ArmnewsTV.am-ը գրում է.
Նաիրիտի աշխատակիցները սպասեցին մինչև օգոստոսի վերջ ու 18 ամիս չստացած աշխատավարձի հետևից եկան կառավարություն: Նիստը չսկսած Էներգետիկայի նախարարը ստիպված է խոսել: Իրենք էլ «Ռոսնեֆտ»-ից էին առաջարկ սպասում, բայց ոչ մի ձայն: Գործարանի ուսումնասիրությունը շուտով կամփոփեն ու առաջարկների փաթեթով կներկայանան աշխատակիցներին: Նաիրիտցիներին այս պահին ամենաշատը փաթեթը չէ, որ անհանգստացնում է: Ի վերջո, ե՞րբ կստանան աշխատավարձ, սա է հարցերի հարցը: Պատասխանը ցուցարարների սրտով չէ: Պարտքն ավելի մեծ է, սպասելիքները` նույնպես: Բանակցությունն ավարտվում է, Երվանդ Զախարյանը կառավարության նիստին է շտապում:
Վերջին պահին օրակարգ է մտնում Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը: Հաստատվում է` առանց հարցերի: Վահե Հակոբյանը նշանակվում է Ջրային պետական կոմիտեի նախագահ:
Արդարադատության նախարարն է մոտենում ամբիոնին: Գումար է անհրաժեշտ ամուսնալուծության լրացուցիչ վկայականների համար: Ամուսնալուծվողներն անցած տարվա համեմատ 35 տոկոս ավելացել են: Վարչապետն անհանգիստ է: Հովհաննես Մանուկյանն էլ է անհանգստանում` իր պաշտոնավարման հետ ոչ մի կապ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարում է Սոցիալական հարցերի նախարարի հետ ուսումնասիրել և պարզել պատճառները:
Վիրավորանքի և զրպարտության մասին է խոսք բացվում, ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահն է ակտիվանում: Ամեն հինգշաբթի կառավարություն մտնելիս մի մարդ հայհոյում է իրեն և Գիտության պետական կոմիտեի նախագահին:
Ոստիկանություն դիմել է, Ոստիկանապետը տեղյակ է: Վարչական տուգանք են նշանակել և վերջ: Ռադիկ Մարտիրոսյանն անհանգիստ է. հայոհոյող պապիկն ագրեսիվ է դարձել: Դիմել դատարան` Գլխավոր դատախազն այլ առաջարկ ու լուծում չունի:
Նիստից հետո Գևորգ Կոստանյանն անդրադառնում է իր մասին հրապարակումներին: Վիրավորված չէ, բայց ուզում է պարզաբանել: Մարդու իրավունքների միջազգային դատարանում դատավոր նշանակվելու լուրն իրականության հետ կապ չունի: Գլխավոր դատախազն անուններ չի ասի, կարծում է, որ հասկացողը հասկացավ: Իսկ ինքը կմնա ու կշարունակի նույն ոգով աշխատել:
Տեսանյութը՝ այստեղ



