Ծանր մանկություն
Ջեքիի ծնողներն ասես նրա կինոնկարների կերպարները լինեն: Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ջեքիի հայրը Չինաստանի նացիոնալիստական կառավարության լրտես էր: Նրա մայր Լի-Լին զբաղվում էր օփիումի վաճառքով: Իր լրտեսական պարտականությունները կատարելու համար՝ Չարլզը ձերբակալեց Լի-Լիին, ապա ամուսնացավ նրա հետ: Ջեքիի հայրը երկու որդի ուներ նախորդ ամուսնությունից, իսկ մայրը՝ երկու դուստր: Իր մեծ ընտանիքին պահելու համար Չարլզը մտավ չինական մաֆիայի մեջ: Երբ կոմունիստները 1949 թ.-ին գրավեցին Չիաստանը, Չարլզը և Լի-Լին Հոնկոնգ փախան՝ թողնելով իրենց 4 երեխաներին: Ջեքիի կենսագիր Մեյբել Չյունգն ասում է, որ սա զարմանալի չէ: Կոմունիստական պաշարումից հետո ողջ Չինաստանով մեկ երեխաները մնում էին լքված: Ջեքին ծնվեց 5 տարի անց: Նրան անվանեցին Չան Կոնսանգ, ինչը նշանակում է «ծնված Հոնկոնգում»: Նրա ծնողները փորձեցին վաճառել նրան մի բրիտանացի բժշկի:
Երբ Ջեքին յոթ տարեկան էր, նրա ծնողները Ավստրալիա ուղևորվեցին՝ այնտեղ աշխատանք որոնելու: Նրանք Ջեքիին թողեցին Հոնկոնգի գիշերօթիկ դպրոցում: Ջեքին սովորում էր ակրոբատիկա, թատերարվեստ, մարտարվեստներ և երաժշտություն: Ցանկացած սխալի համար նա ֆիզիկական պատժի էր ենթարկվում: Գիշերօթիկում չէին սովորեցնում գրել ու կարդալ: Թեպետ ներկայումս Ջեքին կարողանում է խոսել յոթ լեզվով, նա մինչ օրս էլ փորձում է լրացնել գրագիտության բացը: Ութ տարեկանում Ջեքիին դեր շնորհվեց նրա առաջին կինոնկարում, իսկ դպրոցն ավարտելու ժամանակ՝ 1971 թ.-ին, նա արդեն մի քանի կինոնկարում էր նկարահանվել: Որոշ ժամանակ անց նա նկարահանվեց «Հարբած վարպետը» կինոնկարում: Հենց այդ ժամանակ էլ հաջողությունը ժպտաց նրան, և նա աստիճանաբար ավելի ու ավելի մեծ հռչակ ձեռք բերեց:
Գինեսի ռեկորդներ
2012 թ.-ին Ջեքի Չանը Գինեսի 2 ռեկորդ սահմանեց: Դրանցից մեկը նրան տրվեց «Չինական կենդանակերպ» կինոնկարում 15 տարբեր աշխատանք ստանձնելու համար: Այս կինոնկարի ստեղծագործական թիմում Չանը հանդես էր գալիս որպես գրող, ռեժիսոր, գլխավոր դերակատար, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, կինեմատոգրաֆիստ, կոմպոզիտոր, համակարգող և էլ ինչ ասես: Նա Գինեսի մրցանակի է արժանացել նաև իբրև իր գործունեության ընթացքում ամենաշատ ճարպիկ (կասկադյորական) հնարքներ իրականացրած դերասան: Նա ավելի քան 100 կինոնկարում է մասնակցել, և դրանցից յուրաքանչյուրում տասնյակ ճարպիկ հնարքներ ցույց տվել: Այսպիսով, նա մոտ հազար հնարք է կատարել:
Կատարելության ձգտում
Բծախնդիր ռեժիսորների մասին պատմություններ շատ կան: Օրինակ՝ Չարլի Չապլինը «Մեծ քաղաքի լույսերը» կինոնկարի նկարահանման ժամանակ միևնույն տեսարանը նկարահանել է 30 անգամ միայն այն բանի համար, որ վերջնական տարբերակում Վիրջինիա Չերիլը վարդը պահեր հենց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Այնուամենայնիվ, Ջեքի Չանը գերազանցել է բոլոր բծախնդիր ռեժիսորներին: Նրա ֆիլմերից մեկի 10-րոպեանոց տեսարանը նկարահանվել է 2,900 անգամից:
1982 թ. «Վիշապ լորդը» կինոնկարում Ջեքին ստանձնեց ռեժիսորի պարտականությունները: Այս ֆիլմի առաջին տեսարանը նկարահանելու համար հարյուրավոր դուբլեր պահանջվեցին: Ջեքին Գինեսի մրցանակի արժանացավ ամենաշատ դուբլերի համար: Հարցազրույցներից մեկում Չանն ասել է.
Մարդիկ ասում են՝ Ջեքի Չանը դանդաղաշարժ է: Ես միևնույն տեսարանը նկարահանում եմ այնքան, քանի դեռ չեմ ստանում իմ ուզած արդյունքը: Այդպես ես գիտեմ, որ կինոդիտողները կհավանեն այն:
Ճակատագրական հնարք
Ջեքի Չանը հրաշքով փրկվեց մահից 1986 թ.-ին նկարահանված «Աստծո ասպազենքը» կինոնկարի կասկադյորական հնարքի իրականացման ժամանակ: Նկարահանումներրն ընթանում էին Հարավսլավիայում: Այդ հնարքի նկարահանման օրը Ջեքի Չանը տառապում էր ջետլեգից (ժամանակային գոտու փոփոխության համախտանիշ): Այնուամենայնիվ նա անթերի կատարեց ճարպիկ հնարքը՝ ցատկելով պատից ծառի ճյուղին, սակայն նա չհավանեց այդ կադրը և ցանկացավ, որպեսզի այդ տեսարանը կրկին նկարահանվի: Երկրորդ փորձը անհաջողությամբ պսակվեց: Նրան չհաջողվեց հասնել ծառի ճյուղին, և նա վայր ընկավ 12 մետր ցած գտնվող ժայռերի վրա: Արդյունքում Չանը բազմաթիվ վնասվածքներ ստացավ և մասնակիորեն կորցրեց աջ ականջի լսողությունը: Նա ստիպված եղավ գլխի վիրահատության ենթարկվել: Բարեբախտաբար, Չանը ողջ մնաց և շարունակեց իր կինոնկարներով զարմացնել իր եկրպագուներին:



