Azatutyun.am-ը գրում է․
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին:
«Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», - Armenews.com կայքի փոխանցմամբ՝ նշել է Ազնավուրը անցած ամառ Ֆրանսիայի Պրովանս շրջանում տված հարցազրույցում:
«Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար՝ պետք է զգույշ լինեմ», - ասել է նա:
Ազնավուրն ընդգծել է, թե ինքը ոչինչ չունի այսօրվա թուրքերի դեմ, քանի որ ցեղասպանությունը կատարել են նրանց պապերը:
Նա հույս է հայտնել, թե իր գործունեությամբ կկարողանա նպաստել, որ ինչ-որ մի բան փոխվի երկու երկրների միջև:
Պատասխանելով իր մարդասիրական գործունեությանը վերաբերող հարցերին՝ Ազնավուրը խոսել է իր «Ազնավուրը Հայաստանի համար» միության մասին, որը ֆինանսավորվում է իր բարեգործական համերգներից և երգերից ստացվող հասույթներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



