Գյուղացու աշունը. Կարտոֆիլի ռեկորդային ցուցանիշները չեն պահպանվիPanorama.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի որոշ տնտեսություններում արդեն մի քանի օր է՝ սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հրապարակած տվյալներով, բերքահավաքն առայժմ ընթանում է վաղահաս կարտոֆիլի ցանքերում: 

Սեպտեմբերի 10-ի դրությամբ արդեն քանդվել է մոտ 1200 հեկտար կարտոֆիլի դաշտ: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 250-300 ցենտներ: Առայժմ ստացված վաղահաս կարտոֆիլի բերքն իրացվում է ներքին շուկայում, որի կիլոգրամը վաճառվում է մինչև 200 դրամով: 

Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած` կարտոֆիլի բերքահավաքը կկրի համատարած բնույթ: 

Կանխատեսվում է բարձր բերքատվություն` մեկ հեկտարից մինչեւ 300 ցենտներ ցուցանիշով: Ներքին շուկայի պահանջները բավարարելուց զատ արտադրված պարենային կարտոֆիլի մեծ խմբաքանակների արտահանման համար մարզի ղեկավարության ջանքերով ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մթերող կազմակերպությունների հետ: 

Մարզպետարանից վստահեցնում են, արվում է հնարավորը, որպեսզի կարտոֆիլի իրացման համար ստեղծվեն ամենանպաստավոր պայմանները:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ գարնանը նախատեսած ռեկորդային բերքը չի լինի: Պատճառը, ըստ մասնագետի, բնակլիմայական վատ պայմաններն են ու ոռոգման համակարգի սխալ կառավարումը:

«Անցած տարի ունեինք ռեկորդային բերք, Գեղարքունիքում միջինը մեկ հա-ից ստացվել է 48-50 տոննա, Շիրակում՝ 38-42 տոննա կարտոֆիլ, արտահանվել է 45 հազար տոննա: Այս տարի, իմ հաշվարկներով, 10 տոկոսով քիչ բերք կլինի»,-ասաց Բերբերյանը, ավելացնելով, որ դա շուկայի վրա չի ազդի, Հայաստանում կարտոֆիլի կրիզիս չի լինի, արտահանումը կա ու կլինի, բայց ցածր ցուցանիշներով:

Այս տարի Շիրակում կարտոֆիլի վիճակն այնքան էլ լավ չի, վարակ ու հիվանդություններ կան, միջինը 1 հա-ից ստացվել է 30 տոննա, եթե ոռոգման համակարգը ճիշտ աշխատեր 1 հա-ից 40 տոննա բերք կհավաքեին:

«Երաշտն արհեստական ստեղծվեց, որովհետև ջրամբարները թերի լցվեցին, թերի լցվեցին, որովհետև ջրամբարների վրա հէկ-եր են գործում, թե ով է թույլատրել, սա լուրջ հարց է ու պետք է հայտնաբերել, պատժել: Սակավաջրությունն այս տարի միայն ու միայն ոչ թե տեղումների պակասն էր, այլ ջրամբարների վրա գործող հէկ-երը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել