Սիրելի կանայք, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է ամառային թեժ օրերին մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից` խոնավացնող, իսկ աշնան ու ձմռան ցրտից ու քամուց` սնուցող քսուքների օգնությամբ:

Բայց նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես կարող եք պաշտպանել տեսակետ հայտնելու ձեր իրավունքը այն հասարակության մեջ, որ կանանց ձայնը կտրելու հազար ու մի հնարքներ ունի: Ծանոթանանք այդ հնարքներից մի քանիսին:

«Կնոջ խոսքը ասնավանի չի» արտահայտությունն այսօր շատերն են հեգնում որպես գողական ըմբռնումների վրա հենված քյառթու պատվիրան, բայց այդ հեգնողների մեջ հաճախ կհանդիպեք կնամեծար ջենտլմենների, ասպետների, որ կանանց փառաբանական կենացներով շատ ավելի են զրկում նրանց ձայնի իրավունքից:

 Այնպես որ, ինչքան էլ ձեր ականջը շոյվի, զգուշացեք, երբ հիացած հայացքով ձեզ ասում են, թե կինը առեղծված է, անլուծելի հանելուկ, անտեսանելի թելերով մայր բնության հետ կապված արտասովոր, բացառիկ արարած, որ կյանք է ստեղծում և այլն, և այլն: Քանի որ սրանով նրանք կնոջը հանում են մշակույթից, քաղաքակրթությունից, սոցիումից ու դնում են ֆլորայի ու ֆաունայի մեջ, ու արդեն միևնույնն է` կովի, հավի, հազարոտնուկի, խխունջի, բադիրջանի, գլուխ սոխի ու քյալամի՞, թե՞ էգ առյուծի, վարդի կամ եղնիկի կողքը:

«Բնության առեղծվածի» դերն ընդունող կնոջ խոսքն արդեն իսկապես ասնավանի չի, շատ-շատ` նա կարող է ասել` «սիրտս վկայում է…, զգում եմ…, երազում տեսա…», որ, ասենք, «երկրաշարժ է լինելու»: Բայց եթե ասի, օրինակ` «զգում եմ, որ էսօր անձրև է գալու», նրա խոսքն էլի ասնավանի չի լինելու այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն երկրաշարժը կանխատեսել չկարողացող սեյսմիկ կայանների, կնոջ` անձրևի կանխազգացումը չի կարող մրցել օդերևութաբանության հետ: Բայց քանի որ դեռ ոչ մի կին էլ չի կարողացել երկրաշարժ կանխատեսել, շատ ավելի սպասելի է, որ եթե առավոտյան արթնանալով գնաք ջրի ծորակը բացեք ու պատմեք երկրաշարժի մասին ձեր երազը, ձեր տան տղամարդիկ ջղայնանան` էլի բայղուշությունդ բռնե՞ց:

Ուրեմն, ավելի լավ է ձեզ բնության հրաշք ու առեղծված համարող, ձեր բնազդները կարևորող տղամարդուն ասեք` սիրտս վկայում է, որ էսօր էրեկցիա չես ունենալու: Նման «կանխատեսումն» իրականանալու շատ ավելի մեծ շանսեր ունի, քան երկրաշարժի գուժկանությունը, քանի որ ա՛յս «կանխատեսումն» ինքնին գրավական է, որ հենց այդպես էլ լինի, բայց որպեսզի ընկճված տղամարդը հանկարծ ու խրոխտանալու` բնությունից տրված առեղծվաային ռեսուրներ չհայտնաբերի իր մեջ, ձեռնարկեք նաև մի քանի կողմնակի միջոցներ: Վառեք գազի փուռն ու կողքը կանգնեք այնքան, մինչև մի լավ քրտնեք, հետո քրտնած մարմնին մի լավ քացախ քսեք, մի քանի րոպե անց մի ողջ սրվակ էժանագին օծանելիք դատարկեք ձեր վրա: Ապա հագեք ձեր ամենալմփոշ ու կերակրաբծերով պատված խալաթը, մազերը փաթաթեք բիգուդիներով, դեմքը ծեփեք վերոհիշյալ սնուցող ու խոնավացնող քսուքներով ու նստեք հեռուստացույցի դիմաց: Գովերգեք էկրանին հայտնվող տղամարդ աստղերի մկանուտ մարմինը, առատ մազերը, ճերմակ ատամնաշարը, ապա տխուր ու հուսահատ հայացքով նայեք ձեզ բնության առեղծված համարող տղամարդուն ու հառաչեք: Այսքանից հետո եթե ձեր «կանխատեսումը» չիրականացավ, ուրեմն, ձեր կողքի տղամարդն իսկապես բնության հրաշք է, բայց քանի որ հրաշքներ չեն լինում, ուրեմն ձեր բայղուշությունը կիրականանա:

Արդյունքում, ճիշտ է, դուք կզրկվեք այդ օրվա սեքսից, բայց նման մի քանի կանխատեսումներից հետո ձեր տղամարդն այլևս կդադարի ձեզ բադերի ու բադիրջանների աշխարհում տեղավորել և ուշադրությամբ կլսի ձեր կանխատեսումներն ու դատողությունները գալիք նախագահական ընտրությունների մասին:

Մնացած խորհուրդները` հաջորդիվ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել