Հիմա անցնենք Հայաստանին։ Արժեքային համակարգի տեսակետից հայկական միջավայրը, ի տարբերություն կորեականի, լի է անհասկանալի, անտրամաբանական սկզբունքներով։ Կուզեյի խոսել դրանցից մի քանի մասին։ Այսօր կանգկառնեմ հայերի պետականակործան մի հատկության վրա. իշխանությունը պարբերաբար կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու ցիկլի ու պետությման մշտական գերազանցության երևույթի մասին։ Հվ Կորեան, օրինակ, թվում է թե խոշոր ընկերությունների երկիր է. Սամսունգ, Կիա, Հունդայի և այլն։ Սամսունգ ընկերության վաճառքներն, օրինակ, կազմում են 300 մլրդ դոլար (30 հատ Հայաստան), իսկ կապիտալիզացիան 200 մլրդ դոլար։ Ընկերությունում աշխատում է 440 հազ մարդ։ Քչերը, սակայն, գիտեն, որ սա մի ընկերություն է, որը պատկանում է 127897 մարդու և 6230 ընկերության։ Ընդամենը կա 170 մլն բաժնետոմս, իսկ ամենամեծ սփականատերը՝ Կուն Հի Լին տնօրինում է բաժնետոմսերի սոսկ 3.38%-ը։ Իրենց պատմության ընթացքում կորեացիները պարբերաբար մանրացրել են խոշոր սեփականատերերին, թույլ չեն տվել, որ նրանցից գոնե մեկն ի վիճակի լինի մրցակցել պետության հետ, կարողանա քաղաքականություն թելադրել։ Պակ Չոն Խիի բարեփոխումների կենտրոնական առանցքը սա էր։
Հայոց պետականության էվոլյուցիան այս ամենի հակառակն է։ Ապշեցնում է հայերի ցինիկությունը՝ ամեն ինչ անել ի հեճուկս հասարակությունների զարգացման օրինաչափությունների։ Հայերը երբեք չեն հարգել պետության չեզոք դերը։ Դեռևս 3-4 րդ դարերում, երբ հայկական պետականության հիմքը թագավորն ու 1.5 տասնյակ նախարարներն էին, տնտեսական և քաղաքական հիմքեր ձևավորվեցին նախարարական տները մանրատելու և դրանով իսկ կենտրոնական պետության դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ։ Եվրոպայի և Ռուսաստանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ քանի դեռ հերցոգների, կյուրֆուրստների ու բոյարների իշխանությունը չփոխարինվեց ավելի մանր ազնվականների իշխանությամբ (ասպետներ, շեվալյեներ, լորդեր, ազնվականներ), կենտրոնացված պետությունների գործառույթները թույլ էին, երերուն։ Հայերն, ընդհակառակը, 4-րդ դարում ընդունում են քրիստոնեությունը, նախարարների կողքին ստեղծում մեկ այլ, ավելի խոշոր սեփականատեր, եկեղեցուն, իսկ հետո որոշում կայացնում թագավորական ինստիտուտի ավելորդ լինելու և պետականության անպետքության մասին։ Սեպուհների (ազնվականների) ինստիտուտը Հայաստանում այդպես էլ չի կայանում։ Իսկ դա շատ կարևոր է։ Առանց դրա կենտրոնացված պետություն չէր կարող լինել։ Տրամաբանությունն այստեղ պարզ է. մի քանի հոգուն (նախարարներին) պետություն պետք չէ. նրանք իրենք են հավակնում պետություն լինել։ Մինչդեռ մի քանի հազարի համար կենտրոնացված պետության առկայությունը գոյատևման միակ պայմանն է։ Պատահական չէ, որ 9-րդ դարում Բագրատունիների թագավորության ձևավորումը հնարավորդարձավ այն բանից հետո, երբ դրանից մի փոքր ավելի վաղ արաբները խնջույք կազմակերպեցին և կոտորեցին հայկական նախարարական տների մեծ մասը։ Այլապես այդ տները երբեք էլ թույլ չէին տալու թագավորության ու պետության ձևավորումը (իհարկե, ներողություն այդ հրեշավոր ոճրագոծությունը ֆլեգմատիկորեն շարադրելու համար)։ Առաջ անցնելով ասենք, որ այդ շրջանում, շնորհիվ արաբների կողմից մտցրած դրամական հարկի Հայաստանում նախարարական տները ստիպված էին վարձակալության տալ կամ վաճառել վարելահողերը։ Առաջացավ սեփականատեր հողատերերի դաս, զարգացան ապրանքա-դրամական հարաբերությունները։ Արաբներն ակամա խթանեցին պետականության ձևավորումը։ Բայց ահա իշխանության եկած Բագրատունիները, առանց հասկանալու, սկսեցին պետականացնել հողերը։ Աստիճանաբար դրանց զգալի մասն անցավ եկեղեցուն։ Պետրոս Գետադարձ կաթողիկոսն, օրինակ, ավելի քան 1000 գյուղ ուներ։ Է նրա ի՞նչին էր պետք պետությունը։ Հենց նա էլ 1045-ին այդ պետության վերջը տվեց։ Հետագայում արդեն մեծածավալ եկեղեցական հողատիրությունը թույլ չէր տալիս սեփականատերերի դասի առաջացումը և խանգարում էր պետության ձևավորմանը։ Հասկանալի է, թե ինչու էին թուրքական սուլթանները և պարսկական շահերը մեդալը մեդալի հետևից շնորհում հայոց կաթողիկոսներին։ Մենք երբեք այս աչքերով չենք նայել մեր պատմությանը։ Երեխաներին սերմանում ենք մի պատմություն, որտեղ միակ թշնամին արտաքին ագրեսորն է։ Քաջ ենք, խիզախ, շինարար, բայց բախտ չունենք։ Ահա սա է մեր պատմագիտությունը։ 19-րդ դարում, երբ ռուսները փորձում էին իրականացնել կայսրի 1861թ հողային ռեֆորմը Հայաստանում՝ ապշել էին. գյուղացիներին տալու հող չկար. ամենը պատկանում էր եկեղեցուն։ Հիմա էլ. սկսած ՀՀ երկրորդ Նախագահից և շարունակաբար 3-րդ Նախագահը սիրում են հենվել մեկ տասնյակ օլիգարխների վրա։ Այդպես հեշտ է. կարևորը ներդրումներն ու խնայողություններ կենտրոնացնելն է։ Միջին դաս չկա ու չպետք է լինի։ Պետք է մշտապես սիրաշահել այս խոշորներին։ Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա. հենց այդ խոշորներն էլ մի օր կվերացնեն այս պետությունը։ Որովհետև առանց նշանակալի միջին դասի, խոշորների դերը երկրի զարգացման գործում միայն բացասական կարող է լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել