Ինչքա՜ն գեղեցիկ ես դու ,Ընկերությու՛ն, երբ ոտաբոբիկ ես, բայց այնքա՜ն վստահ,որ անվախ քայլում ես անգամ այն տարածքով, ուր գիտակցությունն անջատած վազել է դավաճանությունը, ուր իրեն արդարացրած խաղացել է անարդարությունը, ուր քամու նման սուլել ու սահել են կեղծիքն ու սուտը:
Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Ընկերությու՛ն, երբ թափանցիկ ես,բայց միևնույն ժամանակ պատված հավատարմությամբ ու վստահությամբ, երբ ամուր ես ու հստակ այնքա՜ն, որ քայլերիցդ անգամ սերն է զգաստանում ու հիանալով կեցվածքովդ` հետևում է քեզ:
Ինչքա՜ն հրաշալի ես դու, Ընկերությու՛ն, երբ աչքերդ վառվում են նվիրվածության լույսով, երբ սիրտդ բաբախում է բարության մղումով, երբ ձեռքերդ շարժվում են օգնությանը հատուկ ժեստերով:
Ինչքա՜ն շքեղ ես դու, Ընկերություն, երբ կրում ես հարգանքով շաղախված թագը, երբ խոսում ես սիրալիրության ընծայած նուրբ ձայնով, երբ ժպտում ես բացասականից թորված պարզ ժպիտով:
Ինչքա՜ն ցանկալի ես դու, ընկերությու՛ն, երբ մեջքով ես կանգնած շահամոլությանը ու ամեն ինչդ արվում է փոխադարձության սկզբունքով: Երբ այնքա՜ն ուժեղ ես,որ կարող ես փակել մենակության բերանն ու ներկայությունովդ ապացուցես նրա անտեղի գոյությունը:
Ինչքա՜ն հաճելի ես դու, ընկերությու՛ն, երբ հպարտանում են գոյությամբդ, երբ գնահատում են քեզ, երբ այնքա՜ն հոգեհարազատ ու անհրաժեշտ ես ,որ քեզ կորցնելը հավասար է ինքնասպանության:
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒ՛Ն, ԵՐԲ ԴՈՒ ԱՅՍՊԻՍԻՆ ԵՍ;
ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՔԵԶԱՆՈՎ ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ ՈՒՄ ԻՆՁ ԸՆԿԵՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ: ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՈՒՆԵՄ ՁԵԶ ԻՄ ԱՆՉԱՓ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԿԱՔ ՈՒ ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՔ։
Հեղինակ` Ani Avetisyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: