Անհիշելի ժամանակներից ես հեռուստացույց չեմ դիտում, իսկ հայկական հեռուստակայանները, դրանից էլ առաջ, բայց որ տնեցիք հեռուստացույցը միացրած են լինում, ես էլ նույն սենյակում գործ անելիս՝ ուզեմ թե չուզեմ, աչքս ընկնում է ինչ-որ լուրի, կամ հաղորդման, սակայն արագ փախնում եմ սենյակից, որ հանկարծ «հեռուստատեսության ազդեցության» տակ չընկնեմ, ինձ ինտերնետն էլ է լրիվ հերիք հոգեխանգարվելու համար ՃՃՃ: Ուրեմն սրանից մի քանի շաբաթ առաջ, մի քանի օր անընդմեջ հեռուստացույցի միացած պահերին մի լուր լսեցի, որը անընդհատ ռուսակոան ՕՌՏ և ՌՏՌ կայաններով հաղորդում էին, որ Մուսլիմ Մագամաևը կդառնար յոթանասուն տարեկան: Մուսլիմ Մագամաևի մասին շատ քիչ բան գիտեի, չնայած նրան մի քանի անգամ լսելով դուրսշատ էր եկել նրա ձայնը, բայց առիթ չէի ունեցել նրա մասին կարդալու: Գիտեի, որ նրա հիմնական երգերի հեղինակը Առնո Բաբաջանյանն է, հետո, որ նա ադրբեջանցի է և երիտասարդ հասակում դատվելով բռնաբարության համար այն ժամանակվա Ադրբեջանի առաջին քարտուղար Ալիևը ամեն ինչ արել է, որ նա ազատվի բանտից և «մաքրելով» կենսագրության մութ կետերը Մոսկվայում դառնա հանրաճանաչ երգիչ: Ժամանակին խոսում էին նաև, որ խորհրդային ԿԳԲ-ն է հատուկ սարքել նրա բռնաբարության հոդվածը, որպեսզի նա վարկաբեկվի, սակայն Ալիևը կարողացել է այդ հարցն էլ լուծել: Ամեն դեպքում նա շատ տաղանդավոր երգիչ էր, ով լիարժեքորեն կարողանում էր ներկայացնել Բաբաջանյանի ստեղծագործությունները: Քանի որ ֆեյսբուկում անելու բան չկար, ես գայթակղվեցի Մագամաևի մասին «ռեկլամով» ու նստեցի նայեմ նրա մասին հաղորդումը, որը ինձ պատկերացում տվեց Ադրբեջանի այսօրվա վիճակի մասին: Նախ միայն այն փաստը որ մի քանի օր իրար վրա ռուսական բոլոր հեղինակավոր հեռուստակայանները հաղորդումներ էին ցույց տալիս Մագամաևի մասին, դա խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը միլիոններ է ծախսում հերոսներ ու տաղանդներ «կերտելու» վրա, ու այս փաստը ապացուցվում է նաև Եվրատեսիլի Ադրբեջանի հաղթանակով: Հաղորդումից տեղեկացա նաև, որ Մոսկվայում կանգնեցվելլ է Մագամաևի արձանը, ու մի փողոց էլ անվանվել է նրա անունով, էլ չասած, որ բաքվում մի ամբողջ այգի ու մի քանի արձան է տեղադրվել: Հետո սկսեցի մտածել, հետաքրքիր է, եթե նրանք իրենց տաղանդավոր երգչին են այսքան մեծարում, ապա Առնո Բաբաջանյանի նման մեծություն ունենալու դեպքում ինչեր կանեին: Հետո սրտնեղեցի, որ մենք ինչ ենք անում մեր տաղանդների ու հանճարների հետ ու մենք ինչպես ենք վարվում նրանց ստեղծածի ու նրանց հիշատակի հետ: Սարսափելի էր համեմատություն անելը, սակայն հարցը փողինը չէ, որից իբր ադրբեջանցիները շատ ունեն, այլ մեծերին գնահատելունը: Թե մենք Մոսկվայում մեծահարուստներ չունենք, թե երկրի ներսում միլիոնատերեր ու միլիարդատերեր չկան, ովքեր կարող են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ երկրում բարձրացնել մեր մեծերի արձաններն ու ներկայացնել նրանց ստեղծագործությունները: Իսկ ամենացավալին նա էր, որ Բաբաջանյանի երգերի տակ գրվում էր Մագամաև ազգանունը ու այլազգին որտեղից իմանա իրական հեղինակի անունը, նա լսում է շատ հաճելի երաժշտություն ու գիտի, որ այդ երգի հեղինակը Մուսլիմ Մագամաևն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել