Գրողն ու քաղաքականությունը: Բարդ թեմա ա: Բայց պետք ա անդրադառնամ, որովհետեւ շատ կարեւոր ա: Էս հարաբերություններում կա երկու շատ տարածված վտանգ: Առաջինը էն ա, երբ որ գրականությունը կամ գրողը ծառայում կամ ծառայեցվում են քաղաքականությանը: Սա կատարվում ա հիմնականում երկու ձեւով: ա. Գրողը գրում ա գրական տեքստեր` քարոզչական նպատակով` որոշակի քաղաքական դիրքորոշում քարոզելու համար: (Սրան մի ժամանակ ասում էին` ծրագրային գրականություն): բ. Անվանի գրողի հեղինակությունն ա ծառայեցվում քաղաքական էս կամ էն ուժին: Վերջին մի քանի տարիներին, մեր աչքերի առաջ, երկուսն էլ տեղի ունեցան. առաջինը` մի քանի հիմնականում երիտասարդ գրողների կողմից` ընդդիմության կողմում, երկրորդը` մի քանի անվանի գրողների կողմից` իշխանության կողմում: Երկրորդ վտանգը գալիս ա հակառակ կողմից` երբ որ գրողը վերեւից կամ հեռվից` «անվտանգ տարածությունից» ա նայում քաղաքականությանը` համարելով որ քաղաքականությանը խառնվելու դեպքում ինքը կկեղտոտվի, իրա ստեղծած գրականությունն էլ կէժանանա: Էս երկրորդ մոտեցումը որպես հիմնավորում հենվում ա առաջինի վրա, այսինքն ելնում ա էն համոզումից, թե քաղաքականության հետ գրականությունը կարող ա առնչվել մենակ էտ ձեւով` ծառայելով կամ ծառայեցվելով, ուրիշ տարբերակ չկա: Դուք հնարավոր ա հարցնեք` իսկ ինչո՞ւ եմ ես էս երկրորդ մոտեցումը գրողի եւ գրականության համար համարում վտանգավոր:
Վերջին հարցին պատասխանելու համար նախ պետք ա պատասխանել էն հարցին, թե ինչ ա քաղաքականությունը: Իրականում կա երկու քաղաքականություն, պայմանականորեն ասած` մեծ եւ փոքր: Մեծ քաղաքականությունը մեր ապրելու տարածքի շինարարությունն ա` պարբերաբար նոր շենք կառուցելը: Երբ որ հիմքն արդեն գցված ա ու շենքը կառուցված, գալիս ա սենյակների ներքին հարդարման ժամանակը, ու էտ արդեն փոքր քաղաքականությունն ա` ամենօրյա քաղաքական կենցաղը` քաղաքականության արհեստը: Փոքր քաղաքականությունը միշտ կա, ամենօրյա ընթացք ա, իսկ մեծ քաղաքականությունը` չէ, մեծ քաղաքականությունը ընդհատումներով ընթացք ա, ամեն սերունդ չի, որ հնարավորություն ա ունենում առնչվելու մեծ քաղաքականությանը: Մեր սերունդն էտ հնարավորությունը ունի: Ընդ որում լիրաժեք առնչվելու համար պետք ա մասնակցել: Ուրիշ հնարավորություն չկա: Ասածս էն չի, թե մեծ քաղաքականությունը դրախտային մաքրություն ունի եւ դրան մասնակցելը մենակ հաճույք ու երանություն կբերի: Չէ իհարկե: Քաղաքականությունը դաժան ու կեղտոտ բան ա, ու դրան առնչվելիս համարյա միշտ, այո, կեղտոտվում ես: Բայց այլընտրանքը ո՞րն ա: Այլընտրանքը քո, որպես գրողի, մահն ա: Եթե մասնակցում ես, այո` ռիսկ կա, շատ մեծ ռիսկ, որ կկեղտոտվես, ռիսկ կա, որ քեզ կօգտագործեն, բայց ռիսկի հետ նաեւ շանս կա, հնարավորություն, որ կկարողանաս բռնել ժամանակի ներվը: Մեծ ժամանակի: Մեծ ժամանակն ու մեծ քաղաքականությունը քույր ու եղբայր են: Ու գրողին հրապուրողը միշտ քույրն ա, ոչ թե եղբայրը: Մեծ ժամանակը, առանց որի չկա մեծ գրականություն: