Բառերն, ինչպես և ամեն ինչ այս կյանքում, մաշվելու հատկություն ունեն:
Վատն այն է, որ խոսքի մաշվածությունը չի զգացվում: Դրա մաշված լինելը հասկանում ես միայն այն պահին, երբ գիտակցում ես, որ բառն այնքան շատ է օգտագործվում առօրյայում, որ ո՛չ դու ինքդ, ո՛չ էլ ուրիշները դրա իրական իմաստին այլևս ուշադրություն չեք դարձնում, չեք անդրադառնում:
Ուստի և նպատակս է, որպեսզի ասած յուրաքանչյուր բառ՝ լինելով ձեզ քաջ ծանոթ, փողփողա մեր եռագույնի պես, փողփողա իր հնչողությամբ ու իսկական իմաստով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Այս օրը հայ ժողովրդի ամենագիտակցված և պայծառ տոնն է: Այն ամրագրեց ազգային ինքնագիտակցության հաղթանակը: Այն հաստատեց, որ հայ ժողովուրդն այլևս երբեք չի հանդիսանալու միջազգային քաղաքականության օբյեկտ, որի ճակատագիրը աշխարհի մեծամեծերը տնօրինում են այնպես, ինչպես ցանկանում են:
Հայ ժողովուրդն ի լուր աշխարհի հայտարարեց իր ազատ ու անկախ ապրելու ցանկությունը՝ ստեղծելով ժամանակակից ազգային պետություն: Եվ միայն ու միայն դրա շնորհիվ հնարավոր դարձավ հայոց փառապանծ հաղթանակը Արցախի ազատամարտում:
Այս պետությունը բոլորինս է: Թո՛ղ ոչ մի իշխանություն և իշխանավոր չհամարի, որ կարող է թաքնվել պետության վեհ երևույթի հետևում և այդ ձևով հասնի իր նեղ անձնական նպատակներին:
Սակայն ըննդիմությունն էլ, իրավունք չունի ձեռքերը լվանալու և խուսափելու այս երկրի ներկայի ու ապագայի համար տարվող աշխատանքի պատասխանատվության իր բաժնից: Մենք այն կատարել և կատարելու ենք, որքան էլ մեզ փորձեն դրանում խոչընդոտել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության անկախության օրը այս երկրի հանդեպ բոլորիս պատասխանատվության և սեփականության հավաստագիրն է: Եվ մեր ապրած յուրաքանչյուր վայրկյանով մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք այս երկրի սեփականատերը լինելու:
Թո՛ղ այս Հայաստանի Հանրապետության անկախության օրն ուրախությամբ լցնի բոլորիս օջախները: