Panorama.am-ը գրում է․
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում կարողացել է հասնել արաբական 10 պետությունների մասնակցությամբ՝«Իսլամական պետության» դեմ ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորմանը: Ջիդդայում ստորագրված փաստաթղթի համաձայն, կոալիցիայի մեջ մտնող երկրները պետք է համատեղ պայքարեն «Իսլամական պետության» դեմ, թույլ չտան իսլամիստների ֆինանսավորումը և զինումը, ինչպես նաև փոխանակվեն հետախուզական տվյալներով:
Իսլամական պետության դեմ միավորվում են ԱՄՆ-ի դաշնակիցները
Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովին մասնակցել են Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները: Պարսից ծոցի երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քաթարը մինչ այդ ակտիվորեն ֆինանսավորում էին իսլամականներին Սիրիայում՝նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարելու և Իրանի տարածաշրջանային ազդեցության մեծացումը զսպելու նպատակով: Այժմ նրանք գիտակցեցին, որ այդ իսլամիստները վտանգ են ներկայացնում իրենց տարածաշրջանային շահերին, մասնավորապես Իրաքում, բացի այդ, նրանց ռազմավարական դաշնակից Վաշինգտոնը օդային հարվածներ է հասցնում Իսլամական պետությանը և նոր կոալիցիա ձևավորում ջիհադականների դեմ:
Պարսից ծոցում ԱՄՆ-ն կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք, որը կարող է օգտագործվել Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ: Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները: Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Շատ հաճախ, Պարսից ծոցի այդ երկրներին անվանում են մինի-ՆԱՏՕ՝Վաշինգտոնի հետ ունեցած սերտ ռազմաքաղաքական համագործակցության համար: Բացի ծոցի երկրներից, ԱՄՆ-ը ռազմակայան ունի Թուրքիայի տարածքում՝Ինջեռլիք, ինչպես նաև շարունակում է ակտիվորեն զինել և ռազմական փորձագետներ ուղարկել Իրաք՝ կառավարական ուժերին աջակցելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ