1in.am-ը գրում է․
Բաթումում 2 օր չդադարող անձրևի հետևանքով հեղեղվել է գրեթե ամբողջ քաղաքը, և քաղաքն աղետի գոտի է հայտարարվել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Սահմանափակված է ավտոտրանսպորտի և հետիոտնի ընթացքը, ինչի հետևանքով բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով:
Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի հայտարարությամբ՝ արտակարգ շտաբ է ստեղծվել, որն աշխատում է 24-ժամյա ռեժիմով: Շտաբի հետ մոբիլիզացվել է նաև համապատասխան ծառայությունների հատուկ տեխնիկան:
Երմակովի խոսքով՝ առայժմ հայտնի չէ աղետի հասցրած վնասի չափը, այդ ուղղությամբ հատուկ հանձնաժողով է աշխատում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով ջրածածկ են եղել Վրաստանի արևմուտքում գտնվող Բաթումն ու Փոթին:
Բաթումում ջրածածկ են եղել ավտոկայանի տարածքն ու որոշ փողոցներ, ծովում գրանցվել է 5-բալանոց փոթորիկ: Իսկ Փոթիում ջուրը լցվել է մի քանի բնակելի տների առաջին հարկերը:



