Սեպտեմբերի 21-ը ինձ համար ուրախության տոն է արդեն 35 տարի:
Իսկ վերջին տարիներին այդ օրը տոնից վերածվեց հուշի:
...1979 թվականի սեպտեմբերի 21:
Ես վեց տարեկան երեխա էի, դեռ դպրոց չէի հաճախում: Ամեն տարի ամռանը գյուղում էի, Հյուսիսային Արցախի Սառցաշեն գյուղում: Ամռան վերջում վերադառնում էինք Երևան:
Սակայն այդ տարի ես ավելի երկար մնացի գյուղում, ամբողջ սեպտեմբերը և հոկտեմբերի մի մասը: Տատիկիս և պապիկիս մոտ էի:
Աշնանային արևոտ օր էր: Երևի ժամը 2-3 կողմերը:
Աստիճանը խնձորենուն հենած, քաղում էի աշնանային խնձորները, փոխանցում տատիկիս, նա էլ դնում էր դրանք ծղոտե զամբյուղի մեջ:
Պապիկս աշխատանքի էր: Փոխտնօրեն էր Վերին Շեն գյուղի գիպսի հանքում:
85 ամյա Մայի տատս էլ ինչպես միշտ նստած էր հողե ճանապարհի եզրին, մեծ ընկուզենու տակ:
Նա նստում, ձեռքերը հենում էր ձեռնափայտին, և անցնող դարձող բարևում էին նրան`
- Պարի օր, Մայի բիբ: Հունց ես?
- Լյավ եմ քե մատաղ: Էդ հով ես տու?
- Ես Արմենակին աղջիկն եմ, Գոհարը:
- Վայ ցավտ տանեմ, դյարդտ տանեմ, ճննչեցի վեչ: Աչքերս լյավ չի տեսնում:
....
Գյուղը աշխարհին կապողը, միակ կապը` փոքրիկ փոստատան ԱՏՍ-ն էր, ուր չէին զանգում ուղիղ հեռախոսահամարով:
Երևանի բնակարանից պետք է զանգեինք 008` միջազգային պատվեր տալու համար:
Ասում էինք` միացրեք Կասում-Իսմայիլով: Կասում-Իսմայիլովի ադրբեջանցի հեռախոսավարուհուն ասում էինք` միացրեք Բուզլուխի պոչտա:
Իսկ մեր գյուղում բոլորի հետ խոսում, հետո խոսացածը տանում տեղ էր հասցնում տիկին Րիդան` փոստատան միակ աշխատողը: Նա աշխատանքը ավարտելուց 3-4 ժամ հետո էր տուն հասնում: Մինչև ոտքով պտտվում, բոլոր հասցեատերերին պատմում էր իրենց ուղղված զանգերը: Տներում դեռ հեռախոսակապ չկար:
Այդ օրը տիկին Րիդան շուտ էր աշխատանքը թողել: Նա ուրախալի լուր ուներ:
Մեր բակում լսեցի նրա զրնգուն ձայնը:
- Ցողիկ տոտա, Ցողիկ տոտա
Տատիկս ու ես այգուց թողեցինք մեր զամբյուղները և բարձրացանք բակ:
- Ինչա եղել Րիդա?
- Աչքներդ լույս, Արթուր ջան, ախպեր ես ունեցել:
Օրն արևոտ էր: Բայց այդ բառերից հետո աննկարագրելի ուրախություն պատեց բոլորին: Ամեն ինչ ավելի շատ լուսավորվեց և պայծառացավ:
Սա անկասկած, իմ կյանքի ամենաուրախ օրերից էր` 1979 թվականի սեպտեմբերի 21:
Տատիկս ուրախությունից շփոթված տուն բարձրացավ, ինչ-որ քաղցրեղեն բերեց և բաժանեց ներկաներին` կոնֆետներ, բաղարջ, գաթա:
Րիդային ինչ-որ նվեր տվեց աչքալուսանքի համար:
Ես երևի ուրախությունից խելագարվել էի: Գյուղի երկար, փոշոտ ճանապարհով վազում էի դեպի Թևոս պապիկիս տուն, որ նրան էլ լուրը փոխանցեմ: Ճանապարհին ինձ հանդիպող բոլորին ասում էի`
- Ախպեր եմ ունեցել: Ախպեր ունեմ արդեն:
Նրանք բոլորը մի որևէ բան էին ինձ տալիս` մեկը մի բուռ ընկույզ, մյուսները մի քանի ձու:
Հասա պապիկիս տուն, ով մեղվապահ էր:
Այգում նա փետակը բացած, փուքսը ձեռքին, խասը դեմքին` գործ էր անում:
Ուրախ լուրը հեռվից լսելուց, նա արագ փետակը փակեց: Հանեց քրտնած դեմքից խասը ու մոմոտ ձեռքերով ինձ գրկելով` համբուրեց: Նրա շուրջ հարյուրավոր մեղուներ էին պտտվում, որոնցից ես ահավոր վախենում էի:
Ես վազեցի նաև Շուղան տատիկիս մոտ, Նախշուն տատիկիս տուն, Արաքսյա մորաքույրին տեսա, մտա դպրոցի տնօրեն` Ավետիսի մոտ: Սպասեցի երեկոյան Մովսես պապիկիս վերադարձին ու առաջինը նրան էլ ասացի իմ լուրը:
Սառցաշենի դպրոցը |
Ուրախությունս աննկարագրելի էր: Ցանկանում էի բարի լուրը ամբողջ գյուղն իմանար:
Մարդկանց մեծ մասը դաշտերում էին: Խոտհարք էր, բերքահավաք, ամբողջ տեխնիկան արտերում, դաշտերում էր: Եվ նրանց ձայները գյուղամեջում լսվում էին:
....
Սա ինձ համար այսօր հուշ է:
Քաղցր, ուրախ, բայց նաև ցավալի:
Ցավալի է, որովհետև այս 35 տարվա պատմության մասնակիցներից ոչ մեկը մեզ հետ չէ այսօր:
Չկա նաև եղբայրս: Չկա այդ դրախտը` Շահումյան-Գետաշեն աշխարհը:
Այդ լրիվ հայկական հին դրախտը ադրբեջանցուն է հանձնվել:
Իսկ Հայաստանը այսօր տոնում է իր անկախության տոնը: 23 տարին:
Շահումյանը կորցրեցինք, երբ անկախությունը մեկ տարեկան էր:
Բոլորը այսօր բարեմաղթանք են հղում միմյանց, պարծենում, որ Հայաստանը անկախ է:
Բայց ընդամենը 20 օր հետո, հոկտեմբերի 10-ին միմյանց այսօր շնորհավորող մարդիկ ծպտուն իսկ չեն հանելու` անկախության վտանգի օրը:
Չեմ ցանկանում, որ սա էլ հուշ դառնա: