Յուպկետչերը կլորիկ փորով, սև գույնի, աննշան դեղնավուն բծիկներով, փոքրիկ, անդուր մի միջատ է: Նա ունի երկար ու պինդ բեղիկներ և զուրկ է թաթիկներից ու թևիկներից: Վերջիններս ատրոֆիայի են ենթարկվել, քանզի որպես սնունդ օգտագործելով բացառապես սեփական արտաթորությունները, այս միջատն ազատված է կեր հայթհայթելու ծանրագույն հոգսից, հետևաբար և տեղաշարժվելու գլխացավանքից: Արևածագից մինչև մայրամուտ յուպկետչերը իր հզոր բեղիկների օգնությամբ անընդհատ շրջվում է, սնվում է իր երեկվա արտաթորանքներով, միաժամանակ պատրաստելով իր հաջորդ օրվա ՛՛կերաբաժինը՛՛:
Կոբո Աբե ՛՛Մուտք առ տապան՛՛
Ենթադրվում է, որ յուպկետչերների նախնիները մեղուներ են եղել: Նրանք սնվել են բացառապես բուրավետ նեկտարով, կազմել են ամուր ընտանիքներ, որտեղ յուրաքանչյուրն ապրել է ավելի համայնքի, քան իր համար… Նրանք վայելել են կյանքը… Արևածագից մինչև մայրամուտ, փառավորվելով արևի ջերմությամբ, նրանք թռել են դաշտերի ու ձորակների վրայով, զմայլվել բնության բազմազանությամբ, ըմբոշխնել են գունազարդ ծաղիկների բույրն ու նրանց նեկտարի համը, ջուր են խմել լեռնային սառնորակ աղբյուրներից, աշխատել են, ապրել և ՛՛փառք են տվել Աստծուն՛՛ իրենց ընձեռած այսպիսի հնարավորության համար, և նույն կերպ էլ ՛՛դաստիարակել՛՛ են իրենց սերունդներին… Հեռավոր ակնարկը, որ յուպկետչերները միշտ չէ, որ սնվել են իրենց կղանքով՝ նրանց արևով կողմնորոշվելու ունակությունը, մարմնի վրայի դեղնավուն բծիկները, կորսված թևիկների ու թաթիկներնի տեղում առկա կոշտուկներն են: Ի՞նչն է պատճառը, որ էվոլյուցիան այսպիսի դաժան խաղ է խաղացել նրանց գլխին, ոչ ոք չի կարողանում բացատրել…
Ովքե՞ր են եղել մե՛ր նախահայրերը… Նրանք մեր հարևան ժողովրդների կողմից ընկալվել են որպես հնագույն աշխարհների արիստոկրատներ, իսկ նրանց երկիրը որակել են որպես սրբազան օրենքների և բարեպաշտ արքաների երկիր… Հեռու և մոտիկ ժողովուրդներն իրենց նորածինների գանգերը արհեստականորեն դեֆորմացրել են, նմանեցնելու համար մեր նախնիներին հատուկ գանգատիպին, քանզի կարծել են, թե միայն այդպիսի՝ օտարների կողմից արմենոիդ անվանված գանգատեսակների կրողներն են, որ կարող են բարեպաշտ արքաների, բարձրաբարձր քրմերի և անգամ երկնքում բազմած իրենց Աստվածների դերեր ստանձնել, արմենոիդներ, ովքեր իրոք, աշխարհին Բան են տվել, մարդկության համար հոգևոր կատարելության հասնելու ուղենիշներ են հաստատել, ովքեր, երբ մնացած ազգերը ծառերի վրա էին, իրենք… Այս ցանկը կարող է շարունակել մեզանից յուրաքանչյուրը:
Ահա այս ամենը գնահատելուց հետո, եթե մի քննախույզ հայացք նետենք մեր այսօրվա ապրած կյանքին, մեր դավանած արժեքներին, մեր մշակույթ կոչվածին, մեր հագուկապին, մեր երազանքներին, ապա կտեսնենք, որ ոչ մի կապ չունենք մեր նախնյաց հետ, քանզի, մեր մարմնավոր կարիքների բավարարումից, մեր հողեղեն բարգավաճումից զատ այսօր մեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում և մեզ շրջապատող բոլոր աղտեղություններն էլ դադարել են մեզ համար խորթ լինելուց ու շատերիս էության անբաժան մասն են կազմում արդեն: Մի փոքր խիստ դատելով կհամոզվենք, որ մենք, որպես ՀԱՅ, անգամ որպես մարդ մոռացել ենք մեր կոչվածությունը, կորցրել ենք իրականությունն օբյեկտիվորեն գնահատելու ունակությունը, ինքնուրույն մտածելու կարողությունը, ժամանակի և տարածության զգացողությունը և այսօր ապրում ենք միայն մեր տարփանքների և մարմնավոր ցանկությունների բավարարմանն ուղղված բնազդներով…
Հասկանալով այս ամենը, մենք հեշտությամբ կգտնենք նաև յուպկետչերների էվոլյուցիոն հետաճի պատճառները….
Բավականին երկար ժամանակ է, ինչ մենք, ազգովի, մեր մարմնավոր պահանջների, մեր անհագ ցանկությունների բավարարման համար նախատեսված ՛՛սննդից՛՛, մշակույթ անունով հանդես եկող կղկղանքից զատ, այլ սնունդ չենք օգտագործում, ինչի հետևանքով, յուրաքանչյուրիս համար աննկատ վերածվել ենք ՛՛հոգևոր՛՛ յոպկետչերների:
Այսպես շարունակելով մեր ընթացքը, կարճ ժամանակ անց մենք կվերափոխվենք մարմնավոր յուպկետչերների… Այս պարագայում, մեր բոլոր նյութական կուտակումները, դղյակները, թանկարժեք զարդերն ու հագուստները, կամ որ նույնն է, դրանց մասին մեր այսօրեական բոլոր երազանքները կդառնան առ ոչինչ, քանզի մարդ-յուպկետչերին հարկավոր է լինելու միայն արևը, այն էլ զուտ իր նախորդ օրվա արտաթորանքները ֆերմենտացիոն եղանակով պարարտացնելու և հաջորդ օրվա համար սննդարար զանգվածի վերածելու նպատակով…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=586419794816794&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել