Երեկ երեկոյան իմ գրասենյակում ինձ այցելեց աշխարհահռչակ տնտեսագետ Հոսե Պիներան (José Piñera): Նա Չիլիում Պինոչետի օրոք զբաղեցրել է Չիլիի աշխատանքի և սոցիալական ապահովության և հանքարդյունաբերության նախարարների պաշտոնները: Պիներան համարվում է Չիլիի պետական կենսաթոշակային համակարգը մասնավորեցնելու ռեֆորմի ճարտարապետը: Նրա մոդելը կիրառություն է ստացել աշխարհի տասնյակ երկրներում:
Նա արդեն երկրորդ անգամ է Հայաստանում և մեր կառավարությանը կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված խորհրդատվություն է տրամադրում: Երեկ ես երկար զրուցեցի նրա հետ Հայաստանի տնտեսության, կենսաթոշակային համակարգի և դրա բարեփոխումների մասին:
Այսօր մեր առջև կանգնած կարևոր որոշումներից մեկը կենսաթոշակային համակարգի ճիշտ ընտրությունն է, որովհետև դրանից է կախված ավագ սերնդի բարեկեցությունը: Բարեփոխումների ճիշտ իրականացման դեպքում կուտակային ֆոնդերը նաև մեծ դեր կունենան տնտեսության մեջ:
Այս խնդիրը առավել հրատապ է դառնում այսօր Եկամտային հարկի մասին օրենքի՝ 2013-ից ուժի մեջ մտնելու համատեքստում, որտեղ արդեն եկամտահարկը և սոցվճարումները համատեղվում են որպես միասնական եկամտահարկ:
Որքանո՞վ է Հայաստանում կիրառելի Պիներայի մոդելը, որը երիտասարդ սերնդի համար 2014-ից պարտադիր է լինելու և փոխարինելու է ներկայիս՝ սերունդների համերաշխության համակարգին:
Այս հարցում ճիշտ որոշում կայացնելը՝ հաշվի առնլեով ներկայի և ապագայի բոլոր հնարավոր ռիսկերը, հույժ կարևոր է, քանի որ ռեֆորմի արդյունքները տեսանելի են լինելու 20-25 տարի անց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել