Ս/թ. հուլիսի 22-ին Երևանում (Ջրվեժում) կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Արաբյանը:
Նրա կինը` Խանում Արաբյանը, երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին պատմել է, որ ամուսինը` ընտանիքի միակ աշխատողը, մինչ օրս գամված է անկողնուն, նրա բուժումը առնվազն մի քանի տարի դեռ կտևի, իսկ ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել կրակողներին: Միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ դատախազի որդի Գնելի մեքենայի հետևից երթևեկելիս ամուսինը նյարդայնացած բղավել էր. «Արա, քշի»: Դրանից հետո Գնելը կանգնեցրել էր մեքենան, կնոջն իջեցրել միջից, Արաբյանին ասել, որ իր ետևից դեռ կգնա, վերադարձել էր տուն, կանչել եղբորն ու երկու ընկերներին ու գնացել Ռուստամի արհեստանոց: «Ոչ մի բան չի եղել, հասկանու՞մ եք, նույնիսկ հայհոյանքներ չեն եղել: Միայն այդ խոսքերը: Ինչից հետո իրանք հետևում են ամուսնուս, մեքենայից դուրս են գալիս ու միանգամից սկսում են կրակել: Չորս անգամ կրակում են: Մի անգամ օդ են կրակում, մի հատ կրակում են ամուսնուս ձախ ոտքին, վնասում են փափուկ հյուսվածքները, մի քանի վայրկյանից նույն ոտքին էլի են կրակում, էդ անգամ փամփուշտը կպնում է ոտքի ոսկորին, տալիս` ամբողջությամբ ոսկորը փշրում է: Ամուսնուս կողքին գտնվել էր նրա ընկերը` Վաղարշակ Հակոբյանը: Նա փորձել է պաշտպանել ամուսնուս, ինչի համար զենքը պահել են նրա գլխին, քաշել են զենքի ձգանը, բայց օսեչկա է տվել, զենքը հետո մի հատ էլ են գործի դրել, բայց Վաղարշակը ձեռքով փորձել է պաշտպանվել, ու երբ երկրորդ անգամ կրակել են նրա ուղղությամբ, փամփուշտը վնասել է նրա ձեռքի փափուկ հյուսվածքները: Դե, նրանք էլ` տեսնելով, որ ամուսինս ընկած է գետնին, Վաղարշակը ևս վնասվածք է ստացել դիմում են փախուստի»: Կինը պատմել է նաև, որ այս ամենը տեղի է ունեցել իր 26-ամյա որդու աչքի առաջ, որն էլ հանցագործների հեռանալուց հետո շատ արագ հորը և նրա ընկերոջը հասցրել է հիվանդանոց: «Ստացվում է, որ դեպքից ընդամենը մի քանի րոպե հետո ամուսինս արդեն հիվանդանոցում էր, և այնտեղի ոստիկանները գիտեին դեպքի մասին, գիտեին նաև, թե ովքեր են եղել կրակողները, բայց մինչ օրս ոստիկանությունը նրանց, իբր, չի կարողանում հայտնաբերել: Բայց մենք գիտենք, որ էդ մարդիկ քաղաքում են, հասկանու՞մ եք: Էդ մարդիկ տենց բան անելուց հետո հանգիստ շրջում են քաղաքում, ու հաստատ գիտենք, որ իրանք չեն պատժվելու, ու հիմա սպասում են, որ ժամանակ անցնի, ամեն ինչ մոռացվի-գնա: Նրանց բռնելը շատ հեշտ է, ուղղակի նրանց չեն ուզում բռնել: Նրանք դատախազների բարեկամներ են, նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն են: Իսկ դեպքը սկսվել էր ընդամենը «արա» բառից: Մինչև օրս ոչ մի պատասխան մեզ տալու չունեն: Մտնում ենք Մասիվի ոստիկանություն, ասում են` չենք բռնել, էսքան բան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել