photo (14)

Իմ էլ. փոստին Զարինե Պապոյանի նամակը կարդացի հաճույքով, այնքան, որ ուզեցի իմ օրագրի ընթերցողն անմասն չմնա այդ վայելքից.«Արդեն երրորդ տարին է , ինչ ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում.  կրտսեր դպրոցում՝ 2-6-րդ (այս տարի՝ 2-5-րդ) դասարաններում, վարում եմ  սովորողների ընտրությամբ մաթեմատիկայի դասընթացներ՝  «Բանավոր մաթեմատիկա» 1-3-րդ դասարաններում,  մաթեմատիկոսի գործունեություն 4-5-րդ  դասարաններում, և կարծում եմ, որ մաթեմատիկական բաց մրցույթ-ստուգատեսներն  անհրաժեշտ են: Մրցույթների  ձևաչափի մասին ես արդեն մտածել եմ… Հենց այսօրվանից սկսած  կսկսեմ աշխատել նախագծերի վրա, կսկսեմ դրանց մշակումը և պարբերաբար կներկայացնեմ: Կարծում եմ կրթահամալիրում կան բոլոր անհրաժեշտ պայմանները դրա համար, հատկապես, որ հանրապետությունում չկան նման մրցույթներ»։

Ահա այսպիսի՝ ուսուցչի նախաձեռնողականությամբ ինքնիրացման տարի եմ հայտարարում 2014-2015 ուստարին, որ այն լինի բացառիկ ստեղծական ու մոբիլ մեր 25 տարիների  հանրագումարը… Կարո՛ղ ենք: Իմ գործը, այս կենսափորձով ու կարգավիճակով, հենց ձեր ինքնիրացման նախագծերին անհրաժեշտ աջակցությունն է լինելու, լսո՞ւմ եք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ կաք: Տեսեք՝ ինչպիսի Ինգա Անտոնյան է՝ իր խմբով. որքա՜ն աղջկական հմայք ու մայրական գորովանք կա 2-4 տարեկանների Գեղարվեստի կրտսեր դպրոցի դաստիարակի ահա այս հայացքում: Տեսարան է:

Երեկ կրթահամալիրի հինգ նախակրթարաններում սկսեցինք լողափնյա սպիտակ ավազով մինի-դաշտերի կառուցման աշխատանքները. այս նախագծերում անպայման ներգրավենք մեր դիզայներ-շինարար-այգեգործ-վարպետ վառ երևակայությամբ ծնող-պատվիրատուին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողներին՝ վաղվա հայրիկներին ու մայրիկներին. ընդամենը 1-2 ամսում, մինչև նոյեմբերի առաջին օրերը, կունենանք թարմացված-նորացված-ընդարձակված նախակրթարանային միջավայրներ՝ ներքին ու արտաքին ինտերյերով… Այո´, զարմացնելու ենք ինքներս մեզ:

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։
Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,
Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։
Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։

Շնորհակալ եմ կրթահամալիրի խորհրդի նախագահ, Հրաչյայի, Լևոնի, Արեգի, Նարեի հայրիկ Արամազդ Ղալամքարյանին. նրա միջնորդությամբ երեկ առավոտյան հանդիպեցի առաջին դասարանցիների մի խումբ երիտասարդ (բոլորը) հայրիկների ու մայրիկների՝ առաջադեմ տղամարդու տպավորիչ գերակշռությամբ: Փոխվել է որակապես մեր գլխավոր պատվիրատուն՝ բաց հասարակության առաջադեմ անհատների՝ գործընկերների խմբի հետ ի՜նչ թեթևությամբ շրջեցինք Դպրոց-պարտեզի բակով, որքան նրանց ուրախացրեց հեծանվուղու-հրապարակինախապատրաստական աշխատանքների ավարտը։ Նույնքան կարևոր էր մեր քայլքը թաղամասի մանկական այգով մինչև Բ-1 և Բ-4 թաղամասերը կապող այս շշմելու կառույցը՝ վերգետնյա անցումը, որ հազար Էյֆելյան աշտարակի հետ չեմ փոխի…

Մի´ մոռացեք, բախումներ, բուռն վեճերը (կոնֆլիկտները) ծառացած խնդիրները լուծելու հաճախ ամենակարճ-արդյունավետ, երբեմն միակ ճանապարհն են. ես, եթե նկատել եք, պարբերաբար օգտվում եմ այս նուրբ գործիքից… Ցանկացած վեճ ինձ ընդունելի է, օգտակար, կարևոր՝ պայմանով, որ չի ընդհատվում ողջ ընթացքում իրական հաղորդակցությունը կողմերի միջև, կողմերը չեն մոռանում վեճի առարկան՝ լուծելիք խնդիրը, կողմերը վեճով հաստատում են իրենց գործընկերությունը… Մշտական, իրական, լիարժեք հաղորդակցություն ենք հաստատում միմյանց միջև, սիրելի սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ որ կաք, առանց խնայելու միմյանց ու առանց վիրավորելու մեկս մյուսի. ուզում ենք, չէ՞, իրար լսել: Ազատության պայմաններում ճշմարիտի համար պայքարը պայքար է սիրո համար: Փիլիսոփա Յասպերսին չեմ թողնի, որ մոռանաք։

Կրթահամալիրի 535 տարատարիք սովորողներ և մանկավարժական աշխատողներ ամեն օր տանից դպրոց, դպրոցից՝ տուն ճանապարհն (մինչև Մայր դպրոցի բաշխման կետ) անցնում են իրենց իսկ կազմակերպած 26 երթուղիներով՝ ավտոբուս-միկրոավտոբուսներով: «Իրենց իսկ» բառակապակցությունը ես չեմ սիրում և չեմ հիշում՝ երբ եմ գործածել, բայց այս դեպքում, Սուսան Մարկոսյան և Սուսան  Հովհաննիսյան, իմ բլոգավարման-օրապատման անփոխարինելի խմբագիրներ, տեղին է, չէ՞: Հարցնում եմ:

Դուք վճարում եք, որպես ծառայություն ստացողներ, վարորդներին, դուք որոշում եք երթուղիները, վարորդներին ու ինքներդ ձեզ՝ որպես կրթական ծրագրի ուղևորների, ներկայացնում պահանջներ: Կրթահամալիրի դպրոցների գրասենյակների ղեկավարները, Լուսինե Մամիկոնյանը, ես, մեր աշխատանքային պարտականությունների շրջանակում համակարգում, աջակցում ենք հեղինակային կրթական ամենօրյա փոխադրումներին… Վարորդները, երթուղիների պատասխանատու ուղևոր-կազմակերպիչները չեն կարող չգործել որպես մանկավարժական աշխատողներ երթուղու ողջ ընթացքում… Բոլորս օրինապահ ու ազատ պիտի գործենք մեր համաձայնությամբ ընդունված կարգի շրջանակում: Ծխելը, ուշանալը, կեղտոտելը, անբարյացակամությունը, ընթացքում բջջայինով անհարկի խոսելը վիրարավորանք են միմյանց նկատմամբ. օգնենք մեկմեկու, բացառենք….

Հեղինակային կրթական ծրագրով մեր մյուս ծառայության՝ 2014-15 ուստարվա երկարօրյա ուսուցման մեկնարկին ես կանդրադառնամ առաջիկայում։ Օրագրի ընթերցողը-ծառայության շահառուն կարող է մասնակցել այդ պատումին։ Ես թանկ եմ գնահատում սեբաստացիների համերաշխությունը և հեղինակային կրթության սկզբունքներին՝ կրեդոներին, բոլորիս հավատարմությունը, ահա ինչու, ես, որպես այս համերաշխության և հավատարմության ձեր ընտրած լեգիտիմ երաշխավոր, հետևելու եմ, որ մեր կապը չընդհատվի՝ իմ օրագրով նաև արձագանքելով կոնկրետ ձեր յուրաքանչյուր տեսա-ձայնային ազդանշանին…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել