Խորհրդային տարիներին, ինչպես հայտնի, բարձրագույն կրթություն ստանալը բացարձակապես անվճար էր, և նաև այդ հանգամանքի շնորհիվ Հայաստանը այդ հարցում առաջատարի դերում էր՝ բնակչության շուրջ 65 տոկոսն ուներ բարձրագույն կրթություն:
Սակայն հետխորհրդային Հայաստանում 1993 թվականից ի վեր բարձրագույն կրթության բնագավառում ներդրվեց վճարովի համակարգ, ինչն արմատապես փոխեց իրավիճակը: Քանի որ ԲՈՒՀ-երը վճարովի հիմունքներով սովորող ուսանողների հաշվին սկսեցին ստանալ լրացուցիչ եկամուտներ, ապա զուտ կրթօջախ լինելուց բացի վերածվեցին նաև տնտեսվարող սուբյեկտների՝ ստանալով պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ ներկայումս նաև հիմնադրամի կարգավիճակներ:
Տարեցտարի պետությունը նվազեցրեց պետական ֆինանսավորումը ինչպես պետական պատվերի շրջանակներում անվճար տեղերի հատկացման, այնպես էլ այլ ուղղություններով՝ կրկին ձեռնթափ լինելով իր պատասխանատվությունից, ու այսօր մենք այլևս կանգնած մի արտառոց փաստի առաջ՝ ոչ թե ուսանողն է կախված ԲՈՒՀ-ից, այլ հակառակը:
Խնդիրն այն է, որ եթե պետությունը ԲՈՒՀ-ին բավարար ֆինանսավորում չի հատկացնում, իսկ ԲՈՒՀ-ը դեռևս գիտական կամ հետազոտական գործունեության իրականացման արդյունքում բավարար եկամուտ չի ստանում, ապա ԲՈՒՀ-ին իր ծախսերը հոգալու, դեռ մի բան էլ պետությանը հարկեր վճարելու համար մնում է հույս դնել ուսման վարձեր վճարողների, այն է՝ ուսանողների վրա:
Իսկ արդյունքում ոչ թե ուսանողն է իր առավելագույն ջանքերը ներդնում ուսումնական գործընթացում՝ ԲՈՒՀ-ից դուրս մնալու մտավախությունից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այլ ԲՈՒՀ-ն է վախենում կորցնել ուսանողին, իսկ ավելի ճիշտ՝ նրա վճարելիք գումարները, և այդ նպատակով իջեցնում է գիտելիքների նշաձողն ու գնում զիջումների:
Իսկ դա արդեն աննորմալ և վնասակար երևույթ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=367004976797750&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել