Ադրբեջանցիների հենակետում կար վեց տանկ: Մոնթե Մելքոնյանը` Ավոն, որոշեց գրավել դրանք և մշակեց հետևյալ պլանը: Մեր երեք տանկերը պիտի մոտենային հակառակորդի հենակետին, մեկական արկ արձակեին և նահանջեին: Ադրբեջանցիների տանկերը հետապնդելով մերոնց` պիտի անցնեին նեղ կիրճով: Ահա այդտեղ մեր ականատեսները պիտի խոցեին առաջին և վերջին տանկերը, իսկ մնացածն առանց վնասվելու կանցնեին մեր ձեռքը: Համաձայն պլանի` մեր տանկերը, մոտենալով թշնամուն, կրակ բացեցին, շրջվեցին և ետ շարժվեցին: Թշնամու տանկերը, ինչպես և սպասվում էր, սկսեցին հետապնդել նրանց: Գնդացրորդ Լավրենտը, որ չգիտեր գործողության իմաստը, հակաճառեց.
-Ես չեմ նահանջի, դուք ինչպես ուզում եք, ես թուրքին կռնակս ցույց չեմ տա:
Նա սկսեց խուսավարել, խփեց հակառակորդի մի տանկ և իրենից գոհ վերադարձավ մեր հենակետ:
-Ես մեկին խփեցի, և նրանք նահանջեցին,- ուրախ զեկուցեց նա:
-Ավանակ,- բարկացած գոչեց Ավոն,- դու ինչ արեցիր: Ախր, այդ տանկը սարքին ու անվնաս հիմա մերը պիտի լիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել