Նախագահ Օբաման խորապես մտահոգված է այսօրվա հայտարարության առնչությամբ, որի համաձայն Ադրբեջանի նախագահը Հունգարիայից վերադարձից հետո ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը:
«Սաֆարովը խոստովանել էր, որ 2004 թվականին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին և այդ դաժան հանցագործության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում: Մենք ադրբեջանական իշխանություններին ենք փոխանցում մեր վրդովմունքը՝ կապված Սաֆարովին ներում շնորհելու հետ: Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Միացյալ Նահանգները նաև բացատրություններ է պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման առնչությամբ», - նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: