Սենյակում կարծես թե օդը գաղջ է, ծխով լի՝ ծխախոտի ծխով:
Թվում է թե իրականում այդպես է, անհասկանալի է:
Ամեն ինչ հավաքված է, ամեն ինչ իրենց տեղերում ինչպես կուսանոցի սենյակներում է լինում:
- Ի՞նչ է կատարվում այստեղ, ամեն ինչ տակնուվրա:
Ծխախոտի մոխիրը ամեն տեղ, սալահատակին, մանրահատակին, համակարգչի ստեղների վրա, քանի՞ անգամ եմ խնդրել ծխել միայն պատշգամբում:
Ավելով մաքրում է երևակայական մոխիրը:
- Ի՞նչ է կատարվում քեզ հետ, զուգարանի լուսը միացրած ես թողել, ատամի խոզանակդ անլվա ընկած է լվացարանի մեջ: Աստվա՛ծ իմ, ո՛չ հանգիստ ունեմ, ո՛չ էլ…
Խնամքով հավաքած մազեր, ոչ հափշտապ վրան գցած տնային խալաթ:
Ձեռքի լաթի կտորով մաքրում է պահարանի փոշին:
- Երեխայի մանկապարտեզի տեղը չգիտես, բա դու հա՞յր ես: Լսի՛ր, մի բան հարցնեմ, ի՞նչպես կարողացար երեխայի զուգագուլպան հագցնել թարս, այնպես որ հետևի մասն ընկավ առաջ, բայց կրունկն ու թաթերը մնացին իրեց տեղում: Ֆոկուսնիկ ես հո ամուսին չես…
Ավլելով հասավ միջանցք, նայեց հայելուն, գոհ էր իր տեսքից, իսկ ավելի տակ ոչինչ չկար:
- Ի՞նչ հիմարություններ ես ասում, եթե մեր տանը ատամի և կոշիկի խոզանակներն առանձին առանձին են նշանակում է լա՞վ ենք ապրում, միայն քո նման ամուսինը կարող էր նման մտքեր արտահայտել, ի՞նչպես եմ հոգնել խոսելուց…
« Աստված իմ, լինեի՜ր իրական, ինչպիսին որ ցանկանում ես, ծխի՛ր որտեղ կամենում ես, երեխային, որին չգիտեմ կունենա՞մ արդյոք երբևէ, հագցրու քո՛ ձևով, թափի՛ր, խառնի՛ր ամեն ինչ, բղավի՛ր, նայի՛ր քո ֆուտբոլը, երբ ցանկանաս, միայն թե եղի՛ր, ես արդեն կարծես թե կորցնում եմ ինձ միայնությունից, ես գժվում եմ ու տարօրինակ չի լինի, որ շուտով կհայտնվեմ հոգեբուժարանում»:
Լացակումած աչքերով, հոգնած փլվեց բազմոցին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=720150561391249&set=a.375643192508656.87394.100001889365822&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել