ԿԱԻ փոխտնօրեն. Նախամասնագիտական կրթություն տալու գործընթացը պետք է դրվի նպատակային հիմքերի վրաPanorama.am-ը գրում է․

«Արժանի լինենք անկախությանը և ունենանք այն կրթությունը, որ ապահովելու է ՀՀ ազատ ու անկախ քաղաքացուն»: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեց ՀՀ անկախության գալիք օրվա կապակցությամբ, ապա խոսեց 12-ամյա կրթությանն անցնելու ԿԳՆ որոշման մասին:

Նա նկատեց, որ 12-ամյա կրթության առաջին նպատակներից մեկը մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ կրթություն տալն է:

«Յուրաքանչյուր երիտասարդ պետք է սկսի տարրական դպրոցից մտածել իր ապագայի մասին, հասարակությունն ու ծնողներն էլ հասկանան և քիչ խառնվեն երեխայի մասնագիտության ընտրությանը: Ծնողները շարունակում են իրենց երեխաներին իրավաբան, բժիշկ մասնագիտություններով ուղարկել, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ իներցիան պետք է կոտրել»,- ասաց նա:

Անահիտ Բախշյանը նշեց, որ երեխան փոքր տարիքից պետք է իմանա ինչը կարող է լավ անել, ինքն իրեն ճանաչի, և դա պետք է բացահայտի դպրոցը, կրթությունը:

«Նախամասնագիտական կրթություն տալու գործընթացը պետք է դրվի ավելի նպատակային հիմքերի վրա, այդ դեպքում կուղղորդենք մեր պատանիներին ուսումնասիրել աշխատաշուկան և ստանալ այն մասնագիտությունը, որի պահանջը կա»,- մանրամասնեց ԿԱԻ փոխտնօրենը:

Նա հույս հայտնեց, որ 12-ամյա պարտադիր կրթությունն ինչ-որ հարցեր կլուծի, միևնույն ժամանակ նկատելով, որ ցանկացած համակարգ, որ դրվում է, մեզանում ինչ-որ տեղ փչանում է:

«Կա ավագ դպրոցի մասին Կառավարության ընդունած ռազմավարությունը, բայց չեմ տեսել գոնե մեկ դպրոց, որ իրականացրած լինի դա: Որպեսզի համակարգն իր նպատակին ծառային, մենք պիտի հետևենք այն բոլոր կարգերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից: Հիմա քթացակով ով ինչպես ուզում է անում, քանի որ ԿԳՆ-ն չի տալիս այդ մեխանիզմը, թե ինչպես պետք է դա իրականացվի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել