2007 թվականի օգոստոսի երկրորդ շաբաթն էր, ես կամաց-կամաց հոգեպես պատրաստվում էի "երբ սեպտեմբերն եկավ" համամարդկային վազվզոցին, ու մտքովս չէր էլ անցնում ՝ մի տեղ գնալ հանգստանալու, մինչ ամսվա վերջին Մոսկվա մեկնելը: Ամառն ինձ համար անցել էր շատ անհետաքրքիր ու միօրինակ, և եթե չլիներ այս փոքրիկ պատմությունը, այդ ամառը, հաստատապես, ոչ մի հետք չէր թողնելու իմ հիշողությունում: 

 

Երեկոյան, ինքս ինձնից էլ, անցնող ամառվանից էլ դժգոհ՝ քրքրում էի հեռուստացույցի բոլոր հնարավոր ալիքները՝ գոնե մեկ հատ քչից-շատից դիտարժան բան գտնելու զուր հույսերով, երբ քույրս զանգեց Մոսկվայից, թե՝ բիզնեսի գործերով գնում եմ Ստամբուլ, արի այնտեղ: Հետս ման կգաս, կթարմանաս,  հետո էլ այնտեղից ինձ հետ կգաս Մոսկվա: Հա, Անիին էլ կբերես, սովորության համաձայն՝ չմոռանաս: 

 

Դե, ինչ անենք, Ստամբուլ, թող լինի Ստամբուլ:

 

Երեք օրից արդեն Ստամբուլում էինք: Անիին էլ, հակառակ իմ սովորույթի, չէի մոռացել:

 

Յուրօրինակ քաղաք է Ստամբուլը: Այն որևէ այլ քաղաքի հետ անշփոթելի կոլորիտ ունի ու մեծ կյանք ապրած ծերունու պես հակասական դիմագծեր, որոնց վրա իրենց անջնջելի և դժվար վերծանելի հետքերն են թողել կյանքում պատահած բոլոր լավ ու վատ օրերը: Դա, իհարկե, գիտեն գրեթե բոլորը, բայց ես վստահ եմ, եթե այստեղ ծավալվեմ այդ մասին, ընթերցողների մի փոքր հատվածը, հայտնի իներցիայի բերմամբ, ինձ կսկսի մեղադրել Ստամբուլի գովքն անելու մեջ, հետո՝ Թուրքիա գնալու մեջ, պատմվածքում թուրք կերպարներ ունենալու մեջ, Բյուզանդիայի անկման մեջ և այլն…

 

(Առանց այդ էլ վերջրես “պրետենզիաներ” եմ ստացել ՖԲ-ով, թե՝ ինչու են քո կարճ պատմվածքների գլխավոր հերոսները հիմնականում ռուս… ? Էհ, կարող էին նույն հաջողությամբ նիգերիացի լինել, եթե ես նիգերիացիների՛ հետ շատ շփված լինեի... Ինչ արած՝ իմ բախտն էլ այդ առումով այդպես է բերել)

 

Հա, ուրեմն՝ հասանք Ստամբուլ:

 

Քույրս  իր հետ բերել էր նաև իր հաշվապահին՝ Կարոյին՝ միջինից բարձր տարիքի, գեր, շատախոս և, ինչպես պարզվեց, կիսով չափ աննորմալ մի մարդու, ով ահագին զվարճանք էր պատճառում ստամբուլյան փողոցների հասարակ անցորդներին՝ առանց ազգային խտրականության, հենց սկսում էր իր արձակված վերնաշապիկի տակից երևացող հսկայական փորի վրա բուսնող թավ մազածածկույթի հետ խաղալով՝ փողոցում հայերեն երգել: Ընդ որում երգել՝  զուգահեռաբար երգի մեղեղուն համընթաց մի ձեռքն այնպիսի նազանքով ու թատերարվեստով թափահարելով (դե, մյուս ձեռքն զբաղված էր վերը հիշատակված հսկա փորի վրայի մազերի հետ ի տես ամենքի խաղալով ), որ ձեռքի շշի միջից ոչ մի կաթիլ գարեջուր չէր թափվում:

Իսկ երբ ինչ-որ մարդիկ հարցնում էին (հետաքրքություն էր առաջացնում այդ պերսոնաժը, երևի), թե վերջինս որտեղից էր, նա մի պահ ազատում էր այն մյուս՝ մազերի հետ խաղացող ձեռքը, բռունցք անում, և “պայքար-պայքար” կոչին սովորաբար ուղեկցող ժեստով մի երկու անգամ վրա էր բերում՝ անթաքույց հպարտությամբ. “Էրմենիստան, Էրմենիստան”… Պատկերացրեցիք, չէ, ինչ անկրկնելի տեսարան է? 

 

Ես, բնականաբար, մի քիչ գետինն էի մտնում, իսկ քույրս, ում հաշվապահն էր այս հետաքրքիր պերսոանաժը վերջին ամիսներին, փորձում էր կատակի տալ ու մեղավոր ժպիտով ինչ-որ բաներ էր բացատրում մեր այս "Էրմենիստան" Կարոյով հետաքրքրվածներին (քույրս նորմալ թուրքերեն գիտե, ավելի լավ՝ քան ռուսերեն, չնայած՝ ապրում և արարում է Մոսկվայում, ինչն ինձ համար մշտապես իրեն կծել-կծմծելու առիթ է եղել, դե, այնպես՝ եղբայրաբար –ընկերաբար, էլի):

 

Հիշում եմ՝ մտանք մի խանութ. Անին ցուցափեղկերում դրված շարժվող մանեկենների աչքով-ունքով անելուց հիացած՝ որոշեց այդտեղից անպայման իրեն մի շոր առնել, ու մեզ քարշ տվեց ներս: Ինչ մի շոր? Միանգամից վրա տվեցին երկու՝ տակավին պարմանուհի աշխատող, ու սկսեցին նորմալ ռուսերենով (մոլդովացի, թե ուկրաինացի էին, չեմ հիշում. այդտեղ տարածված է սլավոն աշխատակիցներ գործի ընդունելը, քանզի իրենցից հիմնականում հենց ԱՊՀ-ի երկրների բնակչությունն է առևտուր անում, և պետք է վաճառողները ռուսերեն իմանան) այնպես ներկայացնել իրենց տեսականին՝ զուգահեռաբար թեյ/սուրճ առաջարկելով ու էլի եսիմ ինչ արևելյան մարքետինգի տեխնոլոգիաներ կիրառելով, որ քիչ էր մնում՝ հագուստի մի երկու տաղավար ամբողջությամբ վաճառեին մեզ:

 

Երբ իրենց ՝ մեզ վաճառած շոր ու փալաս-փուլուսի կապոցը բերեցին (մենք այդ ընթացքում արդեն սուրճ էինք խմում, ես էլ անկեղծորեն հետաքրքրվում էի այդ սլավոն վաճառողուհիների հալ-հարաքյաթով Թուրքիայում), պարզվեց, որ ես կտրուկ դեմ եմ այդքան բեռը քարշ տալուն, իսկ Կարոն, դե, գրիժա ունի, ինքն առավել ևս քարշ չի տա:

Այդ ընթացքում, ի դեպ, խանութի բոլոր այցելուներն իմացան, որ արձակված վերնաշապիկով, անթրաշ ու ֆռթացնելով թեյ խմող Կարոն “Էրմինիստան”-ից է,  “Արքադաշ”(բարեկամ, ընկեր) է, անգամ՝ “վաթանդաշ” (համերկրացի, հայրենակից), ինչը հետո պատճառ դարձավ որ  ուղղակի կոնֆլիկտի ճանապարհով իմ և նրա միջև ձեռք բերվի ժամանակավոր պայմանավորվածության առ այն, որ նա կա՛մ փողոցում չի քթում ու փորի մազերը չի քորում, կա՛մ չի արտասանում “Էրմենիստան” բառը, թե չէ ես իրեն կամ կծեծեմ, կամ ավելի վատ բան կանեմ…

 

Ստիպված, խանութի տնօրինությունը մեկին բերեց, որ այդ մի արկղ-կապոց շորերն առաքի հյուրանոց: Էս տղան բավականին երիտասարդ էր, “բայց արդեն Նատաշա” ինչպես կասեին. կապոցի վրա գրեց քրոջս անունը՝  ռուսատառ, ապա իմ անունը՝ ռուսատառ, հետո հարցրեց, թե ուր է տանելու, և  հպարտ հայտարարեց, թե՝ տեսնում եք՝ թուրքներն ինչ խելացի են՝ ինքն ընդամենը 3 ամսում է ռուսերեն սովորել: Երբ ոչ մեկը չարձագանքեց իր այդ հիմար ինքնագովությանը, նա թե՝ “Թուրքերը այստեղ (ռեգիոնը նկատի ուներ) ամենախելացին են, թե չէ 600 տարի կայսրություն չէին ստեղծի” (էլի ռուսերեն, բայց արդեն շատ վատ…):

Քույրս էլ իրեն թուրքերենով ՝  "Տղա ջան, ուրիշին ճնշել՝ դեռ չի նշանակում խելացի լինել, ավելի լավ է մտածիր՝ բա ուր է այդ կայսրությունդ”, ու մենք դուրս եկանք: Ես ետ շրջվեցի դռան մոտ. մեր ետևից տղան “Գորշ գայլերի” նշանն էր ցույց տալիս ու կրկեսի կապիկի պես ծամածռություն անում, ինչի համար հենց նույն պահին խանութպանից կերավ վզակոթին (բառի իսկական իմաստով) ու սկսեց սուլելով կապոցը քարշ տալ՝ դեպի ծառայողական ելքը:

 

Օրվա մյուս մասն անցավ առանց միջադեպերի և առանց “Էրմենիստան” պատեհ-անպատեհ բացականչությունների. իմ և Կարոյի միջև պայմանավորվածությունները հարգվեցին: 

 

Մյուս օրը ես համառեցի և մնացածի հետ չգնացի իրենց գործերով քաղաքում չլվելու: Փոխարենը կարգին հանգստացա հյուրանոցի կտուրին գտնվող սրճարանից Մարմարայի ափեզրին ճախրող ճայերին նայելով ու նկարելով, մի երկու բաժակ սուրճ խմեցի տարեց հոլանդացի զույգի հետ, ովքեր նույնպես տարվել էին այդ ճայերով, կարծես՝ համոզեցի նրանց Հայաստան էլ գալ, ապա իջա ետնաբակ, մի երկու անգամ նկարվեցի հյուրանոցի ետևում գտնվող փոքրիկ կենդանաբանական այգու սիրամարգի և ինձ անհայտ մի ինչ-որ մեծ թռչունի ֆոնին, երբ քույրս զանգեց, թե՝ մենք վերջացրել ենք, տաքսի նստիր, արի գնանք Սուրբ Սոֆիա:

 

“Գնացեք, ես գալիս եմ, այնտեղ կհանդիպենք: Հա, ճամփին էլի շոր-մոր չառնեք, քարշ  տվող չկա”:

 

Սուրբ Սոֆիայի գովքն այստեղ չեմ անի, ոչ էլ կփորձեմ անգամ պատմել այդ երևույթի մասին. արդարացիորեն վախենում եմ, որ  ըստ արժանավույն չեմ կարողանա ներկայացնել: Գումարած դրան՝ ե՛ս չեմ այն մարդը, որը պետք է պատմի բյուզանդական այդ հրաշք կոթողի մասին, որն, իր անիծված ճակատագրի բերմամբ (իսկ ավելի դիպուկ՝ եվրոպական քրիստոնյա պետությունների ներքին անհամաձայնությունների ու կեղծավոր արտաքին քաղաքականության պատճառով) ընկավ թուրքի լծի տակ  դարեր առաջ՝ ինչպես աշխարհակալ Բյուզանդիայի ժողովուրդները.... Եվ եթե վերջիններս անգամ մի կերպ ազատագրվեցին հրեշից՝ հսկայական մարդկային, տարածքային և այլ կորուստների գնով, ապա խեղճ Սուրբ Սոֆիան դրա հույսն արդեն չունի էլ, կարծես (տա Աստված՝ սխալվեմ):  Բայց անգամ այդ վիճակում՝ նա շարունակում է վառ պահել իր երբեմնի “աշխարհակենտրոն”, թեկուզ՝ արդեն կնճռոտ ու ծերունական, բայց վեհ և հպարտ կեցվածքը, որն ի զորու չեղան աղավաղել անգամ կողքին տնկած մինարեթները…

Հենց Սոֆիայի կիսավեր, ծեփված-ջնջված, ապա 20-րդ դարավերջում "ՅՈՒՆԵՍԿՕ"-ի պահանջով մի կերպ կիսով չափ վերականգնված սրբապատկերի առջև, գլխահակ կանգնած, թքի տակ մրմնջալով ու արագ-արագ խաչակնքելով աղոթում էր սպիտակ գլխաշորով միջին տարիքի մի կին...

.... Աննկարագրելի տեսարան էր. հազարամյա ուղղափառ տաճարում, որն արդեն հասցրել էր և՛ մզկիթ դառնալ, և՛ պալատական շինության մաս, ապա և՛ թանգարան, աղոթում  էր մի քրիստոնյա կին՝ այնպես կլանված, այնպես ոգեշնչված, այնպես հեզ, այնպիսի խաղաղությամբ, ինչպես երևի աղոթել էին այդտեղ դեռ Կ. Պոլսի անկումից առաջ միայն…. Տարվել էի այդ տեսարանով, կարծես շունչս էլ էի պահել, որ հանկարծ չխանգարեմ այդ անծանոթ հավատացյալին ու չխաթարեմ իր աղոթքի բնական ընթացքը, լուռ հետևում էի կողքից: 

 

Հանկարծ նկատեցի, որ կողքից աղոթող կնոջն էլի նայողներ կան. մի թուրք հսկիչ-ոստիկան էր, որն արհամարհական, անգամ՝ զզվանք արտահայտող դեմքով նայում էր կնոջն ու ինչ-որ բան ցածրաձայն ասում կողքին կանգնած մեկ այլ ոստիկանի, ու երկուսով “կայֆեր էին բռնում” աղոթող կնոջ վրա (կներեք ժարգոնի համար), ծիծաղում քթի տակ...

 

Մոտեցա ու խնդրեցի իրենց զուսպ պահել, հարգել տուրիստների կրոնական զգացմունքները: Չգիտեմ՝ իրենց անգլերենը բանի պետք չէր, թե իրենց դիտմամբ էշի տեղ էին դրել, բայց մի 10 րոպե համառորեն հետաքրքրվում էին, թե ինչ է պատահել, ինչու եմ ես վրդովվել, և ինչու եմ կարգուկանոնը խախտում տաճար-թանգարանում: Վերջը ինձ շատ բարեհամբույր ուեղկցեցին դուրս, ապա նստեցրին ոստիկանական մեքենա և տարան մոտակա մի ոստիկանատուն:

 

Մինչև այդ ես իսկի Երևանում ոստիկանություն չէի ընկել, ու այսպես միանգամից՝ Ստամբուլում...

Ու մինչ մտածում էի՝ ինչ են նրանք ինձնից ուզում, կամ ես ինչպես պետք է բացատրեմ իրենց ղեկավարությանը, որ իրենց ծառայողները ոչ պատշաճ վարք են դրսևորել Ս. Սոֆիայում, ինձ  տարան “հարցաքննության սենյակ”,  մի տարեց, բավականին հոգնած տեսք ունեցող, չաղլիկ սպայի մոտ: 

Շատ կարճ երկու նախադասություն պահանջվեց, որ նա հասկանա, որ Հայաստանից եմ, ու ռեակցիայից դատելով՝ իր հոգնած ուսերին ավելացավ ևս մի մեծ բեռ.... Ես պահանջեցի հայերենի կամ ռուսերենի թարգմանիչ ու փաստաբան, մեր չաղլիկ սպան իրեն դուրս գցեց սենյակից ու մի կես ժամ անհետացավ, իսկ ես սկսեցի անհանգստանալ. մարդուն մի բան պատահած չլինի՞: Շուտով պարզվեց, որ ոչինչ էլ նրան չէր պատահել. ետ եկավ մի երիտասարդ, գլխոշորով աղջկա և մեկ ուրիշ մարդու հետ, որը ներկայացավ՝ որպես պետական պաշտպանի նման ինչ-որ մի բան: Դե, աղջիկն էլ,  բնականաբար, թարգմանիչ էր (ռուսերենի):

 

Եվ սկսվեց իմ հարցաքննությունը. ի՞նչ նպատակով եմ եկել Թուրքիա, ի՞նչ նպատակով  եմ կարգուկանոն խախտել Սոֆիայում, ինչու՞ եմ վիրավորել հսկիչ ոստիկաններին, հանդիսանու՞մ եմ արդյոք որևէ հայկական քաղաքական կուսակցության անդամ, ինչ-որ մեկի հետ նախապես պայմանավորվա՞ծ է եղել արդյոք իմ՝ թուրք ոստիկաններին վիրավորելը, ունե՞մ արդյոք Թուրքիայում հարազատներ կամ ընկերներ, կապ չունե՞մ արդյոք հայկական տեռորիստական կազմակերպությունների հետ (հենց այդպե՛ս), և այլն, և այլն…

Որպես փաստաբան ներկայացած տղամարդը կարող էր նույն հաջողությամբ պանտոմիմայի դերասան ներկայանալ. նա ամբողջ ընթացքում ոչ մի բառ չասաց, անգամ՝ չհարցրեց՝ իմ իրավունքներին այստեղ հո մի բան չի պատահել մինչև իր գալը, այլ միայն գլուխն էր տարուբերում ու կասկածելի ժպտում:

 

“Աչքիս՝ դատվում եմ այստեղ”, - մտածեցի, - “դե ինչ,  умирать, так с музыкой”…

 

“Լավ եմ արել՝ եկել եմ Թուրքիա: Եկել եմ՝  իմ պապերի քաղաքի հետ ծանոթանալու, որանց թողած հետքերն այստեղ ավելի շատ են, քան դուք ենթադրում եք, պարոն սպա:  Չէիք ուզում՝ սահմանից ետ ուղարկեիք: Սոֆիայում կարգուկանոն չեմ խախտել՝ զգուշացրել եմ ձեր անկիրթ աշխատակցին, որ չի կարելի ծաղրել մարդկանց կրոնական զգացումները: Ո՞վ է ծաղրել: Այ, մեր այն ընկերը, որ ինձ բերեց ձեզ մոտ:

Ի՞մ զգացմունքները: Չէ, իմը չէ, մի կնոջ, ով շատ խոնահ ու լուռ աղոթում էր այնտեղ՝ սրբապատկերի առաջ:

Ես ի՞նչ իմանամ՝ ով էր, վայ... Կին էր, էլի, եկել աղթում էր, ի՞նչ կապ ունի՝ ով էր: Չէ, չեմ ճանաչում...

Լսե՛ք, պարո՛ն սպա, եթե չեմ ճանաչում՝ ի՞նչ իմանամ՝ նա կուզի ցուցմունք տալ, թե ոչ:  Ի՞նչ է նշանակում՝ իսկ ինչու էր աղոթում…..??

 

...Այդ տաճարում աղոթել են դեռ ձեր ոստիկանների՝ այդտեղ հայտնվելուց 1000 տարի առաջ, և ես հավատում եմ, որ դեռ էլի են աղոթելու:

 

...Ո՛չ: Ձեր տված լրացուցիչ հարցին պատասխանում եմ, որ ես ինքս չեմ պատրաստվում որևէ ոտնձգություն անել Թուրքիա պետության տարածքային ամբողջականության դեմ և “հավատում եմ, որ դեռ աղոթելու են” ասելով՝ նկատի չունեի, որ ես ինքս պատրաստվում եմ Սուրբ Սոֆիան անջատել Թուրքիայից և ետ տալ հույներին:  Ոչ, բնավ չեմ ծաղրում, պարոն սպա, պատասխանում եմ ձեր տված լրացուցիչ հարցին, ուղղակի՝ մի քիչ ծավալուն:

 

Այո, այո, շարունակում եմ. ուրեմն, ձեր այդ ծառայակիցը ակնհայտ ծաղրում էր այդ կնոջը, որն աղոթում էր տաճարում: Դե, ծաղրելն էլ ինչպես է լինում? Չէ, բարձրաձայն ոչ մի բան չի ասել այդ կնոջը, ի՞նչ պարտադիր է՝ բան ասեր: Ոչ, չգիտեմ, գուցե ռուս էր, գուցե հույն: Ոչ, հաստատ հայ չէր, քանզի հայերն այդպես չեն խաչակնքում: Ես չե՜մ վիարվորել, միայն զուշացրել եմ, որ դա մեղմ ասած լավ բան չէ, և կոչ եմ արել հարգանք ցուցաբերել տուրիստների կրոնական զգացմունքների նկատմամբ:

 

Այո, տուրիստ եմ: Ու՞ր եմ պատրաստվում գնալ: Ստամբուլում արդեն եղա, պատրաստվում եմ գնալ Արևմտյան Հայաստան:

“Թերևս, Դուք նկատի ունեք Արևելյան Անատոլիան”, - հանկարծակի խոժոռվելով հարցրեց սպան անգլերեն:

“Չէ, ես նկատի ունեմ ` ինչ ասացի. Արևմտյան Հայաստան”: 

"Ձեր երկրում դպրոցում աշխարհագրություն լավ չեն սովորեցնում, հայ տուրիստ":

"Ես չգիտեմ՝ աշխարհագրությունն ՝ ինչպես, բայց կարծում եմ, որ ձեզ մոտ էլ պատմություն լավ չեն սովորեցնում":

"Ինչ նկատի ունեք?"

"Արդեն ասացի. կարծում եմ՝ պատմություն լավ չեն սովորեցնում: Իրավունք չունե՞մ այդպես կարծելու"

Նա քթի տակ ժպտաց միայն մի կծու ժպիտով, գլխով արեց թարգմանչին, ու հարցաքննությունը շարունակվեց:

 

“Ոչ մի կուսակցության անդամ չեմ: Հայկական ոչ մի տեռորիստական կազմակերպություն ես չգիտեմ, եթե դուք գիտեք, հուշեք”:

 

(Գրողը տանի, էս երկրում մի հատ Հայաստանի դեսպանություն էլ չկա… Չնայած որ լիներ՝ ի՞նչ... Այլ տեղերում որ կա՝ ի՞նչ օգուտ...)

 

Գնացին՝ ինձ թողնելով գլխաշորով թարգմանչուհու հետ, ով այդ ամբողջ ընթացքում դեմքիս չէր էլ նայել (երևի իրենց ադաթն է այդպիսին):  

 

Մի քառորդ ժամից վերադարձավ ինձ ծանոթ սպան՝ առանց իմ “փաստաբանի”, բայց փոխարենը՝ մեկ ուրիշ տարեց ոստիկանի հետ: Ինչ-որ թուղթ տվեցին, որն ըստ էության լրացման համար նախատեսված բլանկ էր՝ վրան բոլոր դաշտերում թանաքով արդեն լրացված ու կնքված: Թե՝ “Սա ստորագրիր, բնակությանդ հասցեն լատինատառ մեծատառերով գրիր, ու դու ազատ ես”: 

 

Թարգմանչուհին բացատրեց, որ դա … դիմում-բողոքն է առ այն, որ հսկիչ-ոստիկանը վիրավորել է տաճարում գտնվող տուրիստին, ես նկատել եմ, ինչի մասին էլ հայտնում եմ իրենց ղեկավարությանը: Դա մեծագույն սիրով  ստորագրեցի՝ նշելով Մոսկվայի տան հասցեն:  Տվեցին մեկ այլ բլանկ, որտեղ գրված էր, որ ինձ հետ վերաբերվել են համարժեք, իմ իրավունքների խախտում տեղի չի ունեցել, այդ առումով բողոք չունեմ: Դա էլ ստորագրեցի:  Ապա ինձ ճանապարհեցին աստիճաններով վար՝ առաջին հարկ, որտեղ ինձ սրտատրոփ սպասում էին Անին, քույրս, “Էրմենիստան” Կարոն, ով զարմանալիորեն կոկիկ էր այս անգամ և փորի մազերի հետ չէր խաղում:

Ներքևում, սակայն, սպան մի պահ ոտքը կախ գցեց ու ինձ թևանցուկ մի կողմ տարավ, ապա շատ ցածր շշնջաց.

“Քանի դեռ դա Թուրքիա է՝ ուրեմն Արևելյան Անատոլիա: Հենց ետ կվերցնեք՝ կասեք Արևմտյան Հայաստան: Դե, բարի  ճանապարհ, Սարգիս”:

 

*** ***

 

Թուրք սպան կպել էր կոկորդիցս ու խեղդում էր: Ինձ անհասկանալի ինչ-որ բան անշարժացրել էր ձեռքերս, ես չէի կարողանում դիմադրել, իսկ սա սեղմում էր կոկորդս ու շշնջում. “Դա Արևմտյան Հայաստան չէ, դա Արևելյան Անատոլիա է, հասկացա՞ր՝ սա Թուրքիա է, Թուրքիա՛: Երբ ետ կվերցնեք, այն ժամանակ կասեք Հայաստան: Իսկ մինչ այդ՝ Արևելյան Անատոլիա, Թուրքիա՛, Թուրքիա՛”:  Ես չեմ կարողանում պատասխանել, քանի որ արդեն խեղդվում եմ, ուր որ է՝ կուշաթափվեմ….

 

… “Уважаемые пассажиры, наш самолет совершил посадку в аэропорту Внуково. Просим оставаться на своих местах с застегнутыми ремнями безопасности до  полной остановки самолета...."  Մոսկվա՛: Արդեն Մոսկվայում ենք...   Կյանքում առաջի՛ն անգամ քնել ինքնաթիռի մեջ ու այսպիսի՜ երազ տեսնել, գրո՛ղը տանի… Թուրք ոստիկանի խոսքերը ոնց որ քարի պես դեմ են առել սրտիս.....

Իսկ դա երեք օր առաջ էր՝ այդ ոստիկանը, այդ Սոֆիան, Արևելյան Անատոլիան…. Չէ, աչքիս լավ տպավորվել են թուրք ոստիկանի խոսքերը`  “Երբ  ետ կվերցնեք՝ ա՛յն ժամանակ կասեք Հայաստան….”

*** ***

Մոտ մի ամսից Թուրքիայից նամակ եկավ Մոսկվա, իմ տված հասցեով, Միքայելյան Սարգիսին. “Ստամբուլի ոստիկանության այսինչ բաժինը տեղեկացնում է, որ …. ըստ Ձեր ցուցմունքի, որը տվել էիք …. այսինչ-այսինչ ոստիկանի կողմից այսինչ ամսաթվին  ոստիկանին անհարիր արարք թույլ տալու մասին ….  կատարվել է ծառայողական քննություն և հայտարարվել է նկատողություն”:

 

© Միքայէլ Սարգիս,  07.09.14                    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել