Life.panorama.am-ը գրում է.

«Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքն ինձնից լավ ժյուրիի անդամ կարող է լինել, թող իրենց բակում Իքս-ֆակտոր ստեղծի, ուրախանա». Եգոր Գլումով

«Ռադիո Վան» ռադիոկայանում հաղորդման տնօրեն, մշակութային բաժնի ղեկավար Գոռ Գրիգորյանը,  նույն ինքը՝ Եգոր Գլումովը,  ով հայտնի է նաև որպես հեռուստահաղորդավար, արդեն մի քանի տարի շարունակ երաժշտական ծրագրերի ժյուրիի անդամ է: Life.panorama.am-ը Գլումովի հետ զրուցել է նրա գործունեության, աշխատանքի նրբությունների, ժյուրիի  անդամ լինելու դժվարության, հաղորդավարի հասցեին հնչած քննադատությունների և այլ թեմաների շուրջ:

-Երկար տարիներ է՝ ուղղակիորեն առնչվում եք մեր բնակչության երաժշտական ճաշակի հետ, հատկապես երիտասարդներն ի՞նչ երաժշտություն են հաճախ պատվիրում:

-Օրինակ՝ «Ռադիո Վան»-ով հնչում է բացառապես բարձրաճաշակ երաժշտություն, մյուսների մասին ոչինչ ասել չեմ կարող: Երիտասարդների մեջ են նաև իմ երեխաները, ովքեր լսում են Բիթլզ, Նիրվանա, Ռոլլինգ Սթոն:

-Ձեր ազդեցությունը զգացվում է...

-Իհարկե, նաև՝ կնոջս ազդեցությունը: Ծնված օրվանից երեխաներս նրանց են լսել:

-Կա՞ն նոր նախաձեռնություններ, որոնք ուզում եք իրականացնել ռադիոյում:

-Կուզենամ համաշխարհային պատմությանն առնչվող լավ ծրագիր ունենանք, բայց դրա համար լուրջ մասնագետներ են պետք, թերևս, դա է ամենամեծ խոչընդոտը և լեզվի խնդիրը. էքսպերտներից շատերը ռուսերեն չեն խոսում:

-Դուք անհամեմատ ավելի լավ եք խոսում հայերեն, քան օրինակ, մի քանի տարի առաջ. պարապու՞մ եք:

-Չէ, պարապելու համար ցավոք, ժամանակ չունեմ,  պարզապես, այդպես ստացվեց:

-Թերևս,  շատ են հարցրել՝ ինչպե՞ս պատահեց, որ Գոռ Գրիգորյանը դարձավ Եգոր Գլումով:

-Պարզապես, «Ռադիո Վան»-ում կա ոսկե օրենք, որի համաձայն ոչ ոք իր անունով եթեր դուրս չի գալիս՝ խորհրդավորությունը պահելու համար: Արդեն 13 տարի է՝ այդ կերպարն ապրում է:

-Մի առիթով նշել եք, որ հեռուստատեսության ոլորտը ձեզ ավելի քիչ հարազատ է, քան ռադիոն, այնուամենայնիվ, ի՞նչ եք փորձում փոխանցել էկրանից այն կողմ, և ի՞նչ է տալիս ձեզ հեռուստատեսությունը:

-Էկրանից այն կողմ փոխանցում եմ այն, ինչ ռադիոյով, կանգառներում, խանութներում եմ փոխանցում, այսինքն՝ ինձ (ծիծաղում է): Չեմ կարող չնշել, որ հեռուստատեսությունն ինձ տվեց ճանաչում Հայաստանում և դրանից դուրս: Այնուամենայնիվ, մնում եմ այն կարծիքին, որ թիվի-աշխատանքի մեջ ինչ-որ կեղծ բան կա, այն ունի պահանջներ, որոնք պարտավորեցնում են, օրինակ՝ գեղեցիկ հագնվել, կեղծ ժպտալ, երբեմն ասել այն, ինչ չես մտածում, իսկ ռադիոյում այդպես չէ:

-Արդեն մի քանի տարի է՝ երաժշտական նախագծերի ժյուրիի անդամ եք. չե՞ք հոգնել այդ գործից:

-Ֆիզիկապես՝ այո, բայց առանց դրա էլ չի լինի:

-Շանթի երաժշտական նախագծերից մեկի մասնակիցը՝ Բագրատ Տերտերյանը հետագայում դարձավ ձեր սանիկը, կարծես, մասնակիցների հետ կապը սերտ պահում եք, այո՞:

-Ես, երևի, սիրում եմ մարդկանց հետ բարեկամություն անել, այդպես մտերմացել եմ, օրինակ` Նաիրա Գյուրջինյանի հետ. արդեն ընտանիքներով ենք կապը պահում, Սուրեն Առուստամյանի հետ, իսկ Բագրատի հետ, փաստորեն, բարեկամներ դարձանք:

-Այսքան տարի ժյուրիի անդամ լինելով՝ ինքներդ ձեզ համար ի՞նչ եզրահանգումներ եք արել:

-Ես եկել եմ այն համոզման, որ կարևոր չէ՝մասնակիցը հաղթի նախագծում, այլ էականն այն է, որ նա երևա, նրան հիշեն, մասնակիցը զբաղվի իր սիրելի գործով: Երբեմն, հաղթողներին չեն հիշում, իսկ ահա նրանց, ովքեր աշխատում են, ուշադրություն են դարձնում. դրա վառ օրինակը Սուրեն Առուստամյանն է, ով այժմ ԱՄՆ-ում արդեն մեծ հաջողությունների է հասել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել