Սեպտեմբերի 15-ից Հայաստանում կսկսվեն պնևմակոկի դեմ պատվաստումներըPanorama.am-ը գրում է.

Մանկական մահացությունների թիվը կրճատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը պատվաստումների ազգային օրացույցը համալրում է ևս մեկ պատվաստանյութով, որի նպատակն է կանխելու պնևմակոկային հիվանդությունները, որոնցից վտանգավոր են թոքաբորբն ու ուղեղի թաղանթի բորբոքումը՝ մենինգիտը:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, սեպտեմբերի 15-ից հանրապետության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պլանային կարգով կկատարվեն պնևմակոկային պատվաստումները:

Գ.Սահակյանի խոսքերով` միջմկանային պատվաստման եղանակով կպատվաստվեն մինչև 1,5 տարեկան երեխաները: Հայաստանում կիրառվելու է բելգիական արտադրության պատվաստանյութ: 

«Հայաստանի պոլիկլինիկաներում, կլինիկաներում կիրառվում են նույն պատվաստանյութերը: Իսկ եթե ծնողը չի ցանկանում, որ իր երեխան պատվաստվի պոլիկլինիկայում, ապա դա իր խնդիրն է, կարող է մասնավոր կլինիկայում պատվաստել, քանի որ նախարարությունը նրանց ևս պատվաստանյութեր է տրամադրում»,- ասաց Գ.Սահակյանը` հավելելով, որ Հայաստանում կիրառվում են միայն եվրոպական արտադրության պատվաստանյութեր:

«Չհավատաք, եթե բուժաշխատողներն ասեն, որ պոլիկլինիկաներում հնդկական արտադրության պատվաստանյութ է օգտագործվում: Մեր երկրում եվրոպական երկրներից բացի այլ արտադրողի պատվաստանյութ չկա»,- հայտնեց նա: 

Գ.Սահակյանը միաժամանակ նշեց, որ իրականում կապ չունի, թե որ երկրի արտադրության են այդ պատվաստանյութերը, քանի որ բոլորն էլ ունեն նույն բաղադրատոմսը:

Նշվեց նաև, որ թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել