215136_193335640729118_1553246_nMagaghat.am-ը գրում է․

Լուսանկարից մեզ նայող խոշորաքիթ սևամորթը աֆրիկացի հայ է` Սկունդեր Բողոսյան անուն -ազգանունով: Անշուշտ, այն մեզ ոչինչ չի ասում, սակայն պիտի ասեմ, որ նա աֆրիկյան ժամանակակից գեղանկարչության հիմնադիրն է, ում ԱՄՆ-ում և ԵՎրոպայում ոչ միայն լավ են ճանաչում, այլև` բարձր գնահատում:
Սկունդեր( Ալեքսանդր) Բողոսյանը ծնվել է 1937 թ Ադիս-Աբեբայում: Նրա հայրը մեծահարուստ հայ էր, իսկ մայրը` մեծատոհմիկ եթովպուհի: Դեռ մանուկ հասակից հետաքրքրվելով աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով` նա իր տպավորություններ է փոխանցել թղթին: Պատանի Սկունդերի աշխատանքները գրավում են տեղի գրադարանում աշխատող լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնացկու ուշադրությունը : Վերջինիս խորհրդով պատանի Բողոսյանը իրեն նվիրում է նկարչությանը , որն էլ շատ շուտով տալիս է իր պտուղները:1954թ նկարիչը Հայլե Սելասե կայսրի պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում երկրորդ մրցանակի է արժանանում, իսկ արդեն 1955թ. կառավարության օժանդակությամբ նա մեկնում է Եվրոպա ուսանելու: Սկունդեր Բողոսյանի առաջին հանգրվանը Անգլիան էր, ուր նա ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն վերջնականապես որոշում է կրթվել արվեստների բնօրրան Ֆրանսիայում: 1957-1966 թթ. Փարիզում նա սովորում է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում: Այստեղ նա հանդիպում է մի գեղեցկուհի աֆրո-ամերիկուհու, որի հետ էլ ամուսնանում է:

Ֆրանսիայում Բողոսյանը հրապուրվում է Պաուլ Կլեի, Ժորժ Բրակի ու Մաքս Էռնստի արվեստով: Դեռևս 60-ականներին նա ցանկանում էր միաձուլել աֆրիկյան սրբապատկերային արվեստը ժամանակակից եվրոպական կերպարվեստի ձեռքբերումներին: 1964թ. «Լամբեր» պատկերասրահում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը, որից հետո նա մեծ ճանաչման է արժանանում: 1966թ. նա կնոջ ու դստեր հետ վերադառնում է Ադիս- Աբեբա, ուր 3 տարի դասավանդում է տեղի արվեստի դպրոցում: 1967թ. Սկունդեր Բողոսյանը Գեղեցիկ արվեստների բնագավառում ակնառու հաջողություններ գրանցելու կապակցությամբ արժանանում է Կայսրի մրցանակին:Այնուհետև, չգիտես, թե ինչու, նկարիչն իր կյանքի 30 տարիները նվիրում է մանկավարժական գործունեությունը: 1969-2000թթ. Բողոսյանը, կերպարվեստ է դասավանդում ԱՄՆ- ում մեծ հեղինակություն վայելող Ատլանտայի և Հարվարդի համալսարաններում: 2000թ. արվեստագետը վերջնականապես վերադառնում է իր ստեղծագործական կյանքին:
Նկարելիս Բողոսյանը շատ էր սիրում ջազ լսել:Ինչպես արվեստաբաններն են նշում, հենց ջազի ներքո Բողոսյանի ֆիգուրատիվ արվեստը վերածվեց վերացականի:, Սակավաթիվ կտավներ են մեզ հասել աբստրակցիոնիստ Սկունդեր Բողոսյանից` արվեստագետը մահացել է 2003 թ. Նյու-Յորքում:
Սկունդեր Բողոսյանը մեծ ներդրում է ունեցել աֆրիկյան կերպարվեստի զարգացման գործում: Նա առաջին աֆրիկացի նկարիչն է, ում աշխատանքերը միջազգային ճանաչում են ձեռք բերել: Նա ևս այն միակ եթովպացին է, ում նկարները մինչ օրս ցուցադրվում են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի Ժամանակակից թանգարաններում:Բացի այդ քիչ է պատահում, որ որևէ նկարչի կենդանության օրոք արվեստագետից գնում են նրա ստեղծագործությունների ողջ հավաքածուն: Այդպես եղավ 1992 թ.-ին, երբ Սմիթսոնի ինստիտուտը Բողոսյանից գնեց նրա բոլոր կտավները:

Վերջապես ո՞վ էր Սկունդեր Բողոսյանը : Զարմանալի է, սակայն Սկունդեր Բողոսյանն երևէ չի առնչվել հայերի և հայ համայնքի հետ: Այս փաստը բացատրվում է նրանով, որ նա վաղ հասակում զրկվել է հորից և մոր հարազատներն են զբաղվել նրա դաստիարակությամբ: Ճիշտ է, Սկունդեր Բողոսյանի արվեստի հիմքում աֆրիկյան ազգային արվեստն է , սակայն նա մեծ հակում է ունեցել կարմիր, դարչնագույն, դեղին գուներանգների նկատմամբ, որոնցով այնքան առատ է հայկական մանրանկարչությունն ու կերպարվեստը: Թերևս այդ գույների նկատմամբ Բողոսյանի սերը գենետիկական հիշողության հետևանք է: Աֆրիկացի հայ` հենց այդպիսին էր Սկունդեր Բողոսյանը:

  Հ.Գ. Սկունդեր Բողոսյանի մասին այսօր շատ են խոսում, նրա մասին շատ նյութեր են գրվում: Ու ես ուզում եմ հպարտությամբ նշել, որ ես Հայաստանում առաջին լրագրողն եմ, ով հայտնաբերել է  այս արվեստագետին և   անդրադարձել նրա գործունեությանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել