«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ընդամենը մի քանի օր առաջ էին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ներկայությամբ հանդիպել։ Արդյունքը եղավ այն, որ ղարաբաղյան շփման գծում հրադադարը վերահաստատվեց, և սահմանային լարվածությունը թուլացավ. այլևս կրակոցներ չեն հնչում։ Երեկ նոր հանդիպում է տեղի ունեցել Ալիևի և Սարգսյանի միջև, սակայն արդեն Ուելսում՝ պետքարտուղար Ջոն Քերիի ներկայությամբ։ Ինչո՞վ էր տարբերվում այս հանդիպումը նախորդից, ի՞նչ նորություն էր պարունակում այն իր մեջ, և ինչի՞ կհանգեցնի, ի վերջո, այս հանդիպումների շարքը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, օրինակ, դրական է համարում Սարգսյան-Ալիև, հատկապես Մինսկի խմբի անդամ երկրների հետ առանձին-առանձին հանդիպումները։ Մեր դիտարկմանը, թե Պուտինի հետ եռակողմ հանդիպումը մեր սաստող հակադարձումներին զուգահեռ հանգեցրեց այն բանին, որ սահմանային լարվածությունը թուլացավ, կրակոցները դադարեցին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ կրակոցներն իրենց կոնկրետ նպատակներն ունեին, այն է՝ հանդիպումից առաջ Ալիևը ցանկանում էր ինքն ստեղծել այդ իրավիճակն ու, իր իսկ մեթոդների համաձայն, վերագրել դա հայկական կողմին, որպեսզի բանակցությունների ժամանակ նա շահեկան վիճակում լինի, ինչը նրա մոտ չստացվեց:
Իսկ գուցե այս հանդիպումները միտված են արագացնելո՞ւ բանակցային գործընթացն ու հարցին շուտափույթ լուծում տալու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց՝ նշելով, որ, բնականաբար, տարբեր ատյաններում նշվում է, որ մենք բոլորս արագացման կողմնակից ենք, և բոլորն էլ փաստում են նաև, որ կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Ադրբեջանը, բայց եթե արմատական ուսումնասիրություններ ենք կատարում, պարզվում է, որ մեր ագրեսոր հարևանն ինքն է հանդիսանում ձգձգման պատճառը, որովհետև հանդիպումներից անմիջապես հետո ռազմատենչ հայտարարություններ է անում։ Բաղդասարյանը նկատեց, սակայն, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ևս նվազել են այս հանդիպումներից հետո։ Իսկ եթե, ի վերջո, խնդիրը խաղաղ կարգավորմամբ գա որոշակի լուծման, ինչպիսի՞ն է լինելու այն։ Ըստ Վ. Բաղդասարյանի՝ մեր նպատակը, բնականաբար, ԼՂՀ անկախության ճանաչումն է, բայց նաև պատգամավորը չի բացառում, որ կարող են լինել որոշակի փոխզիջումներ, իսկ թե ինչպիսին կլինեն դրանք, դժվարացավ նշել։