Հայրենիքը երեկ ցնծությամբ, շնորհավորանքների ու բարեմաղթանքների տեղատարափով, երգուպարով դիմավորեց Տաշքենդից վերադարձած մեր ըմբիշներին: 
Հարկավ բոլորի ուշադրության կենտրոնում օրվա հերոսներն էին՝ հունահռոմեական կամ դասական ըմբշամարտի աշխարհի մեր նորընծա չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Մարզիկներ, որ այս օրերին իսկապես ուրախության եւ ոգեւորության, հպարտության հրաշալի զգացողություններ պարգեւեցին մեր հայրենակիցներին, այնկախ այն բանից, թե ով է ըմբշամարտի սիրահար, իսկ ով՝ ոչ: 
Երեկ, երբ օդանավակայանում շատերը կենտրոնացել էին չեմպիոն-հերոսների վրա, կադրերից մեկում ուշադրությունս գրավեց հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն ու նաեւ հնարավոր բոլոր բարձունքները որպես մարզիկ նվաճած Լեւոն Ջուլֆալակյանը՝ նորընծա չեմպիոն Արսենի հայրը: Չնայած դափնեպսակին, որով նրան եւս պատվեցին, ուշադրություն գրավող հանգամանքը անվանի ու տիտղոսակիր մարզիկի ու մարզչի համեստ կեցվածքն էր: Նա թերեւս բոլորից լավ գիտե, թե ինչպես, ինչ ջանքերի գնով հաջողվեց այս մարզաձեւում, տարիների դադարից հետո, հասնել հաջողության:
Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական նվաճումը, մարզական ու ոչ միայն մարզական տեսանկյունից, նշանակալի իրադարձություն է, մանավանդ եթե նկատի առնենք, որ մեր երկրում հարգի այս մարզաձեւից ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի ըմբիշներին չէր հաջողվում աշխարհում ուժեղագույնի տիտղոսին արժանանալ: 
Բնականաբար մարզական մեկնաբանների «հացը» չենք խլի, առավել եւս, այսօր նախատեսված ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչն ու մարզիկները կներկայացնեն Տաշքենդում նախօրեին ավարտված առաջնության մանրամասներն ու առաջիկա ծրագրերը: Բայց այս կրկնակի նվաճումը առանձնահատուկ, նաեւ ուսանելի է ոչ միայն մարզական տեսանկյունից: 
Նույնիսկ նրանք, ովքեր մշտապես մարզական անցուդարձով ու մասնավորապես ուժային այս մարզաձեւով չեն հետաքրքրվում, տեղյակ են, որ վերջին տարիների մեր ամենից աչքի ընկնող, նաեւ սիրված այս երկու մարզիկները՝ Ջուլֆալակյանն ու Ալեքսանյանը, համաշխարհային խոշոր մրցաշարերում «կանգ էին» առնում չեմպիոնական բարձունքին կես քայլ չհասած՝ բացառությամբ Եվրոպայի առաջնության: Երկրորդ, երրորդ մրցանակային տեղեր: Ինչ-որ բան վերջին պահին չէր բավականացնում. կա՛մ վնասվածքն էր խանգարում, կա՛մ...
Եվ աշխարհի այս վերջին առաջնությունն ու այնտեղ կոնկրետ Ջուլֆալակյանի ու Ալեքսանյանի չեմպիոնական նվաճումներն ուղղակի քրեստոմատիկ օրինակն են այն բանի, ինչը կարելի է բանաձեւել որպես անհատի հնարավորությունների, նպատակասլացության, համառ աշխատանքի, կամքի, պայքարի ամբողջական համադրում: Տղաները, հասկանալի է՝ մարզիչների հետ, հետեւողականորեն աշխատել էին, ջանք ու եռանդ էին թափել, հաշվի էին առել անցյալի սխալները: Ու արդյունքը, ահա, այդքան ոգեւորիչ ու բոլորիս ուրախացնող հաղթանակի տեսքով, երկար սպասել չտվեց: 
Մրցամարտերում էլ դա ուղղակի աչք էր ծակում: Թե՛ Ջուլֆալակյանը, թե՛ Ալեքսանյանը առանձնացան գեղեցիկ, տպավորիչ ելույթներով, ազնիվ ու արդար պայքարով, ամենակարեւորը՝ նրանց չեմպիոնական նվաճումը, առավելությունը անվիճելի էր այս առաջնությունում: 
Նպատակին կամ հաղթանակի հասնելու համար պետք է չարչարվել, կամք ու համառություն դրսեւորել, դժվարությունների առաջ չընկրկել, պայքարել մինչեւ վերջ ու աշխատել, տքնել, քրտինք թափել: Միայն սպորտում չէ: Ուսման մեջ: Տնտեսական, բնապահպանական, հասարակական, քաղաքական գործունեությամբ զբաղվելու պարագայում եւս: 
Եվ մեր ասելիքի բուն շեշտը հենց դա է՝ հպարտանալով, ուրախանալով, ոգեւորվելով (որոնք շատ բնական են նման դեպքերում), հիշենք ամենակարեւորը՝ իրական ու արժեքավոր, անկապտելի հաղթանակները, առաջխաղացումը, նվաճումները ձեռք են բերվում համառ աշխատանքով ու չարչարանքով: 
Մեր մարզիկների նման հաղթանակները ոչ միայն ոգեւորում, այլեւ համախմբում են: Իսկ որքան հաղթանակներ կունենանք մենք մեր ազգային, հասարակական, մշակութային, տնտեսական եւ մնացած այլ ասպարեզներում, եթե առաջադրենք լավ նպատակներ ու համախմբված գնանք դեպի այդ նպատակակետերը: Ոչ թե սպասենք, որ մեկը մեզ հրամցնելու է այս կամ այն, այլ ինքներս, մեր ուժերով, մեր չարչարանքով հասնենք: 
Մեկ այլ դիտարկում: Որքան հասցրի նկատել, մեր մյուս մարզիկներից միայն հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորանքով արձագանքեց Արսեն Ջուլֆալակյանի նվաճմանը: Գեղեցիկ դրսեւորում էր: Բայց դա նաեւ ընդգծեց մյուսների լռությունը: Մենք բազում այլ մարզաձեւերում եւս ունենք մեծ նվաճումների հասած մարզիկներ: Ու մտածում ես՝ որքան լավ կլիներ, եթե նրանք բոլորը մշտապես աջակցեին մեկմեկու, անկախ այն բանից՝ ֆուտբոլի՞ստ են, շախմատի՞ստ, ծանրո՞րդ, թե՞ հրաձիգ: 
Ու մի բան էլ: Նման հաջողությունների դեպքում երբեմն նկատվում է, որ մարզիկների ձեռքբերումները փորձ է արվում պայմանավորել բացառապես այս կամ այն գործչի, ուժի, անձի նյութական կամ հոգեբանական աջակցությամբ: Նման աջակցությունը, ինչ խոսք, էական հանգամանք է: Բայց երբ մարզիկների ձեռքբերումները փորձում են այլ «փի-առ»-ի առարկա դարձնել, դա մի տեսակ կարծես փոքրացնում է կատարվածի, ձեռքբերման արժեքը, եթե ավելին չասվի: 
Ի վերջո, երբ մարզիկները մրցասպարեզ են մտնում, պաշտպանում են ոչ թե առանձին վերցրած այս կամ այն գործչի, չգիտեմ՝ ֆեդերացիայի կամ, ասենք, իրենց ծննդավայրի, այլ ամբողջ պետության մարզական պատիվը: Ու հաստատ չարժե «փի-առ»-ային մանր նկատառումներով փոշիացնել ձեռքբերումները: 
Իսկ մեր չեմպիոններին, որոնց մենք եւս սրտանց շնորհավորում ենք, մնում է չարբենալ «ուռռա»-ներից ու «կեցցե»-ներից եւ նույնպիսի նպատակասլացությամբ, առանց «թուլանալու» ընթանալ դեպի լիովին չնվաճված օլիմպիական բարձունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել