոմեքենան (катафалка) դուրս եկավ երթևեկելի գոտուց ու բախվեց էլեկտրասյանը...