Վերջերս նամակագրական ժանրի գեղարվեստական մի շատ հետաքրիր գործ ընթերցեցի` "The Screwtape Letters", հեղինակված 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփներից մեկի` S.C. Lewis-ի կողմից (ռուսերենով այն թարգմանված է Клайив Льюис, "Письма Баламута"): Հետաքրքրականն այն էր, որ այս ստեղծագործության 31 նամակների մեջ, որը ես թարգմանել եմ որպես «Բանսարկվի նամակները», ես գտա ինձ, իմ հասարակությունն ու միջավայրը, իրենց ապրումներով ինձ հետ կիսված շատուշատ մարդկանց, այդ իսկ պատճառով ցանկացա կիսվել նաև ընթերցողիս հետ: Ստեղծագործության սյուժեի հիմքում Բանսարկու անունով (անգլերենում` Screwtape, ռուսերենում` Баламут) տարեց և փորձառու մի չարքի խորհուրդներն ու գործնական առաջարկներն են` ուղղված իր զարմիկին` երիտասարդ ու անփորձ դև Ճիվաղիկին (անգլերեն` Wormood, ռուսերեն` Гнусик): Ողջ խորհրդատվության ուղղվածությունը մեկն է` ենթարկյալ մարդուն տանել դեպի կորուստ և թշվառություն` հեռացնելով նրան Կյանքի Աղբյուր Քրիստոսից, Ում սուրբ անունը բարձրաձայնելուց սարսափելով` դևերը հաճախ օգտագործում են Թշնամի անվանումը: Այժմ առաջարկում եմ ընթերցել հատվածներ այս նամակագրության 4-րդ նամակից ազատ թարգմանությամբ և վերջում անկեղծ լինել, թե որքանով էր նկարագրվածը ցավալիորեն իրական մեր կյանքում:
Նման աղոթքների հանդեպ հակակրանքը օգտագործելով՝ դու կհամոզես նրան ձգտել դեպի աղոթքի մի տեսակ արտառոց, ինքնաբուխ, ոչ կանոնական և ոչ կանոնավոր տարբերակները։ Իրականում սկսնակի պարագայում այս նշանակում է, որ նա ինքն իր ներսում պիտի ինչ-որ տարտամ «բարեպաշտական տրամադրվածություն» ստեղծի, որի գոյության դեպքում, անշուշտ, աղոթքի վրա կենտրոնացված չեն ո՛չ կամքը, ո՛չ բանականությունը։ Բանաստեղծներից մեկը՝ Քոլրիջը, գրում էր, որ ինքը աղոթում է ոչ թե ծնկների խոնարհումով և սովորական դարձած բառերի շարանով, այլ ուղղակի հոգով հանգչելով սիրո մեջ և սուզվելով աղոթքի գիրկը։ Ահա հենց այս էլ պետք է մեզ։ Իսկ քանի որ այսպիսի աղոթքը արտաքնապես հար և նման է առանց խոսքերի այն աղոթքին, որով աղոթում են հոգևոր կյանքում առաջ գնացածները Թշնամու պաշտամունքի ժամանակ, ապա «խելամիտ» ու ծույլ ենթակաները կարող են բավական հեշտ ու երկար ժամանակ մնալ մոլորության մեջ։ Ի վերջո, նրանց կարելի է համոզել, որ մարմնի դիրքը աղոթքի համար ամենևին էական չէ (չէ որ իրականում մարդիկ անընդհատ մոռանում են այն, ինչ դու միշտ պետք է հիշես. նրանք կենդանիներ են, և իրենց իսկ մարմինները ազդում են իրենց հոգու վրա)։ Որքան էլ, որ զավեշտալի է, այս արարածները կարծում են, թե մենք իրենց գլուխները լցնում ենք տարբեր մտքերով, այն դեպքում, երբ մեզ համար լավագույն ճանապարհը նրանց մտքերից շեղելն է։



