Գրքերի ֆլեշմոբին ֆեյսբուքում չմասնակցեցի, բայց ընկերներիս, եւ առաջին հերթին՝ ինձ մասնակցելու հրավեր ուղարկած ընկերներիս, խոստացա որ բլոգումս կանդրադառնամ դրան։ Հիմա նստել եմ, որ գրեմ իմ կյանքում որոշիչ դեր խաղացած գրքերի մասին։

Առաջին գիրքը, որ հիշատակելու եմ, հենց կարդացածս առաջին գիրքն ա՝ «Սասնա Դավիթ»։ Նաիրի Զարյանի մշակումը։ Որ հենց դա էր կարդացածս առաջին գիրքը՝ սրանում իհարկե պատահականությունը դեր խաղացած կլինի, բայց հիմա հետադարձով եթե ինձ հարցնեին՝ ո՞րը կուզեիր լիներ քո կարդացած առաջին գիրքը, ես անվարան կասեի՝ Սասունցի Դավիթ։ Էն, որ իմ մեջ էդքան ամուր ա հավատը սեփական ժողովրդի զորության նկատմամբ, հաստատ որոշակի կապ ունի էս գրքի հետ, որի հեղինակը հայերեն լեզվի անանուն ու անհամար կրողներն են՝ տարբեր դարերում ապրած։ Ես հետո մեծացա ու լիքը ուրիշ էպոսներ կարդացի, բայց ոչ մեկը մերի հզորությունը չուներ (եթե չափազանցում եմ, թող մեկը ինձ կոնկրետ անուն տալով առարկի), ոչ մեկում չտեսա ազնվության էն շաղախը, որ կա մեր էպոսում։

Նկարը՝ Մ.Սոսոյանի

Երկրորդ գիրքը հիշատակելիս նույնպես ոչ մի վայրկյան չեմ կասկածի. Бахтин. Творчество Франсуа Рабле и народная культура Средневековья и Ренессанса (Բախտին։ Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը եւ միջնադարի ու Ռենեսանսի ժողովրդական մշակույթը)։ Էս գիրքը, որ կարդացել եմ ուսանողական տարիներիս, Հանրային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում, շրջադարձային դեր կատարեց իմ կյանքում եւ իմունիտետ մշակեց իմ մեջ՝ պաթետիկ-վերերկրային մշուշի նկատմամբ, որը շատ շատերի կողմից համարվում ա բանաստեղծականի հոմանիշ։ Բախտինի գիրքը ժողովրդական «ցածր» մշակույթի վերլուծությունն ա՝ Ռաբլեի «Գարգանտյուա եւ Պանտագրյուելի» օրինակով։ Բախտինը վերլուծում ա ցածր՝ փողոցային մշակույթը։ (Ինքը ասում ա՝ պլաշչադնոյ, բայց էդ բառի հայերեն համարժեքը հենց «փողոցայինն» ա, բառացին՝ «հրապարակայինը», հայերենում լրիվ ուրիշ իմաստ ունի)։ Բախտինը վերլուծում ա կառնավալային մշակույթը։ Ծիծաղի մշակույթը։ (Էդ գրականագիտական եզրը ինքն ա ստեղծել՝ ծիծաղի մշակույթ / смеховая культура)։ Խոսքը ոչ թե հումորային՝ մեղմ ծիծաղի, այլ հենց ցածր, կոպիտ, հայհոյական ծիծաղի մասին ա։ Էն ծիծաղի, որի սլաքը ուղղված ա անշարժ, քարացած, «սուպերլուրջ» բաների դեմ։ Հավերժության եւ անսխալականության թիկնոց կրող բաների դեմ։ Հավերժության անունից խոսում եւ անսխալականության թիկնոց կրում են, օրինակ՝ հոգեւորականը, թագավորը, դատավորը։ Նրանք խոսում են բացարձակի անունից։ Կառնավալային ծիծաղը ուղղված ա հենց բացարձակի դեմ եւ ցույց ա տալիս, որ բացարձակ չկա, ամեն ինչ կարող ա շրջվել իրա հակառակին։ Կառնավալը հենց էդ էլ անում ա՝ թագավորին դնում ա էշի վրա։

rable

Ինչո՞ւ եմ ասում՝ Բախտինի գիրքը շրջադարձային դեր կատարեց իմ կյանքում։ Որովհետեւ բարձրն ու ցածրը կյանքի, եւ արվեստի, երկու պարտադիր կողմերն են, հավասարակշռության համար՝ երկուսն էլ պետք են։ Բայց կա գրական (եւ ոչ միայն գրական) մի ավանդույթ, որի մեջ էդ հավասարակշռությունը խախտված ա, գրականությունը համարվում ա բարձրի ոլորտը՝ ընդդեմ ցածրի, հոգեւորի ոլորտը՝ ընդդեմ մարմնականի, հավերժականի ոլորտը՝ ընդդեմ իր-ականի։ Ահա թե ինչու Բախտինի գիրքը հեղափոխական էր իմ համար։ Դա լրիվ նոր մի լեզու էր, եւ տիրապետելով էդ լեզվին, ես զգացի որ ոչ միայն համաշխարհային, այլ նաեւ հենց հայ գրականության մեջ լրիվ նոր շերտեր են բացվում իմ համար, մասնավորապես՝ մեր միջնադարյան բանաստեղծության մեջ։

Մեր հին եւ միջնադարյան բանաստեղծության մասին ես դեռ առանձին կխոսեմ, բայց մինչեւ էդ, որպես մեկը իմ վրա ամենամեծ ազդեցությունը թողած գրքերից, նշեմ էն վեպը, որի մեջ բարձրի ու ցածրի ողբերգական հակադրամիասնությունը ամենացնցող ձեւով ա երեւում։ «Դոն Կիխոտ»։ Եթե մի րոպե ձեր աչքերը փակեք եւ մտովի պատկերացնեք համաշխարհային գրականության հսկա օվկիանոսը, էս գործը էդ անծայրածիր օվկիանոսում անմիջապես դուրս ա ցցվում՝ որպես հսկայական մի կղզի։ «Դոն Կիխոտը» հեշտ կարդացվող տեքստ չի, դժվար ա ասել՝ աշխարհում քանի հոգի են էդ հսկայածավալ վեպը լրիվ կարդացել, բայց դրա հերոսին՝ Դոն Կիխոտին, գիտեն համարյա բոլորը։ Գուցե սխալ գիտեն, բայց գիտեն։ Ինչո՞ւ եմ ասում՝ գուցե սխալ գիտեն, որովհետեւ կա մեկնաբանական մի ավանդույթ, որը Դոն Կիխոտին ներկայացնում ա որպես հերոսականի մարմնավորում։ Այնինչ Դոն Կիխոտը ոչ թե հերոսականն ա մարմնավորում, այլ հերոսականի ձախողումը։ Դոն Կիխոտը էն անդունդն ա ցուցանում, որը միշտ կա ցանկացած հերոսականի ոտքերի առաջ՝ մի քայլ էն կողմ։ Դոն Կիխոտն ինքը ոչ թե էդ անդունդի եզրին ա, այլ անդունդի մեջ։ Իսկ մյուս կողմում կա Սանչո Պանսան՝ մանր, ցածր, հողին կպած տգեղ մարդու հսկայամարմին կերպարը։ Բայց որ ուշադիր նայեք՝ սրտի խորքում գյուղացի Սանչոն էլ ա դոն կիխոտ, որովհետեւ հավատում ա Դոն Կիխոտին։ Եւ շրջանը փակվում ա։ Կամ ավելի ճիշտ՝ շրջանը դառնում ա հավերժական ու ողբերգական պտույտ։
don_quixote_and_sancho_panza_by_vitogoni-d3kwaoo

(շարունակելի)

1. Բախտինի տեքստից մի հատված, Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, կարող եք կարդալ արտերիայում
2. «Սասունցի Դավիթ» գրքի նկարները՝ Մ.Սոսոյանի
3. Դոն Կիխոտի էստեղ դրված նկարի հեղինակ՝ Vitogoni

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել