«…ինչպես մարմինն է առանց ոգու մեռած,
այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած»
Հակոբոս 2-26
Այսօր մեզանից ոչ ոք, մեր լինելության բոլոր ոլորտներում՝ սկսած հոգևոր-բարոյական, մշակութայինից և վերջացրած նյութական- տնտեսականով, կործանարար չափերի հասած հետաճի համար ՄԵՂՔԻ ի՛ր բաժինը չի ցանկանում տեսնել…
Մերն աղոթքն է,- ասում է բարձրաստիճան հոգևորականը…
-Եկեղեցին ոչ թուր ունի, ոչ քլունգ: Եկեղեցուն քննադատողները եկեղեցին տանում են մի ճահիճ, որն իրենը չի, - շարունակում է նա եվ ավելացնում:
-Ճանաչեցե՛ք եկեղեցին որպես աղոթքի՛ տուն… Չէ՞ որ ասված է, «Իմ հոր տունը աղոթքի տուն պիտի կոչվի…»,- Տիրոջ խոսքերի պաթետիկ մեջբերմամբ ավարտում է բարձրաստիճան հոգևորականը, մոռանալով կարծես շարունակությունը՝ թե ի՛նչ ասաց և, որ ավելի կարևոր է, ինչպես գործեց Տերը…
…Եվ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ, ինչպես նաև՝ լումայափոխներ, որ նստած էին: Եվ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև՝ ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց: Իսկ աղավնի վաճառողներին ասաց.«Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր Տունը վաճառատան մի՛ վերածեք»: Հովհ.2. 14-16
Եվ եթե եկեղեցին, նրա հոգևոր դասը, իր եկեղեցական արարողությունների ժամանակ չնկատելու է տալիս իր աղոթարանների առաջին շարքերում նստած «լումայափոխներին» ու «աղավնի վաճառողներին» և «չուանից խարազան չի շինում ու տաճարից դուրս հանում դրանց», ապա իրոք, նրա գործը միայն եկեղեցական արարողություններն են, հարսանիքները, տնօրհնենքները, կնունքներն ու մեռել թաղելներն են:
«Պետությունը վատ տնտեսվարող է»,-ասում էին և հիմա էլ կրկնում են մեր կառավարողներն ու պետությանը, ժողովրդին պատկանող ողջ հարստությունը հանձնում «լավ տնտեսվարող» մասնավորին՝ իրենց «ախպերներին»: Արդյունքում անդարձ փոշիացված է մեր ողջ տնտեսությունը և ամենակարևորը՝ դրա համար ոչ ոք պատասխանատու չէ…
Նմանատիպ մոտեցում է տիրում ամենուրեք, մեր հանրային գործունեության անխտիր բոլոր ոլորտներում…
ՄԵՂՔԻ ԻՐ ԲԱԺԻՆԸ ՈՉ ՈՔ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=583793455079428&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել