Այսօր երջանկահիշատակ Վազգեն 1-ին վեհափառի ծննդյան օրն է
Մեզանից շատ-շատերը եկեղեցի են գնում բուն նպատակից բոլորովին հեռու տրամադրություններով և մղումներով: 5 այդպիսի պարագաներ, ըստ ՎԱԶԳԵՆ Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի`
ա) Ոմանք եկեղեցի են գալիս իբրև ժամանցի տեղ, այնպես, ինչպես զբոսանքի կամ թատերական ներկայացման պիտի գնային:
բ) Ոմանք էլ եկեղեցի են գալիս մարդ տեսնելու, խոսակցելու կամ իրենց հագուստներն ու զարդերը ցուցադրելու:
Այսպիսի մարդկանց, բնականաբար, պետք է դատապարտել, ապա սովորեցնել և բացատրել եկեղեցի գալու բուն նպատակը:
գ) Կա մարդկանց մի ուրիշ դաս, որ եկեղեցի է գալիս ըստ ավանդական սովորության, մի տեսակ որպես ազգային պարտականությաուն, որպես հայկականության ապացույց իրենց խղճի և ուրիշների առջև:
Բնական է, որ դատապարտելի չէ այս պատճառը, և լավ է, որ մարդ սովորության վերածի որևէ լավ գործունեություն, սակայն պայմանով, որ այդ սովորությունը լոկ ձև չդառնա, այլ իր խորքի իմաստն ու նշանակությունը պահի, որ մեր մի շարք հավատացյալների պարագան չէ:Եկեղեցին իր խորքով զուտ հոգևոր, տիեզերական մի երևույթ է, իսկ իր ձևով` ազգային: Ուրեմն, ակներև է, թե եկեղեցի գալու հոգեկան անհրաժեշտության զգացումը չպետք է շփոթել ազգային գիտակցության հետ:
դ)Շատերը եկեղեցի են գալիս հրապուրված Ս. Գրքի ընթերցումների և զանազան աղոթքների բանաստեղծականությամբ, մեր մեր եկեղեցու զմայլելի երաժշտությամբ կամ եկեղեցու քանդակների և նկարների ձևերից, գույներից ու պատկերներից:
Իրապես գեղարվեստական հաճույք են պատճառում այս բոլորը և ամեն մի քաղաքակիրտ մարդու հոգում խոսում են խորապես և նրան բարձրացնում են դեպի գեղեցիկի աշխարհը, սակայն սխալ պիտի լիներ այդ գեղարվեստական հաճույքը շփոթել կրոնական նպատակի հետ: Աղոթքների ու երաժշտության բանաստեղծությունը լոկ միջոցներ են բուն հոգևոր ապրումին բարձրանալու համար:
ե)Վերջապես` կան մարդիկ, ովքեր եկեղեցի են գալիս աղոթելու համար ի ցույց մարդկանց կամ իրենք իրենց խաբելու, այգ մի քանի աղոթքներով իրենց մեղքերը մաքրված կարծելով:Ու գոհ, հաղթական տրամադրությամբ մեկնում են տուն:
Ահա Աստուծո բարությունը շահագործող մարդու մի տիպար, որ խաբում է ոչ միայն իր նմաններին, այլ նաև իր սեփական խիղճը:Այդպիսին է Գրիգոր Զոհրապի «Մեղա, Տեր» նովելի մեջ նկարագրված հերոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել