scan0012-1Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածները լայն արձագանք գտան նաև մեր երկրում: Պետությունը փորձեց հնարավորությունների սահմաններում օգնել, հասարակության տարբեր խմբեր բողոքի ձայն բարձրացրեցին, իրենց աջակցությունն առաջարկեցին: Այդ համընդհանուր անհանգստության մեջ եղան նաև մարդիկ, ովքեր ամեն դեպքում հարցրեցին. «Իսկ ինչու՞ մենք պիտի ձեռք մեկնենք նրանց: Ի՞նչ են արել եզդիները, երբ ծանր ու դժվարին ժամանակներ էին հայերիս համար»:

Ես նպատակ չունեմ պատմական ծավալուն անդրադարձ կատարել կամ բանավեճ ծավալել տարակուսողների հետ: Ընդամենը մի փոքրիկ դրվագ կներկայացնեմ: Մնացյալը որոշեք ինքներդ:

Երբ Առաջին Հանրապետությունը հիմք դրեց Ազգային բանակին, Հայաստանում տարբեր ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ էին ապրում:  Սակայն ազգային փոքրամասնություններից հայկական բանակի շարքեր թույլատրվեց զորակոչել միայն եզիներին: Սա վստահության ամենատիպիկ օրինակներից մեկն էր: Նրանց արտոնվեց ծառայել կամավորական սկզբունքներով գործող իրենց ազգային զորամասերում: Հայաստանի Ազգային արխիվում պահպանվող վավերագրերից մեկը` գրված գեներալ Մ. Սիլիկյանի ձեռքով, փաստում է, որ 1918 թ. հայկական առանձին դիվիզիայի կազմում գործել է եզդի կամավորականների գումարտակ: Հենց այդ գումարտակն էր, որ որը ակտիվ  մասնակցություն ունեցավ 1918 թ.  Մայիսյան հերոսամարտերին: Նրա հրամանատար Յուսուպ Բեկ Թեյմուրովը Սարդարապատի ճակատամարտում երևանյան զորաջոկատին աջակցություն ցուցաբերելու համար ավելի ուշ պարգևատրվեց Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի Խաչ շքանշանով:

Մեկ այլ արխիվային փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է տեղեկագիր` կազմված ռուս պաշտոնյաների կողմից, հաստատում է, որ 1920 թ. հայկական բանակի հեծելազորի կազմում գործում էր եզդիներից կազմված մի հեծյալ դիվիզիոն, որը տեղաբաշխված էր Էջմիածնում:  Նրա կազմում կար 200 ձիավոր և 3 սպա: Եզդիների մեկ այլ հեծյալ դիվիզիոն էլ գործում էր Դրոյի հրամանատարության տակ գտնվող Սուրմալուի զորաջոկատի կազմում:

Առայժմ այսքանը:

Հովիկ Չարխչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել